Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը և Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը:
Հունիսի 26-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը:
Պատմահայր Մովսես Խորենացին Տրդատին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր: Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի անունները:
Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Ս․ Գրիգոր Լուսավորչին և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ այդ ամենի հետևանքով թագավորն ու նախարարները պատժվել են «Տիրոջ պատուհասով». արքան դիվահարվել է:
Հետագայում, Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում:
Վաղարշապատ բերված Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարների աղաչանքին, բուժել է նրանց: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի և Ս. Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ-ն, հակառակ դաշնակից Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն:
Տրդատ Գ-ն պետական հիմքերի վրա է դրել Հայոց եկեղեցապետի ընտրությունը. հրավիրել է հայ ավագանու ժողով, Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորական իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժի