Իսրայելի ժողովուրդը քառասուն տարի անապատում դեգերելով՝ ձգտում է հասնել Աստծո՝ Աբրահամին խոստացած երկիրը: Սակայն այդ ընթացքում բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել եգիպտական ստրկությունից, մահանում են: Եվ անգամ Մովսեսը չի արժանանում Ավետյաց Երկիր ոտք դնելուն:
Այսպիսով՝ Տերը թույլ չտվեց, որ նրանցից ոչ մեկը, ում երակներում հոսում էր եգիպտական գերության արյունն, ազատություն ստանա այդ երկրում: Սակայն քառասնամյա դեգերումների ընթացքում ստրկությունը բառացիորեն դուրս էր մղվել: Եվ Իսրայելն Աստծո հրաշքով վերջապես հասավ «մեղր ու կաթ բխեցնող երկիրը», նվաճեց այն, քանզի արդեն բնակեցված էր ուրիշ ցեղերով:
Եվ Աբրահամի որդիները, սփռվելով և բնակություն հաստատելով այդ երկրի երեսին, ինչպես և Եգիպտոսից ելնելու ժամանակ, բացի Աստծուց՝ այլ առաջնորդ և թագավոր չունեին: Եվ հենց այս պատճառով էլ Իսրայելի ժողովուրդը երկար տարիներ երկրային իշխաններ չուներ՝ իրենց թագավորը համարելով Աստծուն:
Առհասարակ պետության կառավարման համակարգն տեսանելի ղեկավար չունենալու դեպքում կոչվում է թեոկրատիա: Բառը կազմված է հունարեն «Թեոս»-«Աստված» և «կրատիա»-«իշխանություն» բառերից, որը միասին կազմված նշանակում է «Աստծո իշխանություն»:
Եվ իրապես Իսրայելը որպես իր միակ կառավարիչ ճանաչում էր միայն Աստվածային իշխանությունը, հետևաբար չուներ որևէ երկրային թագավորի կարիք: Այս ժամանակաշրջանում ժողովրդի համար տեսանելի միավորիչ սկիզբ էին հանդիսանում հատուկ առաջնորդները, որոնց կոչում էին դատավորներ:
Այս ծառայությանը նրանց կարգում էր ժողովուրդը, և այդ մարդիկ աչքի էին ընկնում իրենց իմաստությամբ և հոգևոր ուժով: Դատավորներից շատերն իրապես մեծ ջանքեր ներդրեցին իրենց ցեղակիցների կյանքում հոգևոր-բարոյական սկզբունքները պահպանելու համար:
Սակայն որքան թուլանում էր մարդկանց հավատքն ու աճում պատմական զարգացման խնդիրներն, այնքան իսրայելցիներն ավելի էին գիտակցում թագավորական իշխանության անհրաժեշտությունը:
Եվ այս ամենը բերում է նրան, որ ժողովուրդն ի վերջո իր համար պահանջում է թագավոր: Եվ այսպիսով Քրիստոսի Ծննդից հազար տարի առաջ Սամուել մարգարեն թագավորության է կարգում Սավուղին, ում հաջողվում է մեկ ժողովրդի մեջ միավորել Իսրայելի տասներկու ցեղերը:
Սակայն այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասավ արդեն հաջորդ՝ Դավիթ թագավորի օրոք, ում դարձյալ թագավոր էր օծել Սամուելը: Եվ Դավիթն համախմբեց ժողովրդին, ինչպես նաև հիմնադրեց իր թագավորության մայրաքաղաքը՝ Երուսաղեմը: Սակայն Դավիթը ոչ միայն նշանավոր թագավոր էր, այլև բազում հիանալի աղոթքների, օրհներգերի և երգասացությունների հեղինակ, որոնք էլ հետագայում ստացան հանրահայտ «սաղմոս» անվանումը:
Սակայն գայթակղության կործանարար ուժը չշրջանցեց անգամ նրան՝ Դավիթ թագավորին, և նա նույնպես հայտնվեց մեղքի ճիրաններում: Այսպիսով՝ Դավիթը խենթի պես սիրեց իր զորապետի կնոջը՝ գեղեցկուհի Բերսաբեին, և այդ պատճառով նրա ամուսնուն ուղարկեց այնպիսի մի տեղ, որտեղ մահն անխուսափելի էր:
