Սուրբ Հռիփսիմյանց հիշատակության օր

Սուրբ Հռիփսիմյանց հիշատակության օր

Ինչպես գիտենք սուրբ Հռիփսիմյանք և սուրբ Գայանյանք 37 նահատակ կույսեր են, սակայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Տոնացույցով երկու տոն է նվիրված նրանց հիշատակին, որովհետև նահատակվել են երկու օրվա ընթացքում` միմյանցից անջատ երկու խմբով:

 

Ըստ պատմական տեղեկությունների՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսրը ցանկանում է ամուսնանալ և մարդիկ է ուղարկում կայսրության բոլոր կողմերը` գտնելու և իր մոտ բերելու կանանցից գեղեցկագույնին: Կայսեր առավել դուր է գալիս հրաշագեղ Հռիփսիմեն, ով շուրջ 300 կույսերի հետ աղոթական կյանքով ապրում էր Ս. Պողոսի վանքում, որտեղի մայրապետը Գայանեն էր` Հռիփսիմեի դաստիարակը: Դիոկղետիանոս կայսրը, տեսնելով չքնաղ կույսի պատկերը, ցանկանում է կնության առնել Հռիփսիմեին: Իմանալով կայսեր այս մտադրության մասին` Գայանեն, Հռիփսիմեն և շուրջ 70 կույսեր ու քահանաներ, գիշերով թողնում են Ս. Պողոսի վանքը և հեռանում նախ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, այնուհետև` անցնում Երուսաղեմ:

 

 Դիոկղետիանոս կայսրը Հռիփսիմեին գտնելու և վերադարձնելու համար ջանք չի խնայում: Երբ պարզ է դառնում, որ կույսերը հեռացել են կայսրության սահմաններից` սուրհանդակները գալիս են նաև Հայաստան և հայոց թագավոր Տրդատ Գ-ին հանձնում կայսեր նամակը, որում վերջինս խնդրում է Տրդատից գտնել Հռիփսիմեին և հետ ուղարկել կամ էլ, եթե գեղանի կույսը Տրդատին հաճո երևա, կարող է ինքն ամուսնանալ նրա հետ: Կույսին գտնելուց հետո Տրդատը, գերվելով Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն Հռիփսիմեն համառորեն դիմադրում է:

 

Վերջինիս հրամանով պալատ են բերում Գայանեին` հրամայելով նրան համոզել իր սանուհուն, սակայն Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է Հռիփսիմեին` հաստատուն մնալ և չփոխել երկնային երջանկությունը երկրային ժամանակավոր փառքի ու վայելքի հետ:

 

Այդ խոսքերի համար Գայանեին գանահարում և քարերով կոտրում են բերանը, որից հետո էլ իր երկու ընկերուհիների հետ բանտարկում: Կարճ ժամանակ անց անմարդկային չարչարանքներից ու կտտանքներից հետո նահատակվում է նաև Հռիփսիմեն:

 

Կույսերի մարմինները թագավորի հրամանով մնում են անթաղ, սակայն ոչ մի գազան կամ գիշակեր թռչուն չի մոտենում նրանց, և նրանք չեն ապականվում: Միայն ինն օր հետո վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորիչը ամփոփում է մարտիրոսուհիների մարմինները վկայարաններում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-03-25
×