«…Մարդկային ընկերավարութեանց սովորութիւնն է, երբ հեռաւոր տեղէ մը գան, իրենց գտնուած երկրի բարիքներէն կամ հազուագիւտ իրերէն ընծայ մի կը բերեն բարեկամին։ Հետեւելով այսմ, երբ Պօլիս եկայ, այս անգամ ուզեցի ընծայ բերել Ձեզ իմ երկրէն։ Ի՜նչ։ Ի՜նչ կը գտնուէր հոն, ուր ես էի. հող եւ ջուր միայն, եւ հողով ու ջրով եւեթ կեանք վարող հայ ժողովուրդ»։
Գարեգին Սրվանձտյան, «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» աշխատության նախերգանքից
19-րդ դարում օտարների մեջ ապրող ու օտար տիրապետության տակ սեփական հողի վրա մաքառող հայ ժողովրդի համար ազգային մշակույթն ու գանձերը խամրել ու անիրական էին թվում… Հուսահատության մեջ գտնվող ժողովուրդը կանգնած էր սեփական մշակութային ժառանգությունը կորցնելու ճանապարհին… Եվ ինչպես 5-րդ դարում Ս. Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնեց հայոց գրերի ստեղծումը, որպեսզի ձուլման վտանգից փրկի հայ ժոովրդին, ինչպես 19-րդ դարում Կոմիտասը ստանձնեց հայոց երաժշտությունը փրկելու առաքելությունը, այնպես էլ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը կորստյան խավարից հանեց հայոց անգիր էպոսն ու հեքիաթները, ժողովրդական սովորություներն ու կենցաղավարության առանձնահատկությունները…
Նոյեմբերի 17-ը Գարեգին Սրվանձտյանցի տարեդարձի ու մահվան հիշատակի օրն է: Ընդամենը 52 տարի ապրած մեծանուն հայը ծնվել ու մահացել է նույն օրը (17 նոյեմբեր, 1840 - 17 նոյեմբեր, 1892):
Գարեգին Սրվանձտյանցը ծնվել է Վանում։ Ընտանիքում հինգ եղբայրներից կրտսերն էր: Ավազանի անունը Օհաննես էր: Օհանես Սանդեցի: Դպրոցական տարիներին, Եղիշեի «Վասն Վարդանանց և հայոց պատերազմի» երկից ազդված, նա որոշել էր վերցնել Վարդան Մամիկոյանի զինակցի՝ Գարեգին Սրվանձտյանցի անունը:
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրականի» թերթի խմբագրի տեղակալը, Մշո Ս. Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ, «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիր։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։
Մահացել է Կոստանդնուպոլսի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։
Վառ երևակայություն, հայ ժողովրդրին անձնուրաց սիրող ու ազգի ապագայով մտահոգ եպիսկոպոսը լավ էր հասկանում, որ օտար տիրապետության տակ ապրող հայ ժողովուրդն աստիճանաբար փոխվում ու զգեստավորվում է օտարների մշակույթով… Հայրերի ժառանգությունը գրառելու և գրավոր կերպով պահպանելու հրամայականը չափազանց արդիական էր թե՛ իր, թե՛ Մկրտիչ Ա կաթողիկոսի համար: Գարեգին Սրվանձտյանն իր առաքելության մեջ վայելում էր սիրելի ուսուցչի՝ Խրիմյան Հայրիկի օրհնությունն ու աջակցությունը: Վերջինիս հետ՝ որպես նրա օգնական, 1860-61թթ շրջագայել է հայոց զանազան գավառներում: Հետագա կյանքի ընթացքում էլ անընդհատ շրջագայել է գրեթե ողջ Հայաստանում՝ թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան, գրել է նաև Շուշիի ու Թիֆլիսի հայերի կենցաղի մասին:
Թե՛ վարդապետության, թե՛ եպիսկոպոսության տարիներին՝ իր հոգևոր ծառայությանը զուգահեռ, նա հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ, գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործությաններ, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
Ուշագրավ է, որ Սրվանձտյանցը շուրջ երեք տարի որոնել է պատմողների, ումից կկարողանար լսել ու գրի առնել հայոց էպոսի՝ Սասնա ծռերի պատումները: 1873 թվականին նրա որոնումները վերջապես պսակվել են հաջողությամբ. Մշոյ Առնիստ գյուղում երեսփոխան Կրպոն երեք օր ու գիշեր պատմում է, որ Գարեգին Սրվանձտյանը գրի առնի: Կրպոն ասում է, որ իր վարպետն, ումից լսել ու սովորել էր Սասնա էպոսը, շատ ավելի ընդարձակ գիտեր պատումը, ու իսկ ինքը երկար ժամանակ պատմած չինելով՝ շատ հատվածներ արդեն մոռացել էր… Ու եթե Գարեգին վարդապետը չգրառեր, Կրպոյի տարբերակն էլ իսպառ կկորչեր…1874թ. այն հրապարակվում է «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով:
Այսպես կորստից փրկվեց ու մեր օրեր հասավ մեր վիպերգը, որն ամբողջացնում է մեր ազգային հավքական կերպարը, ձգտումներն ու աշխարհի մարտահրավերների նկատմամբ մեր ունեցած լուծումները:
Գարեգին Սրվանձտյանցը կորստից փրկեց բանահյուսական բազում գոհարներ. հեքիաթներ, ավանդազրույցներ, որոնց մշակված ու անմշակ տարբերակներով դաստիարակվում ու կրթվում են մեր երեխաները: Թե՛ Ղազարոս Աղայանը, թե՛ Թումանյանն ու այլ մեծեր օգտվել են նրա հավաքած գանձարանից, մշակել ու հայ մանուկներին են փոխանցել հայոց հեքիաթները, առասպելներն ու լեգենդները:
Բացի բանահավքչական աշխատանքից Գարեգին Սրվանձտյանցը նաև հրապարակախոսական հոդվածներ էր հրապարակում: Պարբերականներում նա հաճախ էր գրում հոդվածներ, որտեղ նկարագրում էր հայերի տառապանքները, կրած դժվարությունները։ Այդ ցավն ու մաքառումը սեփական աչքով տեսնելով՝ նա գաղտնի մասնակցում էր նաև ազատագրական տարբեր ծրագրերի: 1872թ. մասնակցել է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը, 1879-81թթ՝ «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։
Նրա քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունն ու համարձակ հոդվածների շարքը հարուցում էր սուլթանի դժգոհությունը, և Օսմանյան կառավարությունը նրան առնում է գաղտնի հսկողության տակ։ 1881թ. կառավարության հրամանով նա հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ Շուտով Պոլսի պատրիարքի հրամանով, որպես «քաղաքականապես անբարեհույս անձ», պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Ս. Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։
Եթե Թուրքիայում նա հետապնդումների էր արժանանում, ապա Ռուսական կայսրությունում նրան բարձր էին գնահատում որպես գիտնականի: Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
«Վարդ» գրական անունով թղթակցել է Կ.Պոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների` «Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի» և այլն։ 1866թ. Կ.Պոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը։ Հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-70թթ) և «Շուշան Շավարշանա» (1875թ.) թատերական երկերով։
Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874թ.) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876թ.) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։
«Թորոս Աղբար»-ում (1879-84թթ և ռուսական հրատարակություն` 1887թ.) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884թ.) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման: Այստեղ են հավաքված հեքիաթներ՝ «Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն, գեղջկական երգեր՝ «Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն։