Աստված սեր է

Աստված սեր է

Շատերը համարում են, որ սերը դիմացինի հանդեպ ջերմ զգացողություններ տածելն է, իրականում սա մարդկային, բայց ոչ քրիստոնեկան սիրո սահմանումն է։ Քրիստոնեական սերը պարզապես զգացմունք չէ, դա գիտակից վերաբերմունք է Աստծո նկատմամբ, այն հոգեվիճակ է։ Այսինքն, մենք կամավոր կերպով համաձայնվում ենք ծառայել ու հավատարիմ մնալ Աստծուն, որովհետև Աստծո ամենամեծ պատվիրանը սերն է։ Ու երբ որոշում ենք Աստծո հետ ապրել, գիտակցում ենք, պատվիրանները պահելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Իսկ Աստծո հետ խաղաղ ապրելու համար, հարկավոր է շուրջդ խաղաղություն տարածել։ Հիշե՛նք, բարի Սամարացու առակը, երբ Սամարացին խնամք ու հոգատարություն ցուցաբերեց ճամփեզրին ընկած անօգնական մարդու նկատմամբ։ Այսկերպ մեզանից յուրաքանչյուրն պետք է սիրի ու անշահախնդիր օգնի դիմացինին։ Սամարացին անկախ ամեն ինչից օգնեց այն մարդուն, ով ուներ օգնության կարիք և դա ցույց է տալիս, թե ինչքան մաքուր է նրա հոգին և որքան սեր կա նրա ներսում։

 

Դժվարությունները հաղթահարելու ճանապարհին, Աստծո հանդեպ հավատը և սերը պետք է ավելի զորեղ լինեն, որ ցանկացած փորձությանը դիմակայեն։ Աստվածաշնչում այս մասին ասվում է․ «Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ․4.16 ): 

 

Գոյություն ունի մեկ պարզ ճշմարտություն՝ սերը բերում է խաղաղություն,  ներքին ներդաշնակություն, Աստծո հետ համեաշխություն, մարդկանց հանդեպ հոգատարություն։ Եվ վերջապես, ՍԵՐԸ գալիս է ապացուցելու, որ բոլորն էլ կարող են սխալներ թույլ տալ, բայց միաժամանակ ներում ստանալ։

  • 2022-04-12
×