Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը

Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը

Պատկերը որպես տեքստի բանալի


Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել 1666-1668 թթ.՝ Ամստերդամում, «Ս. Էջմիածին և Ս. Սարգիս Զորավար» տպարանում՝  Ոսկան Երևանցու ջանքերի շնորհիվ: Տպագիր Աստվածաշունչը հայ հնատիպ գրքերի մեջ առաջինն էր իր մեծաքանակ տպագրությամբ, որակական հատկանիշներով և, իհարկե, գեղարվեստական հարդարանքով: Այն առավել մոտ է ժամանակի եվրոպական հրատարակություններին և ունի հարուստ նկարազարդում՝ 159 փորագրապատկեր, գեղեցիկ կազմություն:  Գիրքը կառուցված է  Սուրբ Գրքի պատկերային մեկնությամբ, ուր տեքստին զուգահեռ ծավալվում է նաև գեղարվեստական պատումը: Պատկերները գրեթե ամեն գլխի սկզբում վերածվում են տվյալ գլխի խորհրդաբանական իմաստը բացահայտող բանալու: Ոսկանյան Աստվածաշունչը զարդարող գրեթե բոլոր նկարները ծագումով գերմանացի և Հոլանդիայում ստեղծագործած Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են: Վերջինս հայտնի է եղել որպես գրքերի փորագրանկարիչ և կատարել է կրոնական թեմաներով բարոկկո ոճի կոմպոզիցիաներ, դիմանկարչական շարքեր, զարդափորագրություններ: Անհատական փորագրանկարներից բացի նա բազմաթիվ ընդօրինակումներ է կատարել ժամանակի հայտնի գեղանկարիչ-գծանկարիչներից, ինչպես օրինակ` Ալբրեխտ Դյուրերի,  Աբրահամ Վլոմարտի և Հենիրիկ Գոլցիուսի: Օրինակ՝ գերմանական վերածննդի ամենաճանաչված ներկայացուցիչ Ալբրեխտ Դյուրերի հայտնի «Ապոկալիպսիս» շարքի 15 փայտափորագրապատկերներից 12-ի  կրկնօրինակները տեղ են գտել նաև Ոսկան Երևանցու Աստվածաշունչ մատյանի Նոր կտակարանի վերջին` «Յայտնութիւն Երանելոյն Յօհաննու  առաքելոյ» գրքում:

 

Փորագրապատկերների ընտրությունը

 

  Ոսկանյան տպարանի հրատարակությունների  հարուստ հիշատակարանները տեղեկություններ չեն տալիս, թե ինչպես են  ընտրվել կամ ձեռք բերվել գրքերի փորագրապատկերները: Հայտնի է, որ Ոսկանյան Աստվածաշնչի փորագրապատկերների 100 օրինակ օգտագործվել է  դեռևս Ոսկանի նախորդների`  Մաթևոս Ծարեցու և Ավետիս Ղլիճեցու հրատարակած անդրանիկ «Յիսուս Որդի» գրքում (1660-1661 թթ): Չմոռանանք նաև, որ Ոսկանյան տպարանը հիմնվեց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի պատվերով ու նախաձեռնությամբ և ֆինանսավորվում էր մեծահարուստ ջուղայեցի վաճառականների կողմից: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը անմիջականորեն կապվում է Նոր Ջուղայի հետ, որի եկեղեցիները  1650-ական թթ. հարուստ նկարազարդվում էին եվրոպական  տպագիր գրքերի փորագրապատկերների կոմպոզիցիաները կրկնող որմնանկարներով:
 

Զարդաձևերը

 

Բացի փորագրապատկերներից Ոսկանյան Աստվածաշունչը հարստացված է նաև զարդանախշերով, որոնք կատարման տեխնիկայով բաժանվում են երկու խմբի` բարձր և խոր փորագիր կլիշեներից կատարված զարդեր: Ոսկան Երևանցին խուսափել է հայկական լուսանցազարդերի և զարդաձևերի օգտագործումից` նախապատվությունը տալով եվրոպական գրատպության սկզբունքներին:  Գեղեցիկ և հարուստ նախշված է  գրքի սկզբում տեղադրված տիտղոսաթերթը, այնուհետև լայն ուղղանկյունաձև ծաղկային, բուսական զարդերով նախշերը շրջանակում են Ավետարանների սկզբում պատկերող տեսարանները, դիմապատկերները:

Ոսկան Երևանցու Աստվածաշնչի  տպագրության ժամանակ յուրաքանչյուր գիրք կազմվում էր առանձին` ըստ գնորդի ցանկության և հնարավորությունների: Այն գրքերը, որոնք  ընծայելու համար էին,  կազմվում էին առավել շքեղ և նրբագեղ: Մեզ է հասել  Ոսկան Երևանցու Սուրբ Գրքի տպագրմանը ժամանակակից  շքեղ կազմով 6 օրինակներ, որոնցից մեկը, օրինակ, Ոսկան Երևանցին կից նամակով ուղղարկել է Ֆրանսիայի թագավոր Լուի XIV-ին: Այս շքեղ օրինակները կատարված են ավանդաբար  նիդեռլանդական կազմերի  գեղարվեստական ոճավորումը համարվող մուգ-դարչնագույն, կարմրավուն մարրոկոյի կաշվի վրա ոսկյա նախշերի դրվագումով: Սովորաբար ծաղկային ցանցկեն զարդերը, տերևները, թռչունների շարքերը, ոլորանախշերը, անկյունազարդերը հաջորդում են իրար, իսկ  կենտրոնում էլիպսաձև  շրջանակի մեջ լուսնի մահիկի վրա կանգնած Մարիամ Աստվածածինն է` շրջապատված 4 հրեշտակներով: Գրքի հակառակ կազմի կենտրոնում փշե պսակով  շրջանակի մեջ Խաչելության տեսարան է. խաչված Հիսուս Քրիստոսն է, աջ և ձախ կողմերում Մարիամն ու Հովհաննես Մկրտիչը:

 

Աստվածաշունչը ոգեշնչման աղբյուր

 

 18-րդ դարում հայ գրքարվեստը ունենում է  Աստվածաշնչի միայն երկու  տպագրություն` Կ. Պոլսում և Վենետիկում, որոնք համարվում են Ոսկանյան օրինակի վերահրատարակությունները: Այս երկու հրատարակությունների գեղարվեստական ձևավորումը հետևում է Ոսկանյան Աստվածաշնչին: Ոսկանյան հրատարակությունները լայն տարածում են գտնում Հայաստանում և հայկական խոշոր գաղթօջախներում, որոնցից փորագրապատկերներ էին կրկնօրինակվում հայ փորագրիչ-տպագրիչների, գրիչ-ծաղկողների, որմանկարիչների, կազմարարների, արծաթագործների, ասեղնագործողների կողմից: 

Ոսկանյան մեծածավալ պատկերազարդ Աստվածաշնչի հրատարակությունը ոչ միայն եկավ լրացնելու հայերեն կրոնական գրականության մեծ պահանջը, որ 16-17-րդ դարերի հայ հոգևոր և աշխարհիկ ուժերին միավորող գաղափարներից  մեկն էր, այլ նաև այն մի նոր էջ բացեց հայ տպագիր գրքի և հայ արվեստի պատմության մեջ:

 

Պատրաստեց Անի ԵՆՈՔՅԱՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող
Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×