«Ո՜վ մեղսագործ, հույսդ դիր ապաշխարության վրա, կառչիր դրանից, ինչպես նավաբեկյալը փրկարար տախտակից: Այն քեզ դուրս կբերի մեղքերի անդունդից և կհասցնի աստվածային ողորմածության նավահանգիստը»։
Տերտուղիանոս
Մարդ արարածը բազմիցս կամա թե ակամա, ուղղակի կամ անուղղակի մեղքի իշխանության տակ է ընկնում, Աստծո կամքին հակառակ ընթանում ու կյանքի դառը փորձությունների հետ բախվում։
Ցավոք, այսօր մեր ժողովրդի մեջ դարձի և ապաշխարության պահանջը խիստ մեծացել է: Ատելությունը, մեղադրանքները, բամբասանքը, նախանձը, շողոքորթությունն ու կեղծավարությունը դարձել են մարդկային հարաբերությունների ու շփումների հիմնական դրդիչ ուժն ու կենսաձևը:
Ահա՛, այսպիսի իրավիճակներում է, որ կարևոր է դառնում հոգու փրկությունը, ինչին հնարավոր է հասնել ապաշխարության ճանապարհով։
Ի՞նչ է նշանակում ապաշխարել. ապա-աշխարել, այսինքն՝ հետո լալ, ողբալ, կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի համար պատասխանատվություն ստանձնել՝ շտկելով այն։
Ըստ եկեղեցական հայրերի՝ ապաշխարությունը պետք է տարբերել խոստովանությունից, քանզի առանց անկեղծ խոստովանության չի կարելի ապաշխարել, և առանց անկեղծ զղջման և խոստովանանքի ապաշխարությունն արժեզրկվում է:
Մեղքից ապաշխարելը հեշտ չէ, բայց խոնարհ աղոթքը կհեշտացնի՝ մեղքից ազատվելու ու Աստծո հետ ապրելու մեր տենչը։ Որպես ներման անհրաժեշտ պայմաններ, նախ պետք է լինի մեղքի ճանաչում, զղջում, ապա խոստովանություն:
Այսպիսով, երբ Հիսուս ասաց «ապաշխարեք», Նա խնդրեց մեզ փոխվել` փոխել մեր միտքը, գիտելիքը և հոգին:
Մատթեոսի Ավետարանում ընթերցում ենք Քրիտոսի պատգամը. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»: Քրիստոս ընդգծում էր, որ Հայրն Իր անսահման սիրով և գթառատությամբ հոգ է տանում մեղսավորների, մոլորյալների փրկության մասին, սպասում նրանց դարձի գալուն. «Ձեզ ինչպես է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լեռան վրա չի թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի վրա, որ մոլորված չեն» (Մատթ. 18:12-13):
Աստված անսահման սեր և բարություն է, ինչն էլ թույլ է տալիս մեզ հուսալու, որ մեր մեղքերը, հանցանքները ներված կլինեն, և Տիրոջ անսպառ ողորմածությունը կպարուրի մեզ. «Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց» (Սաղմոսներ 31):
Մեզանից ամենքը, թող հենց այսօրվանից փորձի հոգեպես նորոգվել և իր կյանքում զորացնի սերը, բարեպաշտությունն ու գթասրտությունը, միայն այս ճանապարհով կկարողանանք արժանի լինել Տիրոջը և Նրա օրհնություններին: