Շաբաթվա յուրաքանչյուր օրվա աղոթք

Շաբաթվա յուրաքանչյուր օրվա աղոթք

Երկուշաբթի օրվա աղոթք

Աշխարհաբար

 

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեցինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որնրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ ևմիշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Գրաբար

 

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր քո ամենազաւր և բարձրագոյն բանիւդ բաժանեալ անջրպետեցեր զբազմութիւն ջուրցն ընդ երկուս, և անշուշտամրութեամբ սահմանեցեր զհաստատութիւնն երկնից ի մէջ ջուրցն՝ տեղի զբաւսանացամենայն զուարթնոցն երկնից, անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, ասա՛ բանիւդ այդուիկառ իս, եթէ՝ «Թողեալ լիցին քեզ մեղք քո» [Մատթ. Թ. 5] բազում. քանզի անաւր էնութիւնքիմ բարձրացան քան զգլուխ իմ, և բազմութիւն յանցանաց իմոց ծածկեաց զիս: Չի՛ք չափչարեաց չարասիրիս, և ո՛չ գոյ թիւ թաղծեալ անաւրէնութեանս: Մեկնեա՛ յինէն զյանցանս իմ,Տէ՛ր, և անջրպետեալ վերացո՛ ի վսերէս զվէրս վիրաւորեալ ծառայիս, արա՛ արժանի զանպիտան ծառայս քո երկնից արքայութեանդ՝ առ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսինփառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 


Երեքշաբթի օրվա աղոթք

Աշխարհաբար

 

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորինների սստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին,և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանիթույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն ևմարմնին: Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս,կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից,նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Գրաբար

 

Վերին վայելչութեանցդ վերանորոգող և ստորնայնոցս ստեղծող՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որյայսմ աւուր հրամայեցեր անբաւութեան ջուրցն ժողովիլ ի ժողովս իւրեանց, յորում երևեցաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բուսաւք և տնկաւք, և ծառաւք և ծաղկաւք, և ամենայն բարի պտղաւք յազգս իւրեանց, անկանիմ առաջի քո և խնդրեմ ի քէն՝ թարշամեալս մեղաւք իհոգւոյ ծաղկանցն և անպտուղս ի բարի արգասեացն, հայեա՛ց, Տէ՛ր, ի ստեղծուածս անմեղ մատանցդ, և զգործս անարատ ձեռացդ մի՛ անտես առներ, այլ նախախնամական սիրովդ խնայեա՛ ի խախտեալս և ի տարակուսեալս մեղաւք, զի նետք նենգաւորին խոցոտեցին զիս, և հարան յիս փուշք բանսարկուին, վիրաւորեաց զիս վիշապն ահագին, և թոյնք մահաբեր գազանին թափեցան ի վերայ իմ. չի՛ք ուստեք փրկութիւն, և ո՛չ գոյ բժշկութիւն հոգւոյ և մարմնոյ իմոյ: Արդ, հայցեմ ամենամեղս յամենազաւր տէրութենէդ, բժշկեա՛ զբեկեալ սիրտս և պատեա՛, մարդասէր Տէր, զկարեվէրս. և որպէս այսաւր որոշեցեր զջուրն ի ցամաքէն, նոյնպէս որոշեա՛ յինէն զամենայն անաւրէնութիւնս իմ, և արժանի արա՛ երկնից արքայութեանդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 


Չորեքշաբթի օրվա աղոթք

Աշխարհաբար

 

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար

 

Անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, անճառ ճառագա՛յթ և անհասանելի լո՛յս, և լուսեղինաց դասուցդ յաւրինի՛չ, և լուսաւորացդ երկնից ստեղծո՛ղ,Երրորդութի՛ւն սուրբ, որ յայսմ աւուր գոյացուցեր զարեգակն և զլուսին և զաստեղս, և եդեր զնոսա ի հաստատութիւն երկնից՝ լուսաւորել զարարածս և ցուցանել զժամս և զժամանակս, զաւուրս և զտարիս. և արդ, ես՝ խափանեալս ի լուսոյ և ծածկեալս խաւարաւ մեղաց, հայցեմ յամենալոյս ողորմութենէդ՝ որպէս տարրական լուսաւորացդ շնորհեցեր լոյս, շնորհեա՛ և ինձ յառատ և յանհամեմատ լուսոյդ փոքր մի մասն և բաժին, և փարատեա՛ յինէն զմէգ և զխաւար յանցանաց, և անանց լուսովդ առաջնորդեա՛ ինձ յերկնից արքայութիւնդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին, այժմ ևմիշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

