Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը, հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին: Հենց այս օրը Սուրբ Աննային և Հովակիմին տրվեց ավետիս, որը մանրամասնորեն նկարագրված չէ Սուրբ Գրքում, սակայն փոխանցվել է սրբազան ավանդությամբ։
Պատմվում է, որ Սուրբ Կույս Մարիամի ծնողները երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ Սուրբ Աննան ամուլ էր համարվում։ Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
Նույն տեսիլքը երևում է նաև Սուրբ Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար:
Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում, և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված:
Մեզանից հազարամյակներ առաջ Աստված ցույց տվեց, որ անկեղծ աղոթքը, ամուր հավատն ու վստահությունը կարող են հրաշքներ գործել։ Այդ հրաշքը եղավ Հովակիմի և Աննայի թախանձագին խնդրանքների պատասխանը, որ Աստված տվեց զավակի տեսքով։ Հրեական մի փոքրիկ քաղաքում ծնվեց մի հրաշք, որ կարող է ծնվել յուրաքանչյուրիս տանը, յուրաքանչյուրիս սրտում։
Այսօր էլ կան զույգեր, որոնք զավակներ չեն ունենում ու հուսահատվում են։ Ունեցե՛ք նրանց՝ երկու հավատացյալ սրբերի օրինակը ձեր աչքի առաջ և մի դադարեք աղոթել։ Աղոթքի զորավոր ուժը ունակ է ամեն բանի, և Աստված էլ լսում է անկեղծ հնչած աղոթքները։
Եվ թող որ ինչպես Սուրբ Աննան և Հովակիմը, բոլոր զույգերը լսեն այս բաղձալի ավետիսը։