Հաղթել աշխարհին

Հաղթել աշխարհին

«Այս բաները ասացի ձեզորպեսզի ինձնով խաղաղություն ունենաքԱյստեղաշխարհում նեղություն պիտի ունենաքսակայն քաջալերվեցեքորովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33):


Սովորաբար, կյանքում հաղթում են նրանք, ովքեր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեծ սեր ու հավատք ունեն:

 

Հիսուս Քրիստոս պատգամում է. «Ես ձեզ հետ եմորպեսզի դուք խաղաղություն ունենաք»Անկեղծ ապաշխարությունը և սերը կարող է մեր կյանքը սրբագրել այնպես, որ կվերագտնենք Աստծո ներկայությունն ու ներքին խաղաղությունը:

 

Մեր կյանքը փնտրտուք է. փնտրում ենք, բայց հաճախ չգիտենք էլ, թե ինչ ենք փնտրում: Քանի երիտասարդ  ենք, մենք նախընտրում ենք հաճույքները, որոնք երբեմն մեզ գցում են մեղքի ճիրանը: Չափահաս տարիքում՝ փնտրում ենք ապահովություն, իմաստություն: Արդեն ծերության օրոք, փառք ենք փնտրում՝ ասելով. «Մենք արդեն մեծ ենք, այլևս մեզ պետք է պատվեն մեր որդիները, մեր թոռներն ու սերունդները»: Այսպես, մենք մշտապես փնտրում ենք, բայց չգիտենք, թե ինչ:

 

Իրականում որպես քրիստոնյաներ միակ բանը, որ պիտի փնտրենք, խաղաղությունն է՝ հոգու և մտքի՝ Աստծո հետ համերաշխության մեջ: Եթե քրիստոնյան խաղաղություն փնտրի, նրան ամեն բան կտրվի: Եվ ստացվում է՝ մեր կյանքի բոլոր փուլերում երբեք չենք փնտրում այդ խաղաղությունը: Օրինակ՝ մեղքի մեջ, որ փափագում ենք մեր երիտասարդության տարիքում, չկա խաղաղություն: Մեզ թվում է, թե մեր զգայարանների հաճույքները բավարարելով՝ մենք պետք է ուրախություն ապրենք: Ո՛չ: Դրա մեջ կա միայն ցավ, վիշտ և նեղություն: Այս հաճույքները ժամանակավոր են ու չեն կարող մեզ հարատև երջանկություն պարգևել: Մինչդեռ խաղաղությունը մշտական է ու հարատև:

 

Մեր առաքելությունն է՝ ճանաչել Փրկիչին և հաղթել աշխարհի փորձություններն ու գայթակղությունները Նրա հանդեպ ունեցած հավատով:

 

Փորձենք գտնել մեր հոգիների մաքրությունը, հանդարտությունն ու ներդաշնակությունը, և այդժամ կվայելենք խաղաղություն: Այն ժամանակ Աստված կերևա մեր սրտերում, և ինչպես մեր Տերը` Հիսուս Քրիստոս է ասում. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8):

  • 2022-03-25
×