Խոսելով Փրկչի մասին` չափազանց կարևոր է նաև խոսել, թե որն է Ասվածամոր դերը մարդկության փրկության գործում, և առհասարակ Սրբազան պատմության մեջ: Պետք է նշել, որ այսօր շատերը, անվերապոհերեն հավատալով Հիսուսին, այդուհանդերձ մակերեսային և ոչ ամբողջական պատկերացում ունեն Կույս Մարիամի մասին: Այս ամենը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ Ավետարաններում չկան այդքան շատ պատումներ նրա մասնակցությամբ:
Աստվածամոր պատմությունից Եկեղեցին առավել տեղեկացված է բանավոր Ավանդությունից, որը սկիզբ է առել դեռևս մինչ առաքելական դարի վաղ քրիստոնեական համայնքներից և փոխանցվել սերնդեսերունդ:
Այսպիսով` Սուրբ Աստվածածնի ավետման պահին արձագանքելով Աստծո՝ մարդկանց հղված ուղերձին՝ Կույս Մարիամը ողջ մարդկության անունից և հանուն նրա փրկության պատասխանեց հեզ համաձայնությամբ:
Կարևոր է իմանալ, որ որքան էլ Աստված կամենար, այդուհանդերձ առանց մարդկային ցեղի համաձայության Նրա Միածին Որդին չէր կարող մարդեղանալ: Եվ երբ Գաբրիել հրեշտակապետը Նազարեթում հայտնվեց Կույս Մարիամին և ավետիս տվեց, որ նրանից կծնվի Աստծո Որդին, Կույս Մարիամը լուռ համաձայնություն տվեց Աստծո կամքին: Եվ սա նրա անձնական պատասխանն էր Աստծո կոչին:
Սակայն Աստվածամայրը մեզնից մեկն էր և սա նշանակում է, որ մենք ինչպես համամարդկային ժառանգության միջոցով կապված ենք ադամական մեղքին, նույնչափ էլ կապված ենք Աստվածամորը, ում խոսքերը հնչեցին ողջ մարդկային ցեղի անունից:
Եվ եթե չլիներ Աստծո կամքին Աստվածամոր լուռ հնազանդությունն, ապա չէր լինի նաև Աստծո Որդու մարդեղացումը, և հետևաբար՝ Հիսուս առանց իր Անարատ Մոր չէր կարող քավել աշխարհի մեղքերը:
Քրիստոսին փրկելով Հերովդեսից՝ Մարիամը իր նշանածի՝ Հովսեփի հետ փախչում է Եգիպտոս, սակայն սուրբ ընտանիքը հետագայում վերադառնում է իր հայրենիքը: Ղուկաս Ավետանիչը պատմում է, թե ինչպես մանուկ Հիսուսին նրա Մայրն ու նշանածը՝ Հովսեփը, տարան Երուսաղեմ, որտեղ նա տաճարում զրուցում էր ծերերի և օրենսգետների հետ՝ զարմացնելով նրանց իր իմաստությամբ:
Այնուհետև մենք Աստվածամորը հանդիպում ենք Գալիլյայի Կանա քաղաքում տեղի ունեցող հարսանեկան խնջույքի ժամանակ, որտեղ Փրկիչը կատարեց իր առաջին հրաշքը՝ գինու վերածելով ջուրը:
Աստվածամորը մենք տեսնում ենք նաև Փրկչի սիրելի աշակերտ Հովհաննեսի հետ Տիրոջ խաչի առջև կանգնած: Եվ Հովհաննեսը Հիսուսից հանձնարարություն ստացավ իր մոտ վերցնելու Աստվածամորը: Սակայն միևնույն ժամանակ Փրկչի մյուս բոլոր աշակերտները, հանձին Հովհաննեսի, որդեգրվում են նրան: Եվ Մարիամը դառնում է Հիսուսի բոլոր աշակերըտների Մայրը, հետևաբար՝ ողջ Եկեղեցու մայրը:
Իսկ Սուրբ Աստվածածնի կյանքի մասին հետագա տեղեկությունները կրկին մեզ հասցնում է Եկեղեցական Ավանդությունը: Եվ Փրկչի Հարություն առնելուց և Համբարձվելուց հետո Կույս Մարիամն ապրում է նրա սիրելի աշակերտ Հովհաննեսի հետ, ինչպես նաև մասնակցում Երուսաղեմում կայանալիք առաքյալների ժողովներին:
Ավանդությունը վկայում է նաև Աստվածամոր երկրային կյանքի երանելի ավարտի մասին, որը Եկեղեցու լեզվով կոչվում է «Ննջումն»: Այսպիսով Աստվածամայրը թողնելով այս աշխարհը հողին չհանձնվեց, այլ նրա մարմինը հրաշքով վերափոխվեց երկինք: Եվ Որդին իր Մորը հոգով և մարմնով ընդունեց երկնային թագավորություն: Նա այսօր էլ Քրիստոսի հետ է և անբաժան նրանից:
Կարևոր է նաև իմանալ, որ Կույս Մարիամի պաշտամունքը սկսվել է Եկեղեցու գոյության առաջին տարիներից: Եվ Նազարեթում պահպանվել է նրա տունը, որը մշտապես եղել է քրիստոնեական համայնքի աղոթատեղին և երկրպագության վայրը: Իսկ հռոմեական կատակոմբերում, որտեղ աղոթքի համար հավաքվում էին առաջին քրիստոնյաները, պատերին կարելի է հայտնաբերել Կույս Մարիամի պատկերները:
Արմեն Չաքմիշյան