«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը գրող Արմինե Սարգսյանն է:
-Գրականության Ձեր ընկալումը…
-Գրականությունը, ինչպես արվեստի մյուս ճյուղերը՝ մասնավորապես նկարչությունը և երաժշտությունը, ընկալում եմ իմ ողջ զգայարաններով՝ ստանալով յուրահատուկ էներգետիկա։ Առայժմ միայն գրականության մեջ եմ զգում ինձ, քանզի մանկուց սերտ կապ եմ ունեցել գրքերի բազմագույն աշխարհի հետ և յուրահատուկ կերպով ներքուստ ընկալել եմ պոեզիան... Գրականությունը լեզվի, զգայական ներաշխարհի, հոգեբանության և փիլիսոփայության խիտ գույների հստակ վերարտադրումն է, որն իր ուրույն դերն ունի մարդկային գաղափարական վերաիմաստավորման գործընթացում։ Խոնարհումս մորս հիշատակին, ով մեծ դեր է ունեցել գրքերի հետ իմ առաջին ծանոթության հարցում։
-Ինչպիսի՞ ընթերցող է Արմինե Սարգսյանը: Հատկապես ի՞նչ եք նախընտրում կարդալ վերջին ժամանակներում:
-Մենք չենք ընտրում միայն մեր ծնողներին, ընկերները և մնացած ամեն բան մեր ընտրության հարցն է... Գրքերն էլ մեր ընկերներն են, և ընտրության հարցում շատ զգույշ եմ ու խորաթափանց, քանի որ սխալ գիրքը կարող է ավելորդ ժամանակ խլել՝ տալով միայն դատարկության զգացում, ուստի շուտ կլանվող և մի շնչով ընթերցող չեմ... Ընթերցողի և հեղինակի միջև պիտի լինի ներդաշնակություն։
-Կյանքի լույսն ու ստվերը…
-Կյանքի լույսն ու ստվերը, ինչպես ծնունդն ու մահը, ինչպես սևն ու սպիտակը, ինչպես պայծառն ու խավարը միշտ անխուսափելի են և կերտում են կյանքի մեխանիկան։ Հարկավոր է ներքին լույսը միշտ պահպանել, հոգու արևի շողը փայփայել, չկորցնել սեփական դեմքը, չնմանվել ուրիշներին: Ես գիտեմ՝ դա բնորոշ է ուժեղ և համարձակ անհատներին, ու նրանք երբեք ստվերում չեն մնում. այդ իրենք են ընտրում՝ երբ և որքան պետք է լուսավորել...
Ընդհուպ ստվերի մեջ կա լույս, միայն պետք է ունակ լինել այն տեսնելու, խավարից արևածագեր ծնելու և սևից գույներ ստանալու։
-Ինչպիսի՞ն են հայրենիքի գույները հեռվից…
-Ամեն մի տարիքում հայրենիքի գույներն այլ են... Մանկությունս մեծամասամբ անց եմ կացրել հորս ծննդավայր Թբիլիսիում, որտեղից Երևանս վառ ծիրանագույն էր ու կանչում էր մի ջերմ նվագով։
Հիմա հասուն և կայացած կին լինելով` տեսնում եմ հայրենիքս մոխրագույնի մեջ, նայում եմ առանց վարդագույն ակնոցների (դրանց կրողը երբեք չեմ եղել)։ Անշուշտ, մարդ ցանկանում է իր հայրենիքը հնարավորինս տեսնել պայծառ, ամուր, հզոր։ Սակայն այն ողբերգությունը, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, կրկին բացեց հայի կիսափակ վերքերը...
-Կարոտը…
-Կարոտը տարբերվում է բոլոր զգացումներից, իսկ իր տարրերով շատ խորքային է և ինքնատիպ։ Կարոտը հայրենիքի, քաղաքի, տան, անցյալի, ծնողի հանդեպ, կարոտը երեխայի հանդեպ, ամեն մեկն առանձին ձևաչափով մի աշխարհ է և պահանջում է իմաստություն ու էմոցիոնալ դաշտը կառավարելու արվեստ։ Ես ծանոթ եմ կարոտի բոլոր ձեռագրերին, կարոտի բոլոր ճամփաներով անցել եմ...
Կարոտը մի զգացողություն է, ուր մարդը` անկախ ուժեղ լինելու չափից, կարող է նույնիսկ սայթաքել։
-Ի վերջո, ի՞նչ գույն ունի երջանկությունը:
-Ինձ համար երջանկությունը օվկիանի ծովափրփուր լազուրից մինչև ալպիան լեռների ճերմակագույն շղթան է՝ ամփոփված մանկան առողջ ճիչով, տան խարույկի ջերմությամբ, անկեղծ ժպիտով, ազնիվ ընկերներով, սիրած աշխատանքով և խաղաղ հայրենիքով։
Երջանկությունը գույն ունի՝ գիտեմ,
Բույր ունի ընդհուպ,
Դեմք ունի չքնաղ`
Մանկան աչքերով։
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Եղե՛ք Աստծուն մոտ, հաճախ նայե՛ք վերև. երկնքում կան շատ պատասխաններ…
Ընդհուպ ամենածանր պահերին չկորցնեք Տիրոջ հանդեպ Սերը, Հույսը, Հավատը։
Որքան էլ կյանքը ապտակի, ծնկի բերի, չմնաք ծնկած, միշտ կարելի է ոտքի կանգնել և քայլել առաջ...
Պատրաստեց
Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