Ծառա՞ ենք, թե՞ որդի

Ծառա՞ ենք, թե՞ որդի

«Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ 4:7)

 

Երբեմն մեր հավատքի ուղով անցնելիս ունենում ենք հարցեր, որոնց թվում լինում է նաև հետևյալը՝ ես Աստծո ծառա՞ն եմ, թե՞ որդին: Աստվածաշունչը հստակորեն տալիս է մեր այս պարզ հարցի պատասխանը։ Օրինակ՝ Պողոս Առաքյալը Գաղատացիներին ուղղված իր նամակում Աստծո որդիներ է կոչում բոլոր քրիստոնյաներիս։ Նա համարում է, որ ժառանգներն ենք Քրիստոսի։

 

Այո՛, որդիներ ենք, Քրիստոսի փրկչական զոհագործության միջոցով որդեգրություն ընդունեցինք և կրկին Աստծո զավակներ կոչվեցինք: Նույն նամակում, որ Առաքյալն ուղղել է Գաղատացիներին, ասված է․ «Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4: 4-5):

 

Ի՞նչ ասել է ընդունել որդեգրությունը: Երբ ասում ենք, որ Աստծո որդիներն ենք, ոչ թե ծառաներ, պետք է հասկանանք, որ սա առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն: Ի՞նչ է պատասխանատությունը, եթե ոչ սեր և ծառայություն: 

 

Օրինակ՝ սիրում ենք մեր երկրային ծնողներին, համարում ենք մեզ նրանց որդիները, և ինչպե՞ս ենք արտահայտում այն: Այո՛, պատասխանատվությամբ: Մենք փորձում ենք մեր ծնողներին ընծայել լավագույնը, շարունակ տեսնել, թե ինչ կցանկանա, որպեսզի կատարենք ու գոհունակություն պատճառենք նրան: Արդյո՞ք սա ծառա լինել է: Բնականաբար ոչ: Չէ՞ որ ծնողն էլ մեզ կյանք է նվիրել, մեր կողքին է եղել մեր դժվար օրերում: Եվ հենց սա՛ է նշանակում որդի լինել՝ լինել պատասխանատու ծնողի հանդեպ՝ ունենալով հենարան, որը հենց ծնողն է: 

 

Նույնն է նաև մեր Երկնային Հոր պարագայում: Մենք ծառա չենք, սակայն Նրա հետ էլ վարվում ենք այնպես, ինչպես մեր երկրային ծնողների հետ: Ոչ թե վախենում ենք, այլ սիրում Նրան։

 

Ողջ հոգով ընծայենք մեզ Երկնային Հոր ժառանգը լինելու կոչմանը, որ տվեց մեզ Աստված՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ։ Ապաշխարությամբ վերաարժևորենք մեր որդեգրության շնորհը։ Չէ՞ որ ինչպես երեխան կարող է մոլորվել, սխալ արարք գործել՝ հարուցելով հոր բարկությունը, այդպես էլ՝ մենք։ Բայց միշտ հնարավորություն ունենք վերադառնալու Նրա  բազումողորմ գիրկը՝ խորը զղջմամբ, ապաշխարությամբ, աղոթքով ու վստահությամբ՝ Նա կընդունի մեզ։ Չէ՞ որ ասված է. «Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ 4:7):

  • 2022-04-12
×