Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակը:
«Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղատ. 4:7): Ըստ Սուրբ Գրքի հետևյալ պատգամի, երբ Տեր Աստծուն հավատում ենք, ինչպես մեր ծնողին, ապա դառնում ենք նաև Նրա ժառանգության կրողն ու փոխանցողը: Ահա, սրբերը, ում հիշատակության օրն է այսօր, քաջ գիտակցում էին այս պատգամի արժեքն ու պատասխանատվությունը՝ դառնալով Աստծո խոսքի կրողն ու փոխանցողը: Աստվածաշնչյան այս տողերը, թե «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12:26), կարծես ասված լինեն հենց սրբերի կյանքի, կենսակերպի մասին: Ապրելով աստվածահաճո կյանքով՝ նրանք այսօր դասված են երանելի սրբերի շարքին:
Սրբերի հիշատակության այս օրը մեզ՝ քրիստոնյաներիս համար ևս մեկ առիթ է, որպեսզի արժևորենք մեր հոգևոր ժառանգությունը: Արդյո՞ք մենք էլ Լուսավորչի սերունդները չենք և կոչված չենք պահպանել դարերով ավանդվածը: Աստված, այո՛, միայն մեր խնդրանքներն ու իղձերը կատարողը չէ: Որպես մեր Հոր՝ Նրա ժառանգությունը ևս հանձնված է մեր պահպանությանը: Չենք կարող անարժան զավակ գտնվել և չգնահատել այն:
Մեր Երկնային Հայրը, ում ժառանգներն ենք մենք, ամենագետ է և ամենատես, Նա ներում է մեր բոլոր մեղքերն ու առաջնորդում մեր կյանքի ծանր օրերում: Չպահպանել Նրանից փոխանցված ավանդը, կնշանակի՝ դադարել զավակ լինելուց, իսկ դադարել զավակ լինելուց՝ կնշանակի՝ զրկվել նաև Տիրոջ մշտական ներկայությունից մեր կյանքում:
Աստծո բոլոր զավակները՝ սկսած Միածին Որդուց մինչ Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիներն ու թոռները, անցել են ծանր զրկանքների ճանապարհ՝ ուրանալով իրենց անձն ու քայլելով դժվարին ճանապարհով: Այդպես ասաց նաև Ինքը՝ Քրիստոս. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24):
Ընդունենք, որ մեր ճանապարհը հարթ չի լինելու, և խոնարհությամբ քայլենք այդ ուղով՝ ոչ որպես զրկանք, այլ որպես առաքելություն: Լինենք սրբերի սխրանքին արժանի մեր կյանքով ու գործունեությամբ: Անդադար աղոթենք, որ կարողանանք երբևէ դառնալ Աստծո որդիներն ու ժառանգները: