Երբեմն մարդիկ, ցանկանալով զբաղեցնել բարձր պաշտոն ու դիրք, ցանկանալով ավելի մեծ հաջողությունների հասնել, կարծում են, թե ունեն իշխանություն:
Ի՞նչ է, սակայն, իշխանությունը: Արդյո՞ք իշխանությունը տրված է մյուսների հանդեպ մեր առավելությունն ընդգծելու համար: Արդար է Սուրբ Գրքում տրված այս հարցը, թե «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ քեզ տվեց այդ իշխանությունը» (Մարկ․ 11:28):
Այս պարզ հարցը ենթադրում է լուրջ անդրադարձ: Սակայն մի պահ կանգ առնենք ու հանգիստ թողնենք մեր մտքերը: Մեր առաջ թող լինի միայն Մեկի օրինակը՝ այն Մեկի, Ում հավատում ենք ողջ սրտով:
Նա՝ Փրկիչն ուներ ամեն իշխանություն: Նա կարող էր ամենքին նայել որպես իր ծառաներ, կարող էր բոլորին՝ իրրեն հավատացնողներին ծառայեցնել ու օգտագործել՝ իր նպատակի իրականացման ճանապարհին: Քրիստոս, լինելով Երկնային Թագավոր, կարող էր պատվիրել, որ ծառայենք իրեն, սակայն ի՞նչ արեց նա:
Քրիստոս ի՛նքը ծառա դարձավ: Այո՛, Նա իր սիրով ու ողորմածությամբ մեղսավոր մարդուն մաքրեց մեղքերից: Կարողացավ ծառա լինել և մեզ առաջնորդել փրկության: Զուր չենք նրան Փրկիչ կոչում:
Երբ եկավ մեղավորներին դատելու ժամանակը, Քրիստոս չհպարտացավ դատելու իր կարողությամբ ու իշխանությամբ, այլ համբերատար կերպով սիրող հոր պես ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում, այլևս մի մեղանչիր» (Հովհ․8:11):
Այսօր մեր խնդիրն էլ նույնն է՝ օգտագործել մեզ տրված իշխանությունը ոչ թե ի շահ մեզ, այլ ծառայեցնելով նրանց, ովքեր մեզանից մեկն են:
Այսօր մեր խնդիրն է հասկանալը, թե ով է տվել մեզ իշխանություն: Ո՞ւմ է պետք մարդուց տրված իշխանությունը. այն ընդամենը մի դեր է: Իսկ Աստծուց տրված իշխանությունը ոչինչ ավելին չէ, քան ծառայություն ամենքին, սեր ամենքի հանդեպ, համբերություն ու հույս:
Հիշենք, որ իշխանությունը կարող է վերցվել մեզանից, ինչպես որ տրվել է, կարևորը՝ իրական քրիստոնյա, իրական մարդ մնալն է բոլոր դեպքերում: