«Յաղթող և սուրբ հայրապետ» Ս․ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակի օրն է

«Յաղթող և սուրբ հայրապետ» Ս․ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակի օրն է

Այս տարի դեկտեմբերի 18-ին  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է  Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։Սուրբ Հակոբը Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբերից մեկն է, ով իր ավանդն ունի քրիստոնեության պահպանման ու տարածման գործում։

 

Հետաքրքիր է մեծ սրբի պատմությունը, ով հայտնի էր որպես հրաշագործ։ Երբ Սուրբ Հակոբը Մծբինի եպիսկոպոսն էր, պարսից Շապուհ արքան հարձակում էր սկսել քաղաքի վրա։ Այս տեսնելով՝ բնակիչները դիմեցին սրբին, ով աղոթեց և մոծակների ու մժեղների հսկայական պարս թափվեց հարձակում գործող թշնամու վրա։ Այս ամենից հետո, զորքը, բնականաբար, խուճապահար նահանջեց, իսկ Մծբին քաղաքի բնակիչներն այս տեսնելով՝ փառք տվեցին Աստծուն։ 

 

Ըստ ավանդության՝ Սուրբ Հակոբը գործել է բազմաթիվ հրաշքներ՝ Հիսուս Քրիստոսի անունով բուժելով անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան և այլն:

 

Մեկ այլ ավանդազրույց էլ պատմում է, որ երբ Ռշտունյաց Մանաճիհր իշխանը գերի էր տարել հոգևորականներին և չէր լսել Սուրբ Հակոբի խնդրանքը՝ ազատելու նրանց, սուրբը նզովել  էր նրան։  Դրանից հետո Ռշտունյաց աշխարհում սկսվում է անբերրի տարիների երկարատև շրջան: Սուրբ Հակոբի մահից հետո Ռշտունյաց աշխարհի բնակիչները գալիս են Մծբին և խնդրում նրա նշխարներից՝ հուսով, որ դրանց զորությամբ կհեռացնեն երկրին հասած պատուհասը: Սուրբի նշխարների բերելուց հետո միայն երկիրը ազատվեց աստվածադիր պատուհասից:

 

Սուրբ Հակոբ Հայրապետն օրինակ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Նա իր ժուժկալ կյանքը երբեք չի դավաճանել, թեպետ ունեցել է ճոխ կենցաղ վարելու հնարավորություններ։ Նա իր երկրային կյանքը նվիրել է Աստծուն, անդադար շնորհակալ եղել Տրոջից՝ յուրաքանչյուր շնորհի, քայլի ու օգնության համար։ Սրբի օրինակը հաստատում է աստվածային ճշմարտությունը․ «ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի» (Մատթ․ 25։29)։

 

Սուրբ Գրիգոր Նարեկացին Սուրբ Հակոբին է նվիրել մի շարական՝ «Յաղթող և սուրբ Հայրապետ»։ Առաջարկում ենք ընթերցել մի հատված․

Սուրբ Հակոբին նվիրված շարական ԳԿ

Յաղթող եւ սուրբ Հայրապետ՝

նման մեծն Մովսէս [մարգարէի],

Խաչը, որ մեր պարծանքն է,

դուն բարձրացուցիր իբրեւ ընդդիմամարտ Չարին.

քեզ Երկնքի մէջ՝ Հօր մօտ

բարեխօս ունինք մեզի համար:

Ս. Հոգիին առաքմամբ՝

անապատէն կանչուեցար,

եւ մեծութեան պատիւը առիր

նման մեծն Յովհաննէս [Մկրտիչի],

ու երգակից դարձար հրեշտակներուն.

քեզ Երկնքի մէջ՝ Հօր մօտ

բարեխօս ունինք մեզի համար:

Կարողութիւնը ունեցար հրաշագործութեան

եւ զարմանալի հրաշքներ գործեցիր.

նման մեծն Պետրոս [առաքեալի]

Աստուծոյ կողմէ

Քրիստոսի հօտին համար

հովիւ շնորհուեցար.

քեզ Երկնքի մէջ՝ Հօր մօտ

բարեխօս ունինք մեզի համար:

 

  • 2022-04-12
×