Երևան - 2800. Երևանը՝ գրչության կենտրոն

Երևան - 2800. Երևանը՝ գրչության կենտրոն

Միջնադարյան Երևանի պատմության հավաստի սկզբնաղբյուրները եղել և մնում են վիմական ու մատենագրական վկայագրերը: Հայտնի է, որ միջնադարյան վանքերն ու եկեղեցիները հոգևոր կենտրոններ լինելուց բացի նաև գրչօջախներ էին: Վերջիններիս զուգընթաց, գրչության արվեստը զարգացում է ապրել նաև եկեղեցիներով ու վանքերով հարուստ քաղաքային բնակավայրերում, ինչպիսիք են Անին, Երզնկան, Սիսը, Վաղարշապատը, Աշտարակը, ներկայիս Գյումրին, նաև՝ Երևանը, որի բազմաթիվ եկեղեցիների հովանու ներքո տասնյակ ձեռագրեր են ընդօրինակվել: Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրացուցակների, հիշատակարանների ժողովածուների և անվանի ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի կազմած «Հայ գրչության կենտրոններ» քարտարանի միջոցով հաջողվել է ցուցակագրել Երևանում գրված ավելի քան 60 ձեռագիր մատյան՝ թվագրված ԺԳ դարից մինչև ԺԹ դարավերջ: Ժամանակագրորեն վաղագույն՝ ԺԳ դարի երկու ձեռագրերը մեզ են հասել Նորքից, որի երբեմնի Սբ. Ստեփանոս եկեղեցու հովանու ներքո Սարգիս քահանա գրիչը բարձրարվեստ բոլորգրով ձեռագրեր է ընդօրինակել: Տոնապատճառի գրչության 1297 թվակիր հիշատակարանում Սարգիս գրիչը Նորքը բնորոշում է իբրև գյուղաքաղաք, որտեղ էլ կյանքի է կոչել ձեռագրի գրչությունը:
 

Ինչ վերաբերում է բուն Երևան քաղաքում ընդօրինակված ձեռագրերին, ապա սրանցից վաղագույնը սուրբ Անանիա առաքյալի անապատում (հիմա՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի)՝ 1409-1410  թթ. գրված «Քարոզգիրքն» է, որի գրիչներից մեկն էլ պատմագիր Թովմա Մեծոփեցին է: Հատկանշելի է, որ Երևանի հյուսիսային կողմի այգիներում ծվարած այդ նշանավոր անապատում նույն թվականին իր մի քանի աշակերտներին, այդ թվում՝ Թովմա Մեծոփեցուն վարդապետական գավազան է շնորհել մեծանուն րաբունապետ, Տաթևի դպրոցի երևելիներից սուրբ Գրիգոր Տաթևացին: Միևնույն սուրբ Անանիայի անապատում՝ 1450 թ. ընդօրինակված մեկ այլ ձեռագրի մասին համառոտ տեղեկություններ կան նաև Մուշ քաղաքի և շրջակայքի ձեռագրացուցակում (ձեռագիրը չի պահպանվել), որի տվյալների համաձայն՝ Հովհաննես գրիչը Գանձարան է ընդօրինակել Մարգար երեցի պատվերով, որը ստեղծվել է Երևանում՝ սուրբ  Անանիայի «ամենազոր» նշխարների ներքո:
 

Երևանն իբրև գրչության կենտրոն առավելապես աչքի է ընկել ԺԷ դարում՝ ի դեմս մեր երկրորդ Լուսավորիչ, րաբունապետ, ապա կաթողիկոս Մովսես Տաթևացու (1629-1633): Նրա շնորհիվ Հայաստանի տարբեր բնակավայրերում, վանքերում ու եկեղեցիներում դպրության ու գրչության կենտրոններ են ստեղծվել, որոնցում լայն ծավալների է հասել ձեռագրերի ընդօրինակման գործը: Մովսես Տաթևացու ջանքերով է, որ Երևանի սուրբ Անանիայի անապատը վերազարթոնք է ապրել, տեղում հաստատվել է դպրոց ու միաբանություն, որտեղ էլ մեծանուն հայրապետի աշակերտների ձեռքով բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել: Այդ գրչագրերից շատերն այսօր Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուում են, որոնց հիշատակարաններն աղբյուրագիտական մեծ արժեք ներկայացնող վավերագրեր են: Նրանց միջոցով ենք նաև գաղափար կազմում միջնադարյան Երևանի պատմության, քաղաքական ու սոցիալ-տնտեսական անցքերի շուրջ: Ձեռագրերի գրչության և հետագայի հիշատակարանները պարզում են նաև քաղաքի եկեղեցիների անունները: Այսպես, Երևան քաղաքում գրչարվեստի զարգացման հիմնական օջախներն էին՝ կենտրոնում գտնվող Կաթողիկե Սբ. Աստվածածին, մականվամբ Երկուերեսնի (երկու երեցի՝ Պողոս-Պետրոսի) կոչվող Սբ. Պողոս-Պետրոս, Սբ. Անանիա առաքյալ, երբեմնի Ձորագյուղի անապատի կազմում գտնվող Սբ. Սարգիս, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ, նաև արվարձանների՝ Նորքի, Ավանի, Քանաքեռի, Նորագավիթի եկեղեցիները:
 

