Սիրո՞ւմ ես ինձ

Սիրո՞ւմ ես ինձ

Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալների հիշատակության օրն է 

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալների հիշատակության օրը։ 

 

Սուրբ Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է։ Նա, ինչպես հենց ինքը՝ առաքյալն է վկայում, եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը, ով հետագայում կոչվեց Պողոս, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: 

 

Նրան մկրտել է Սուրբ Անանիա առաքյալը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ՝ գլխատվելով։

 

Իսկ Սուրբ Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր։ Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Աստվածաշնչյան դրվագներից մեկում Քրիստոս Պետրոսին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: 

 

Սուրբ Պետրոս առաքյալը հատկապես հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես կենդանի Աստծո Որդի․ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16։16): Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության վրա, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին։ 

 

Սուրբ Պետրոս առաքյալը հայտնի է նաև ուրացման ու զղջման դրվագից։ Երբ արդեն ուրացել էր Քրիստոսին, «Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, որ նա ասել էր, թե՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ» (Մատթ․ 26։75)։ 

 

Հենց այս իրական զղջումն էլ դարձավ հիմքը, որ արժանանա Քրիստոսի ներմանն ու շարունակի ծառայել Աստծուն։ Այս տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Հարությունից հետո երևալով աշակերտներին՝ Քրիստոս Պետրոսին երեք անգամ հաստատել է տալիս նրա սերը՝ Իր նկատմամբ․ «Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին: Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ: Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»: Հիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին»» (Հովհ․ 21։15-17)։

 

Այս օրը ևս մեկ առիթ է վերահաստատելու Քրիստոսի նկատմամբ մեր հավատը։ Այն թող առիթ դառնա անկեղծ զղջման և դեպի Քրիստոս մեր դարձի։ Մեղք գործելը դեռ վերջը չէ։ Եվ եթե պատրաստ եք անկեղծ զղջման ու ապաշխարության, պատրաստ լինենք նաև շտկելու մեր սխալները և առաքինությամբ ապրելու, քանի որ եթե ցանկանում ենք անցնել հոգին նորոգող ճանապարհով, Քրիստոս մշտապես կհնչեցնի հարցը, թե «սիրո՞ւմ ես ինձ»։

  • 2022-04-12
×