Աստվածածնի երանելիության մասին

Աստվածածնի երանելիության մասին

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը։ Տոնի առթիվ ներկայացնում ենք ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար քահանա, ԱՀԹ Տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի քարոզը։ 

 

Սուրբ Կույսի օրինակը  դարեր շարունակ կերտել ու ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիրն ու դիմագիծը, միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:


Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերները մնացին մեզ՝ հավատացյալներիս, իբրև վկայություն այն բանի, որ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգածությամբ:


Աստվածամոր փառաբանությունը աստվածաշնչային հիմք ունի: Աստվածամայրը Եղիսաբեթի հետ զրույցում ասում է. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,  և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է» (Ղուկ. 1:48):


Եվ ահա, այսօր ամենքս երանի ենք տալիս Տիրամորը, երանի ենք տալիս, քանի որ նա իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց Տիրոջը և Օրենքին` իր հավատարմությունն ու հնազանդությունն  արտահայտելով՝ պարզապես ասելով. «Ես տիրոջ աղախինն եմ, պատրաստ եմ կատարելու Տիրոջ կամքը»:

 

Մեր նախամայրը` Եվան ստեղծվեց անմեղ ու ազատ, սակայն մեղանչեց և կորցրեց դրախտը, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ի՞նչ անուն տալ այս պատմությանը՝ նախամարդու արտաքսո՞ւմ դրախտից, թե՞ Աստծո արտաքսում մարդու սրտից: Աստվածամայրը հակառակն արեց` Աստծուն ընդունեց իր սրտում, իր մեջ, և արդյունքում ծնվեց Քրիստոս՝ իրական ազատ և անմեղ մարդը,  Ով եղավ սկիզբը մեր հոգևոր ծննդյան, մեր փրկության:


Աստվածամոր օրինակն առիթ չէ պարզապես «երանի» տալու, այլ հնարավորություն՝ այդ «երանին» մերը դարձնելու:  Երանի մեզ, եթե կարողանանք մեր հոգու աղքատությամբ Աստծուն փնտրել և Աստվածամոր բարեխոսությամբ հարստանալ: Երանի մեզ, եթե կարողանանք մեր հեզությամբ ու խոնահությամբ Տիրոջը ծառայել, երանի մեզ, եթե կարողանանք, մեր սիրտը մաքրելով, Աստծուն տեսնել, երանի, եթե կարողանանք արդարության և խաղաղության ճանապարհին կանգնել, երանի, եթե մեր ողորմածությամբ Տիրոջ ողորմությանը արժանանաք:


Երանի, որ մեր պայքարը մեզ հասցնի դրախտի դռներին ու Աստվածամոր բարեխոսությամբ այդ դռները բացվեն մեր առաջ, և երանի, որ Տիրոջ ողորմությամբ արժանանանք փրկության:

  • 2022-02-05
×