Հիշատակարաններից դատելով՝ ձեռագրերը հաճախ ընդօրինակվել են մի քանի եկեղեցիների հովանու ներքո. օրինակ՝ Ավետարանի գրիչ Ավետիս երեց Երևանցին նշում է, որ գրչագիրն ավարտել է 1693 թ., Արարատյան երկրի Երևան քաղաքում՝ Կաթողիկե, Սբ. Սարգիս, Երկուերեսնի և Սբ. Հակոբ եկեղեցիների հովանու ներքո:
 

Դառնալով գրիչներին՝ հարկ է նշել, որ նրանք հիմնականում հոգևորականներ են եղել, ովքեր զբաղվել են նաև մանրանկարչությամբ: Ճիշտ է, Երևանում ընդօրինակված ձեռագրերի նկարազարդումները չեն փայլում կատարողական վարպետությամբ, այդուհանդերձ կարևոր են ժամանակաշրջանին հատուկ արվեստի ինքնուրույն, պարզ ստեղծագործության առանձնահատկություններն ուսումնասիրելու առումով: Երևանցի գրիչները մեծ համբավ են վայելել միջնադարի տարբեր փուլերում, օրինակ՝ ԺԴ դարի առաջին կեսի հայտնի գրիչ էր Տերտեր Երևանցին, որը չնայած գրչարվեստով է զբաղվել հիմնականում Ղրիմում (Կաֆա), բայց և այնպես մշտապես աչքի է ընկել իր Երևանցի մականվամբ և թողած չափածո ինքնատիպ հիշատակարաններով, որոնցում Երևանը բնորոշում է իբրև մեծ ու պատվական քաղաք՝ հարևան Խոր Վիրապին ու Էջմիածնին:
 

Երևանցի գրիչներից առանձնանշելի է նաև վերհիշյալ Ավետիս երեցի վաստակը, որը գործելով ԺԷ դարի երկրորդ կեսին, կարողացել է մեծ թվով ձեռագրեր ընդօրինակել: Նա իրավամբ համարվում է նաև Առաքել Դավրիժեցի պատմագրի վստահությունը վայելած գրիչներից մեկը, որի ընդօրինակությամբ մեզ է հասել պատմության երկու օրինակ: Վաղագույնը Երևանի Կաթողիկե եկեղեցում՝ 1665 թ. ընդօրինակված «Պատմագիրք»-ն է:
 

Նկատենք նաև, որ գրչության կենտրոններ լինելուց զատ, Երևանի եկեղեցիները որոշ իմաստով նաև մատենադարանի դեր են կատարել՝ ունենալով սեփական գրապահոցներ: Պատահական չէ, որ Ս. Էջմիածնի գրատան համալրման ընթացքում՝ 1923 թ. Երևանի եկեղեցիներից հավաքվել ու հանձնվել է 78 ձեռագիր, որոնցից 25-ը՝ Կաթողիկե եկեղեցուց, 20-ը՝ Սբ. Պողոս-Պետրոսից, 7-ը՝ Սբ. Սարգսից, 21-ը՝ Սբ. Հովհաննեսից, 2-ը՝ Զորավոր Սբ. Աստվածածնից, 3-ը՝ Նորքի եկեղեցիներից: Հավաքված ձեռագրերից 38-ն Ավետարաններ են, մնացածները՝ «Ժամագրքեր», «Շարակնոցներ», «Մաշտոցներ», «Հայսմավուրքներ», «Խորհրդատետրեր» և այլն:
 

Երևանի եկեղեցիներից հավաքված ձեռագրերն ընդգրկված են եղել Սուրբ Էջմիածնի գրատան 1922-1925 թթ. ստացված ձեռագրերի հավաքածուում: Մատենադարանի ձեռագրական հավաքածուների ստեղծման հետագա տարիների տվյալները վկայում են, որ բացի նշված 78-ից Երևանի եկեղեցիներից Մատենադարան են մուծվել նաև այլ ձեռագրեր, այսպես՝ Սբ. Պողոս-Պետրոսից՝ 1, Զորավոր Սբ. Աստվածածնից՝ 2, Սբ. Հովհաննես Մկրտչից՝ 2, Սարդարի բերդի պարսպից՝ 1, ևս 1-ը Երևանի անհայտ եկեղեցուց:
 

Ի վերջո, 1939 թ. Ս. Էջմիածնի գրատուն-մատենադարանը տեղափոխվել է Երևան, սկզբնական շրջանում տեղակայվել Հանրային գրադարանում, իսկ 1959 թվականից հաստատվել ձեռագրերի պահպանության նպատակով կառուցված Մատենադարանի շենքում (2011-ից՝ նույն Մատենադարանի նորակառույցում): Այստեղ է, որ հավաքված հազարավոր ձեռագիր մատյանների կողքին իրենց վերջին հանգրվանն են գտել նաև Երևանում գրված և տեղի եկեղեցիներում պահված շուրջ 150 գրչագրերը:
 

Պատրաստեց Արսեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Պատմական գիտությունների թեկնածու
 

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×