Երկյուղ ասելով՝ հաճախ ենք բացասական իմաստ դնում դրա մեջ: Արդյո՞ք, սակայն, այդպես է: «Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից» (Սաղմ. 111:1),- ասված է Սուրբ Գրքում: Նաև ասված է, որ «Տիրոջից երկյուղի մեջ զորեղ հույս կա» (Առակ. 14:26) և կամ էլ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 9:10):
Այո՛, վախն իսկապես ունի կործանիչ բնույթ, այն կարող է ստիպել մարդուն ստել, գործել սխալ, ոչ աստվածահաճո արարքներ: Նախ, սակայն, հասկանանք, թե ինչից է ի վերջո առաջանում վախը: Այո՛, մեր խղճից: Մասնավորապես այն ժամանակ, երբ ինքներս մեզ մեղադրում ենք մեր կատարած մեծ ու փոքր հանցանքների համար՝ մտածելով, որ դրա մասին կիմանան շատերը,որ աչդեն իսկ գիտի Աստված:
Իսկ ի՞նչ է երկյուղը: Դա կարծես ոչ թե մեղքին հաջորդող, այլ նախորդող երևույթ լինի, որը զսպում է շատերիս մեղք գործել, որը ետ է պահում վատ արարքներից ու գործերից:
Ուրեմն՝ փաստենք, որ եթե Աստծո հանդեպ երկյուղ ունենք, ուրեմն՝ վախ չենք ունենա: Եվ իսկապես երանելի ենք դառնում մեր երկյուղով, քանի որ նախ գործում ենք ավելի քիչ մեղքեր և ապա հույս ունենում փրկության, աստվածճանաչողության, աստվածահաճության:
Երկյուղ ունենալը ևս քաջություն է: Այն մարդուն չի սահմանափակում, սակայն մշտապես հիշեցնում է, որ մեղք գործելու դեպքում այլևս չի ճաշակելու Աստծո հաճելի ներկայությունը և անցնելու է ապաշխարության բարդ ուղով՝ մինչև որ կրկին հաճելի դառնա Տիրոջը:
Աստծո հանդեպ երկյուղը մեզ առաջնորդում է փրկության և ոչ հուսահաության: Այն մեզ երջանկացնում է, քանի որ տալիս է Աստծո ներկայությունը վայելելու երանելի հնարավորությունը: Եվ ինչպես Պետրոս առաքյալն է ասում. «Եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի, ապա երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ» (Ա Պետրոս 1:17):