Զղջման աղոթք

Զղջման աղոթք

Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:

Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

    Մեղանչեցի  հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով):

   Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

 

    Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը  երազական գիջությամբ և անրջական գարշելի  աղտեղությամբ : Մեղանչեցի Աստծո դեմ:

   Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, անհոգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

  Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով:         Մեղանչեցի Աստծո դեմ:

   Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և  գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

   Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

   Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով:Մեղանչեցի Աստծո դեմ:

    Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:

Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ:

  • 2022-03-25
×