Միածին Որդուն

Միածին Որդուն

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս 
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: 
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք: 
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: 
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր: 
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների: 
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, 
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր: 
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: 
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: 
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

 

Ներսես Լամբրոնացի

  • 2022-03-25
×