Հոբ Արդարի և Սուրբ Հովհաննես Կարապետի հիշատակի օրն է
Այս տարի սեպտեմբերի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրը։
«Կար մի մարդ` Աստծուց ուղարկված. Նրա անունը` Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1:6-8):
Սուրբ Հովհաննես Կարապետը եկավ Քրիստոսից առաջ՝ Փրկչի գալստյան մասին վկայելու։ Մարդիկ, տեսնելով սրբի անվախ քարոզչությունը, հարցնում էին՝ արդյո՞ք հենց ինքը՝ Հովհաննեսն է Մեսիան։ Նա ժխտում էր և ավելացնում․ «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11): Նա Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է համարվում։ Սուրբ Հովհաննեսին տրվեց շնորհը՝ Քրիստոսին մկրտելու, սակայն արդար ու ազնիվ մարդն, ով իսկապես գտակցում էր Քրիստոսի ով լինելը, համեստաբար ասաց․ «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մaտթ. 3:14): Հիսուսի պնդելուց հետո զիջեց և մկրտեց հայտարարելով. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29)։
Այդպես Սուրբ Հովհաննես Մկրտիչն անձնվիրաբար ծառայեց Քրիստոսին իր ողջ կյանքի ընթացքում։ Իր արդար կյանքով ու աստվածահաճո արարքներով մեծ սուրբը թեև չարչարանքների ենթարկվեց, սակայն ստացավ իր արժանի վարձը՝ սրբադասվելով։
Նույնը եղավ և Հոբի պարագայում։ Նա «ճշմարտախոս էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1)։ Նա ուներ մեծ հարստություն ու ընտանիք։ Սակայն ենթարկվեց փորձության, և զրկվելով հարստությունից, զավակներից՝ հիվանդացավ՝ դառնալով բորոտ։ Այնուհանդերձ նա երբեք չմեղանչեց Աստծո դեմ և անգամ կնոջ դժգոհությանն ի պատասխան՝ ասաց. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10):
Հոբ Արդարն իր օրինակով ցույց է տալիս, որ բոլոր փորձություններից կարելի է դուրս գալ՝ մոտենալով Աստծուն, և ոչ թե չարացած՝ հեռանալով Նրանից։
Երկու արդար սրբերն էլ օրինակ են մեզ համար Աստծուն հաճելի կյանքով ու վարքով ապրելու։ Ուրեմն՝ մենք՝ քրիստոնյաներս էլ աղոթենք, որ արժանի լինենք նրանց զոհողությանն ու խոնարհությանը։