Սուրբ Կոստանդիանոս թագավորի և նրա մոր` Հեղինեի հիշատակության օրն է այսօր

Սուրբ Կոստանդիանոս թագավորի և նրա մոր` Հեղինեի հիշատակության օրն է այսօր

Հայ պատմամշակութային և եկեղեցական ավանդույթում Կոստանդին Մեծի կերպարը սերտորեն կապված է հայերիս քրիստոնեության դարձի պատմության հետ:

 

Հայոց պատմագրության մեջ Կոստանդիանոս կայսրը հիշատակվում է որպես եկեղեցաշեն, Աստծո կողմից օծեալ և իր գահին արժանի մի կերպար, ում բարձրյալը շնորհել է խաչանշան երկնային տեսիլք, որի օգնությամբ էլ նա հաղթել է քրիստոնյաների բոլոր թշնամի բռնապետներին և իր մայր Հեղինեին ուղարկել է Երուսաղեմ խաչափայտը գտնելու:

 

Ս. Հեղինեն Եկեղեցու կյանքում փայլեց ոչ միայն իր առաքինի վարքով և իր որդուն դեպի քրիստոնեական հավատն ուղղորդելով, այլև այն մեծ ու եզակի առաքելությամբ, որի շնորհիվ առավել փառավորվեց քրիստոնեությունը, և առավել պայծառացավ Եկեղեցու փառքը:

 

Պատմագրական աղբյուրները նշում են, որ երբ Տրդատ արքան և Գ. Լուսավորիչը վերադառնում են Կոստանդին կայսեր մոտ կատարած այցելությունից՝ «բոլոր եկեղեցիներում տոնակատարություններ կատարվեցին և յուրաքանչյուր դիպտիքոնի մեջ տալիս էին մեծ կայսեր Կոստանդինի, նրա քրիստոսասեր մոր ՝ Հեղինեի անունը, որպեսզի անարատ հաղորդության սուրբ խորհրդում նրանց հիշատակը հավերժ լինի»:

 

Այս շրջանում է, որ Ս. Խաչի պաշտանմունքի զարգացմանը զուգահեռ ձևավորվում և կարևորվում է կայսեր և իր մոր միասնական հիշատակումը, որոնք այլևս անբաժանելիորեն հանդես են գալիս Խաչափայտի մասունքի ու պաշտանմունքի հետ գաղափարական և աստվածաբանական միասնության համատեքստում:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-03-25
×