Ավետարանական այս դրվագում Տեր Հիսուս Քրիստոս քայլում էր Երուսաղեմում իր աշակերտների հետ: Աշակերտները սկսեցին ձեռքով հասկեր պոկել և ուտել, ինչը և տեսնելով՝ փարիսեցիները Քրիստոսին ասացին, թե Նրա աշակերտները շաբաթ օրով անում են մի բան, ինչն օրինավոր չէ: Քրիստոս, ի պատասխան փարսիեցիների մեղադրանքների, ասաց. «Եվ եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի» (Մատթ. 12:7)։
Քրիստոս սրանով, կարևորում է հավատքի գործնական դրսևորումը, որի կարևոր պայմանը ողորմածությունն է: «Եթե չունեմ ողորմություն տալու շնորհը, չունեմ ոչինչ»,- հենց այսպես պետք է մտածի յուրաքանչյուր քրիստոնյա՝ հավատքի հաստատման իր ճանապարհին: Հովհան Ոսկեբերանը ողորմության մասին ասում է. «Ողորմություն տվողին ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված է»:
Քրիստոս կարևորում է ողորմածներին՝ հիշատակելով նրանց անգամ ինը երանիներում. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5: 7): Տիրոջից ստացած այս պատգամը մեկ անգամ էլ մեզ ուղղորդում է դեպի մեր իրական առաքելությունը, որից պետք է փորձենք չշեղվել բոլոր պարագաներում՝ մեր իսկ օրինակով փորձելով վերացնել մշտապես տիրող անհավասարությունը մարդկության միջև: Միաժամանակ ողորմած լինել պետք է փորձենք ոչ թե ի ցույց մարդկության, այլ ճիշտ հակառակը, որպեսզի կատարածն իսկապես ողորմություն համարվի:
Եվս մեկ անգամ խորհենք մեր՝ մարդ կոչման շուրջ: Եվ թող որ մեր ծածուկ ողորմությունը մեզ էլ ավելի հաստատի մարդ և քրիստոնյա կոչման մեջ՝ արժանացնելով մեզ վարձքի, որ պիտի գտնենք երկնային արքայությունում: