Պահքի կարևորությունը

Պահքի կարևորությունը

Շաբաթապահքը սահմանել է Մեծն Ներսեսը՝ Գրիգոր Լուսավորչի թոռը: Հայրապետները ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ծննդյան և Այլակերպության քառասունքները բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ՝ որպես շաբաթապահքեր, և այժմ կա տասնյոթ շաբաթապահք. դրանք են՝ Առաջավորաց, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման, Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի, Հիսնակի, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի, Ծննդյան և Մեծ պահքի յոթ շաբաթները:

 

Պահքը (սնունդից ամբողջական կամ մասնակի հրաժարումը՝ հանուն հոգևոր զարգացման) վաղ Եկեղեցում կրում էր ավելի շատ անհատական բնույթ՝ որպես աղոթքը զորացնող և ապաշխարության համար անհրաժեշտ միջոց։ Որպես պարտադիր երևույթ, պահեցողությունը հանդես եկավ 4-5-րդ դարերում, մինչ այդ լինելով պարտադիր՝ միայն Հարության տոնին մկրտվելու համար պատրաստվող երախաների համար։ Սակայն դարերի փորձը ցույց տվեց ընդհանուր պահեցողության կարևորությունը անհատի հոգևոր կյանքը ճիշտ կազմակերպելու համար։ Եկեղեցին բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա իր հոգևոր ապրումները միախառնել համայնքային փորձառության հետ՝ դառնալով մի մարմին ի Քրիստոս։  

 

Պահեցողության ընթացքը, հատկապես Մեծի Պահոց շրջանը նպատակ ունի օգնել քրիստոնյային՝ վերականգնելու իր հոգու և մարմնի սկզբնական ներդաշնակ վիճակը։ Բանն այն է, որ հոգին ի սկզբանե իշխող դեր ուներ մարդու մեջ, սակայն նախահայրերի մեղանչումից հետո, հոգին կորցրել է իր իշխող դիրքը և մարմնավորը իշխող դեր զբաղեցրել մարդու մեջ։ Պահեցողությունը նպատակ ունի մարմնավոր ցանկությունների բավարարումը հնարավորինս սահմանափակելով՝ զորացնել հոգին հոգևոր սննդով՝ աղոթքով ու աստվածաշնչյան ընթերցումներով, որպեսզի հնարավորություն տա անհատին ավելի լիարժեքորեն հաղորդակից դառնալու Քրիստոսի կյանքին, մահվանն ու հարությանը։

  • 2022-02-05
×