Այս օրերին հաճախ է շահարկվում հպարտությունը՝ որպես դրական հատկանիշ: «Հպարտ եմ»,- ասում ենք մենք՝ առանց վայրկյան իսկ վարանելու՝ այն առաքինություն է, թե չարիք: Սակայն քրիստոնեության մեջ հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է:
Եթե հպարտությունը դրական հատկանիշ է, ինչո՞ւ է համարվել մահացու մեղք: Աստվածաշնչում ասվում է. «Նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղուկ. 14:11)։ Հպարտությունը որևէ կերպ աղերս չունի խոնարհության հետ, ընդհակառակը՝ այն վերջինիս հականիշն է համարվում: Եվ երբ ասում ենք, թե հպարտ ենք, իրականում մեր հասցեին ոչ թե գովեստի, այլ պարսավանքի խոսք ենք հնչեցնում: Եթե քրիստոնյա ենք՝ Քրիստոսի արժանի հետևորդ, ուրեմն՝ ձգտում ենք նմանվել Քրիստոսին, մոտենալ Նրան, հաղորդակից լինել Աստվածային զորությանը: Սակայն միաժամանակ ընկնում ենք հպարտության մեղքի մեջ՝ այն մեղք չհամարելով:
Հովհան Ոսկեբերանն այս կերպ է բնորոշել հպարտության մահացու մեղքը․ «Հպարտությունը ստորջրյա ժայռի է նման,որին բախվելով կործանվել են նույնիսկ նրանք, որոնք երկար ժամանակ դիմակայել են զանազան մոլությունների ու փորձությունների»: Մենք հպարտությամբ ցանկանում ենք հաճելի լինել ոմանց, ինչը մեզ մղում է մի շարք քայլերի, որոնք կրկին ունեն մեղքի բաղադրիչներ: Մենք այդպիսով հեռանում ենք ինքներս մեզնից և Տիրոջից:
Մինչդեռ Քրիստոս ուսուցանում է մեզ հակառակը: Նա իր խոնարհությամբ մինչև անգամ խաչվեց՝ մարդկության մեղքերի համար՝ երբեք չգերադասելով իր անձը: Քրիստոս իր օրինակով մեզ սովորեցրեց խոնարհությունը դարձնել վահան՝ չարի նկատմամբ, և ոչ թե հպարտությամբ դառնալ չարագործներ:
Ուրեմն՝ այսուհետ ասելիս, թե հպարտ ենք, մի անգամ ևս մտածենք այս մասին՝ արդյո՞ք դրանով դեմ չենք գնում մեր Տիրոջը: Եվ թող չարի դեմ կանգնենք ոչ թե խոնարհվելով նրան հպարտությամբ, այլ որպես վահան ունենալով մեր խոնարհությունը: