Արքա, ում շնորհիվ քրիստոնեական լույսը տարածվեց ամբողջ աշխարհում

Արքա, ում շնորհիվ քրիստոնեական լույսը տարածվեց ամբողջ աշխարհում

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին հայ արքան է, ով, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Հենց նրա օրոք է ծնվում աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս: Եվ երբ Աբգարը հիվանդանում է, լսած լինելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին և հավատալով Հիսուսին, նրա մոտ ուղարկեց Անանիայն՝ իր նախարարին։

 

Երբ Անանյան Քրիստոսին փոխանցեց Աբգար թագավորի ընծաները և խնդրեց Նրան, որ իրենց հետ գա Եդեսիա Աբգար թագավորի մոտ և բժշկի նրան, Քրիստոս Իր օրհնությունը փոխանցեց թագավորին, և քանի որ Իր առաքելությունը Երուսաղեմում փառավորվելն էր, ուստի չգնաց, սակայն փոխարենը խոստացավ, որ իր աշակերտներից մեկին կուղարկի թագավորի մոտ՝ բժշկելու և Ավետարանը քարոզելու  նպատակով: Այս ողջ ընթացքում սուրհանդակն, ով հմուտ նկարիչ էր, կարողացավ պատկերել Քրիստոսին: Հիսուս, երբ տեսավ նկարը, օրհնեց այն, որն էլ բերեցին Աբգար թագավորին: Ասել է թե՝ Աբգարը տեսավ Քրիստոսին:
Երբ Հիսուսի պատկերը բերվեց Եդեսիա  հայոց Աբգար թագավորը խնամքով պահեց այն: Հետագայում այս պատկերը, ոչ միայն պաշտպանել է իր ժողովրդին, այլ դարձել բազմաթիվ հաղթանակների առաջնորդող սուրբ խորհրդանիշ:

 

Հետագայում Քրիստոսի աշակերտներից Սուրբ Թադեոսը եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին  ու ազատորեն քարոզեց Ավետարանը:  Այդ ամենից հետո, ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին, դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Բոլորը տեսնում էին, թե ինչպես են ամեն օր ավելի կապվում Աստծո հետ ու այսպես հավատացյալների թիվը օրըստօրե աճում էր: Սուրբ Թադեոս առաքյալը Եդեսիայում իր քարոզությունը ավարտելուց հետո քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց կերպասագործ  Ադդեին, ապա ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:

 

Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին՝ հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստվածորդու և Փրկչի:

 

Այսպես Աբգարի հավատը առիթ դարձավ, որ Եդեսիայում, իսկ հետո նաև ողջ Հայոց աշխարհում տարածվի քրիստոնեության լույսը:

 

Աբգար թագավորը մինչև այսօր էլ քրիստոնյաններիս համար իրական օրինակ է։ Հենց նրա օրինակով փորձենք զորացնել մեր հավատը, չվախենաք փորձություններից, այլ ամեն տեղ փնտրենք այն լույսը, որ Քրիստոս է բերում։

 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է Աբգար թագավորի օրինակով իր շրջապատում դառնա այն մարդը, ով կօգնի մնացածներին զորեղանալ հավատի մեջ, ունենալ մեծ կամք ու առաջնորդություն շատերին իր հետևից տանելու համար։   

  • 2022-04-12
×