Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրն է
Այս տարի դեկտեմբերի 4-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակի օրը։
Քրիստոսի համբարձումից և հոգեգալստից հետո Տիրոջ տասներկու աշակերտները շրջեցին ողջ աշխարհով մեկ և ամենուր տարածեցին Քրիստոսի Ավետարանի լույսը: Հայոց աշխարհ եկան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Բարդուղիմեոս առաքյալը եկավ հայոց Գողթն գավառը, որտեղ քարոզեց Քրիստոսի Ավետարանը, ունեցավ բազմաթիվ հետևորդներ, մկրտեց նրանց և այնուհետև այցելեց Աղբակ գավառ որտեղ և ծավալեց իր քարոզչական հետագա գործունեությունը: Թադեոս առաքյալը, աստվածային տնօրինության համաձայն, հոգեգալստից հետո եկավ Աբգար թագավորի մոտ և բժշկեց նրան: Եդեսիայում քարոզելուց հետո եկավ Հայաստանի Արտազ գավառ:
Երանելի առաքյալները, քարոզելով և հաստատելով Քրիստոսի եկեղեցին, հանձն առան նահատակության պսակը և դարձան հավիտենական բարեխոսը հայոց ազգի։ Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդույթ չէ, այլ նախ և առաջ կենդանի վկայություն և կենդանի քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու նահատակությունը երանելի առաքյալները եղան ժամանակակիցը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի քարոզների և հրաշքների: Տեսան Տիրոջ ձերբակալությունը, խաչելությունը և մահը, տխրեցին և հուսահատվեցին: Այնուհետև լսեցին, որ Տիրոջ մարմինը գերեզմանում չէ, ավելի ուշ իմացան, որ Տերը երևացել է կանանց և իրենց եղբայրներին: Այս լուրերն առավել տարակուսանքի մեջ գցեցին առաքյալներին, ովքեր, հավաքված Վերնատան մեջ լսեցին ծանոթ ողջույնը. «Խաղաղություն ձեզ»: Հիսուս, խոսելով իր աշակերտների հետ, ասաց. «Նոր ժամանակներ են սկսվում, եկել է ծառայության ժամը, ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում, գնացե´ք, քարոզեցե´ք, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ»:
Այդ լուսավոր օրը վերջնականապես ամրապնդվեց առաքյալների հավատքը, այն հավատքը, որն այդուհետ Տիրոջ ներկայությունը սահման չի ճանաչելու: Նա ամենուր է, երկնքի ու երկրի անհուններում, Նա կապրի Իր առաքյալների և Իր եկեղեցու մեջ: Ահա այս հավատքով Տիրոջ տասներկու առաքյալները տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ` քարոզելու և մկրտելու Հոր, Որդու և սուրբ Հոգու անվամբ:
Այսօր մենք ոչ միայն կոչված ենք հիշելու առաքյալներին, այլև անցնելու այն ճանապարհով, որին առաջնորդում են մեզ։ Այդ ճանապարհին կարևոր է գիտակցումը, որ Աստծուց խորթացել ենք, բայց ոչ միայն պետք է ցավ ապրել, այլև շրջվել դեմքով դեպի Աստված: Յուրաքանչյուրը կարող է տխրել սեփական անձի, հասարակության, աշխարհում տիրող չարիքի համար, սակայն միայն Աստծուն հավատացողը գիտի այդ ցավի վերապրումով դիմել Կենդանի Աստծուն՝ իմանալով, որ Աստված է իր արարիչը, որ Աստված սիրում է իրեն և մարմնացել է՝ Իր կյանքով, մահվամբ և հարությամբ մեզ փրկելու համար։
Առաքյալների շնորհիվ Աստված բացահայտվեց մեզ, սակայն այդ բացահայտումը հնարավոր է հասկանալ հավատքի շնորհիվ: Իսկ հավատքը ծնվում է Աստծո քաղցից, կարիքից, փնտրտուքից, կամ հանդիպման հրաշքից:
Առաքյալների հիշատակի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի օրը Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան և հավատացյալները կկարողանան իրենց երկրպագությունը մատուցել Սուրբ Գեղարդին։