Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երրորդը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառն է: Եկեղեցական կարգի համաձայն՝ տոնն ունի շաբաթապահք, նավակատիք, մեռելոց: Կատարվում է նաև Անդաստանի կարգ:
Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ: Վերջիններիս փոխարինել է Հիսուսի՝ Կենդանի Արեգակի Պայծառակերպության տոնը, որտեղ Հիսուսի աստվածությունը բացահայտվում է լույսի ձևով. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհաննես Ը 12):
Վարդավառը մշտապես կենսունակ և տարածված է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն գաղթօջախներում, որտեղ հայերն ապրել են: Այդ պատճառով տոնն ունեցել է նաև հարևան ազգերի կողմից տրված անուններ՝ Գյուվերջին փանայիրի (աղավնիների տոն), Ողլագ ղրան (ուլի մատաղ), Սու Զատկի, Սու պայրամ (ջրի տոն): Դրանք կապված են տոնի հիմնական խորհրդանիշներից մատաղի, ջրի, աղավնու հետ: Վերջիններս հիշեցնում են ժողովրդական այն ավանդությունը, ըստ որի Վարդավառը Նոյի և համաշխարհային ջրհեղեղի պատմության հիշատակն է:
Տոնի հարուստ ծիսահամալիրում իրենց կանոնակարգված տեղն են ունեցել հոգևոր և աշխարհիկ ուրախությունները, որոնք փոխլրացրել են միմյանց և լիարժեք դարձրել այն: Ժողովուրդն իմաստավորել է այդքան սպասված միասնական տոնախմբությունը՝ նախ և առաջ հոգ տանելով հոգևոր միասնականության և խաղաղության մասին: Բոլոր նրանք, ովքեր գժտված են եղել ընտանիքի անդամի, հարազատի կամ դրկիցի հետ, անպայման հաշտվել են, այլապես ուխտն ընդունելի չի լինի, Սուրբ Պատարագի մասնակցել և հաղորդվել չէր թույլատրվի, կարժանանային համայնքի պարսավանքին:
Մեր օրերում տոնի անքակտելի մաս են կազմում տոնական փոխայցելությունները և շնորհավորանքները: Շնորհավորում են ուխտագնացության ճանապարհին, տոնական սեղանի շուրջ կամ պատահական հանդիպման ժամանակ` մաղթելով ուրախ Վարդավառ, ուխտի կատարում, առողջություն, երջանկություն, աշխարհին` խաղաղություն, օտարության մեջ գտնվողներին` շուտափույթ վերադարձ: Ամուսնաընտանեկան ծեսերը նույնպես տոնի մաս են կազմել: Շատերը նշանադրվել են հասարակական խնջույքի ժամանակ: Ընդունված է եղել հարսնահանեքի սովորույթը, երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել: Նորահարսների դարձ գնալու սովորույթը մինչ օրս պահպանվում է:
Տոնին հաջորդող մեռելոցին այցելել են գերեզմաններ, որտեղ հոգևորականը գերեզմանի օրհնության կարգ է կատարել:
Վարդավառի նախօրյակին ընդունված է նաև հաց կամ լավաշ թխել: Տոնի ավանդական կերակուրներից են ակդակը, նազուկը, բիշին, հալվան, գաթան՝ մեջը գուշակության համար դրված նշանով, արիշտայով փլավը և ձուկը, կաթնովը, ձվածեղը, բլղուրով փլավը, իսկ օրհնված աղով մատաղը մի շարք վայրերում այսօր էլ տոնի ամենակարևոր բաղադրիչներից է:
Վարդավառը հիմնականում նշում են բացօթյա՝ ուխտավայրերում և գետերի, աղբյուրների ակունքների մերձակայքում: Վարդավառյան նշանավոր ուխտավայրերից են Ջնջռլու Սբ. Հովհաննես վանքը (Արարատի մարզ), Հովհաննավանքը (Արագածոտնի մարզ), Իշխանավանքը (Գեղարքունիքի մարզ), Անգեղակոթի Սբ. Վարդան Զորավար եկեղեցին (Սյունիքի մարզ), Մակարավանքը (Տավուշի մարզ), Սառնազբյուրի Զաղա կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ սրբատեղին (Շիրակի մարզ), Ղալթաղչի Սբ. Հովհաննես մատուռը (Լոռու մարզ) և այլն:
Հարուստ են Վարդավառի խաղային ավանդույթները: Խաղերն ուղեկցվելով երգ ու երաժշտությամբ, ավանդական կենցաղում ապահովել են տոնի ուրախ մթնոլորտը: Ուխտավայրերում կազմակերպվել են ձիարշավներ, գոտեմարտեր, ըմբշամարտեր, փայտախաղեր: Մրցել են ինչպես անհատներ, այնպես էլ համայնքներ: Հաղթողները մեծարանքով են հիշվել ողջ տարվա ընթացքում: Անցկացվել են նաև աշուղական մրցություններ: Վարդավառին ամենաբնորոշ խաղը եղել է ջրցանությունը, որին մասնակցել են բոլորը: Նույնիսկ երեխաներին և տկարներին թեկուզ մի քիչ թրջվելուց անմասն չեն թողել՝ հավատալով վարդավառյան ջրի բժշկող և մաքրագործող զորությանը:
Այսքան սիրելի տոնը ազգային ինքնությունը կենսունակ պահելու, բնության հետ հաղորդվելու, մերձավորին սիրելու և վարդավառյան պայծառակերպությամբ մաքրագործվելու հիշեցում է:
Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