 

Հինգշաբթի օրվա աղոթք

Աշխարհաբար

 

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից: Մի՛ բարկացիր ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

 


Գրաբար

 

Ներող և ներգործող բարեաց, բազմագութ և ողորմած Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր ջրոյն հանել յինքենէ զհոյլս զեռնոց և ձկանց ծովու և թռչնոց երկնից, և աւրհնեցեր զնոսա՝ աճել և բազմանալ, և մինչև ցայսաւր և առ յապա խնամարկես ի վերայ նոցա. և արդ, ես՝ բազմամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, բազմազեղ և ազնուագութ Տէ՛ր, մի՛ անտես առներ զմեղաւորս ի պահպանութենէդ քումմէ և մի՛ մերժեր զյանցաւորս ի պարգևաց քոց, այլ ցո՛յց ինձ զողորմութիւնդ քո և արա՛ առ իս նշան բարութեան: Բա՛րձ զբեռինս բարկացուցանողիս և ազատեա՛ զտառապեալս ի տոռանց մեղաց: Մի՛ բարկանար ինձ, Տէ՛ր, վասն բազում անաւրէնութեան իմոյ, և մի՛ դատապարտեր զդառնացուցիչս վասն անուանդ քում սրբոյ, այլ տու՛ր ձեռն տարաւրինեցելոյս, և հա՛ն ի խորոց անդնդոց զխորասուզեալս մեղաւք, մաքրեա՛ յաղտոյ մեղաց և ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս, զորդիս կորստեան արա՛ որդիս լուսոյ, և զհեռացեալս յարդարութենէ արա՛ մերձաւոր քոց սրբոցն և սիրելեացն, զի ընդ նոսին մտեալ ի հանգիստն մշտնջենաւոր՝ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Ուրբաթ օրվա աղոթք

Աշխարհաբար

 

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ,որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր Քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այսօրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր,հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ Ամենազոր Տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Գրաբար

 

Էապէս բարի և ամենակարող զաւրութիւն՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուրհրամայեցեր երկրի հանել յիւրմէ զգազանս և զանասունս, և զսողունս և զչորքոտանիս՝ յազգս իւրեանց, զվայրենիս և զընտանիս, և յայսմ աւուր արարեր զմարդն անձնիշխան, և կացուցերզնա տէր և իշխան ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց, և եդեր զնա ի դրախտին փափկութեան՝ պահել զպատուէրն, բայց իմ է պատուիրանազանցութիւն նախահաւրն, որով արտաքսեցաք ի պայծառ պատուոյն և ի փափուկ փառացն: Մանաւանդ զի նա մի անգամխաբեցաւ փոքր և թեթև յանցմամբ, իսկ ես անթիւ և մեծամեծ յանցանաւք մեղանչեմանդադար, ուստի և վասն պարտաւորելոյս բարձրացար յայսմ աւուր Բանդ Աստուած իվերայ խաչին: և արդ, աղաչեմ զքեզ, երկայնամիտ և անոխակալ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ,ողորմեա՛ ինձ ողորմեցելւոյս և մեղաւք լցելոյս: Մի՛ ընդ վայր հարկաներ զպատկերս՝ յորփչեցեր, և մի՛ մատներ զիս յաւիտենից տանջանացն՝ զոր ստեղծեր, զի քո եմ, Տէ՛ր, և ի քեզ յուսամ, և ի քէն ակն ունիմ արձակիլ ի կապոյ յանցանացս: Ուստի և հանդիպեցուսցես զիս,Տէ՛ր, թողութեան մեղաց և քաւութեան յանցանաց, և մասնակից արասցես զվրիպեալս արանց արդարոց և ի սկզբանէ ընտրելոցն, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցիցզամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»

  • 2022-03-25
×