Բայց Նաթան մարգարեն մերկացրեց Դավթի հանցանքը, և թագավորը խորապես զղջաց իր արարքի համար, և ցավագին ողբալով սկսեց ներում խնդրել Աստծուց: Եվ նրա սրտից անկեղծ հորդացող ապաշպարության ամենից վառ ապացույցն է հիսուներորդ սաղմոսը, որը սկսվում է հետևյալ խոսքերով. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները…»:
Եվ պետք է իմանալ, որ այսօր էլ մեզնից շատերը, շեղվելով բարեպաշտության ճշմարիտ ճանապարհից, իրենց հոգիները թեթևացնում և Աստծո առջև խոստովանում են հենց Դավթի հիսուներորդ ապաշխարության սաղմոսի խոսքերով:
Իսկ ահա Դավթից հետո թագավորի աթոռին է նստում Սողոմոնը, ում օրոք էլ պետությունը հասնում է իր առավելագույն ծաղկման մակարդակին: Սողոմոնը Երուսաղեմում տաճար է կառուցում հանուն միակ և ճշմարիտ Աստծո:
Սողոմոնի մահից հետո թագավորությունը բաժանվում է երկու խմբի՝ Հյուսիսայինի և Հարավայինի: Թագավորության բաժանման պատճառն այն էր, որ իսրայելի ժողովուրդն սկսել էր մոռանալ իր Աստծուն և Նրա այն պատվիրանները, որոնք Մովսեսին տրվեցին Սինա լեռան վրա:
Եվ արդյունքում մարդիկ, գայթակղվելով բազում հրապույրներից, շրջվում են դեպի հեթանոսությունն ու երես թեքում ճշմարիտ Աստծուց: Իսկ այս ամենի հետևանքն են լինում բազում աղետները, որոնք հաջորդում են մեկը մյուսին:
Իսկ Քրիստոսի Ծննդից առաջ 6-րդ դարում Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորը նվաճում է Իսրայելն ու գերևարում հրեաներին: Այս գերությունը տևում է գրեթե 70 տարի: Սակայն Պարսից Կյուրոս թագավորը, հաղթելով Բաբելոնին, հրեաներին թույլ է տալիս կրկին վերադառնալ իրենց երկիրը:
Եվ նրանք դարձյալ բնակություն են հաստատում Երուսաղեմի շուրջը, վերականգնում ավերված տաճարն ու ձեռնամուխ լինում կրոնական կյանքի վերածննդին: Սակայն այս անգամ էլ Ք.ա. 330 թվականին Պաղեստինը գրավում է Ալեքսանդր Մակեդոնացին, և Իսրայելի ժողովուրդը դարձյալ ընկնում է գերության մեջ: Իսկ Ք.ա. 170 թվականին հույն կառավարիչներից մեկը՝ Եպիփանես Անտիոքոսը անարգում է տաճարն ու մարդկանց զրկում աղոթավայրից, ինչի արդյունքում էլ իսրայելցիներից շատերն այլասերվում են և այս անգամ շեղվում դեպի հունական հեթանոսություն:
Պատմության մեջ հայտնի է Մակաբայեցի եղբայրների ապստամբությունը, որոնք քահանայապետ Մատաթիայի ղեկավարությամբ փորձում էին դեն նետել օտարերկրյա լուծը: Բայց Ք.ա.63 թվականին, Պաղեստինն անցնում է Հռոմի իշխանության տակ: Եվ հռոմեացիները շուտով հրեաների գլխին են կարգում Հերովդես թագավորին, որը սակայն վերականգնում է Երուսաղեմի տաճարն ու միավորում ժողովրդին, բայց միևնույնն է այս ամենը տեղի էր ունենում անազատության և օտարերկրյա տիրապետության պայմաններում:
Սակայն այս ամենից բացի չափազանց կարևոր է նաև պարզաբանել թե ով է մարգարեն և ինչ է մարգարեությունը: Այսպիսով՝ մարգարեությունն առավել հաճախ սխալմամբ նույնացվում է ապագայի կանխատեսման հետ:
Իսկ իրականում մարգարեն ամենևին կապ չունի ապագայի գուշակությունների հետ: Մարգարեն ոչ այլ ինչ է, քան պարզապես Աստծո արդարության, և Աստծո կամքի փոխանցողը, ով ոչ թե իր սեփական «շնորհով» գուշակում է ապագան, այլ ընդամենը մարդկանց է փոխանցում Աստծո խոսքը, որը երբեմն կարող է վերաբերել նաև ապագային: Այլ կերպ ասած՝ մարգարեն պաշտոն է, որի առաքելությունն է Աստծո և մարդկանց միջև միջնորդությունը:
Արմեն Չաքմիշյան