Քրիստոնեության պահապանը․ Սուրբ Գրիգոր Աստվածաբան

Քրիստոնեության պահապանը․ Սուրբ Գրիգոր Աստվածաբան

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի (Նազիանզացու) հիշատակության օրը։ Նա քրիստոնեության պահապանների շարքում դասվում է մեծագույնների թվին, քանի որ արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանն ու փոխանցմանը ժառանգներին, իսկ հարուստ գրվածքներով մեծ ազդեցություն ունեցել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:

 

Ընդհանրական Եկեղեցու մեծագույն սուրբ Գրիգոր Աստվածաբանը ծնվել է Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում, հոգևորականի՝ եպիսկոպոսի ընտանիքում։ Կեսարիայում, Պաղեստինում, Ալեքսանդրիայում, ապա Աթենքում կրթություն ստանալուց և ճգնակենցաղ կյանքով ապրելուց հետո երբ վերադարձել է հայրենի գյուղաքաղաք, ձեռնադրվել է քահանա՝ հոր կողմից՝ սկսելով հոգևորականի իր առաքելությունը։ Աթենքում նա արդեն ուսումնասիրել էր քրիստոնեությունը, Աստվածաշունչը և ձգտում էր առաքինությունների՝ մերժելով չարիքը։ Սուրբը վարում էր առաքինի կենցաղ։ Այնտեղ սուրբը ծանոթացավ նաև քրիստոնեության մեծագույն սրբերից մեկի՝ Բարսեղ Կեսարացու հետ: Նրանք միասին ուսումնասիրեցին Սուրբ Գիրքը և մերժեցին այն բոլոր գրվածքները, որոնք ենթադրում էին հեթանոսական ավանդություններ։ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ սուրբը կազմում է «Երեք մեծ կապադովկիացիների» եռյակը։

 

Քահանայական ձեռնադրությունից 11 տարի անց Սուրբ Գրիգոր Աստվածաբանը Սուրբ Բարսեղ Կեսարացու ձեռամբ ձեռնադրվեց եպիսկոպոս և նշանակվեց ծառայության Սասիմա քաղաքում:

 

Իր կյանքի վերջին տարներին սակայն, Սուրբ Գրիգորը վերադարձավ Նազիանզ և նվիրվեց ստեղծագործական աշխատանքի: Մեծ է գրական ժառանգությունը, որն ավանդվել է մեզ սրբի կողմից և որի մեծ մասը հայերեն է թարգմանվել 5-8-րդ դարերում: Հայերեն թարգմանությունների մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին:

 

Սուրբն իր կյանքն ապրեց՝ պահպանելով քրիստոնեության մաքրամաքուր արժեքները, և մահից հետո անգամ հորից ժառանգած ողջ հարստությունը կտակեց Նազիանզի եկեղեցուն` իբրև խնամակալություն աղքատների: Ողջ կյանքի ընթացքում սուրբը հավատարմ մնաց Քրիստոսի ավանդած արժեքներին, ապրեց խանորհությամբ՝ իբրև ծառա՝ մահից հետո սրբադասվելով և Տիրոջից ստանալով իր վարձքը։ «Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի» (Հովհ. 15:16),- ասված է Սուրբ Գրքում։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանն այդ ընտրյալներից եղավ և քաջ գիտակցեց ընտրյալ լինելու ողջ պատասխանատվությունը։

 

Փորձենք արժանի լինել սրբի ավանդած ժառանգությունը և պահպանենք այն ամենը, ինչ փոխանցվել է նրանից և Եկեղեցու հայրերից մեզ՝ իբրև հոգևոր ժառանգություն։ 

 
  • 2022-03-25
×