Խաղողօրհնեք

Խաղողօրհնեք

Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:

 

Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է այցելել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից վերափոխվելու մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: 

 

Ապա 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին գալիս ու հայտնում է Աստծո մոտ  փոխվելու մասին: Մինչ հեռանալը Մարիամը խնդրում է Հովհաննեսին Սուրբ Պատարագ մատուցել` իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը հաղորդվելու համար: Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարեց Պատարագի Սուրբ խորհուրդը, և Աստվածածինը բոլորին հայտնեց իր հեռանալու մասին` նշելով իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը:

 

Հովհաննեսը վերցրեց  մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:

Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք: Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:

 

Ամեն տարի Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդունում է բազում ուխտավորների, ովքեր տոնի նախորդ գիշերը կամ առավոտյան ուխտագնացությամբ բարձրանում են եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագին ու խաղողօրհնեքին: Արդեն ավանդույթ դարձած ուխտագնացությանը մասնակցում են հարյուրավոր բնակիչներ: Աստվածածնի վերափոխման տոնին Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ և շատ այլ անուններ տոնելի են:

 

Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է պահքը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

 

Պատրաստեց Արփի ՍԵԹՐԱԿԸ

  • 2022-03-25
×