Աղոթք օրվա ավարտի

Աղոթք օրվա ավարտի

Գրաբար 

Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել: Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս, որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա: 
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս: 
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց: 
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ: 
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան: 
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան քոյ: 
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ: 
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:

 

Աշխարհաբար


Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին: Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

  • 2022-03-25
×