Էջ Միածինն ի Հօրէ

Էջ Միածինն ի Հօրէ

«Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կան»:
Առաքել Դավրիժեցի
17-րդ դ., պատմիչ

 

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնն է այսօր նշում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Տաճարի հիմնադրման ավանդությունը մեզ փոխանցում է այն դրվագը երբ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչին տեսիլք տեսավ, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը:  Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմեց հայոց Տրդատ արքային: Հետագայում, հենց նրա հովանավորությամբ կառուցվեց Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվեց Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցեցին նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: 

 

Ի՞նչ է, ուրեմն, Եկեղեցին մեզ համար: Եկեղեցին, այո՛, Աստծո տունն է: Այն նաև մի վայր է, ուր գտնում ենք ինքներս մեզ, սկսում ճանաչել: Շատ փորձեր են կատարվել՝ Եկեղեցին ավերելու ու կործանելու, շատերն են փորձել ոչնչացնել Աստծո տունը երկրի վրա, որպեսզի այն փոխարինեն չարի ծուղակներով: Սակայն Եկեղեցին մշտապես կանգուն է մնացել՝ դառնալով հենարան իր զավակների համար: Սուրբ Գրքում էլ ասված է.  «Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած» (Ղուկաս 6:48):

 

Մեր Եկեղեցին մեր տունն է, ինքնությունը: Պահպանենք այն և ավանդենք մեր սերունդներին, ինչպես և արել են մեր նախնիները՝ հարկ եղած դեպքում անգամ իրենց կյանքը չխնայելով՝ հանուն Եկեղեցու փրկության:

 

Էջ Միածինն ի Հօրէ

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,

ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,

պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:

Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.

քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-03-25
×