Հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը Հայոց ցեղասպանության տարիներին

Հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը Հայոց ցեղասպանության տարիներին

Որևէ էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մշակութային ժառանգության (հոգևոր և նյութական արժեքների ամբողջություն) ոչնչացմանն ուղղված գործողությունները որակվում են որպես մշակութային ցեղասպանություն:


Genocide (գենոցիդ, ցեղասպանություն) հասկացության հիմնադիրն ու առաջին տեսաբանը՝ Ռաֆայել Լեմկինը, իր հիմնարար աշխատության («Առանցքի երկրների կառավարումը բռնազավթված Եվրոպայում») մեջ առանձնացրել և նկարագրել է նրա ութ բաղադրիչները, որոնք են քաղաքական, սոցիալական, մշակութային, տնտեսական, կենսաբանական, ֆիզիկական, կրոնական և բարոյական: Մշակութային ցեղասպանության մեջ նա ներառեց խմբի ազգային ավանդույթների, լեզվի կիրառման արգելքը, մշակութային արժեքների՝ հուշարձանների, արխիվների, գրադարանների ոչնչացումը, ինչպես նաև խմբի՝ մշակույթն ու արվեստը ներկայացնող մարդկանց բնաջնջումը:


Օսմանյան կայսրությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգված և հետևողական քաղաքականությունն սկիզբ է առել 1890-ականներից՝ սուլթան Աբդուլ Համիդի օրոք և շարունակվելով՝ առավել զանգվածային բնույթ է կրել երիտթուրքերի կառավարման տարիներին: 1894-1896 թթ. համիդյան կոտորածների տարիներին հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից կողոպտվել են 795 եկեղեցի, 85 վանք, քանդվել` 170 եկեղեցի, 26 վանք, հրկիզվել` 69 եկեղեցի, 9 վանք, մզկիթի վերածվել` 50 եկեղեցի, 10 վանք: Հայկական մշակութային ժառանգության կորուստը զգալի է եղել նաև 1909 թ. կիլիկիահայության կոտորածների ընթացքում: Միայն Ադանայի նահանգի 37 գյուղերում ու քաղաքներում 1909 թ. ջարդերի հետևանքով հրկիզվել կամ ավերվել է 50-ից ավելի հայկական եկեղեցի ու դպրոց, այդ թվում՝ Ադանա քաղաքում` 6 եկեղեցի, 5 դպրոց:


Հայոց ցեղասպանության տարիներին երիտթուրքական վարչակարգի կողմից իրագործվեց ոչ միայն նյութական և հոգևոր մշակույթի բացառիկ արժեքների ոչնչացում, այլև այդ արժեքները կրողների, ստեղծողների և տարածողների` հայ մտավորականության և հոգևորականության, զանգվածային ու կանխամտածված բնաջնջումը: 1915 թ. հունվարից սկսած մինչև սեպտեմբեր Արևմտյան Հայաստանի նահանգային կենտրոններում և կայսրության հայաշատ քաղաքներում տեղի ունեցան հայ մտավորականների ու հոգևորականների զանգվածային ձերբակալությունները, աքսորն ու ոչնչացումը: Գիտակցելով եկեղեցու և հոգևորականության կարևորագույն դերը հայ ժողովրդի կյանքում` կայսրության Ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթը առավել վտանգավոր էր համարում նրանց գոյությունը` հետևողականորեն պարտադրելով ենթակա մարմիններին ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Այս առումով հատկանշական է Թալեաթի՝ Հալեպի նահանգապետին ուղղված 1915 թ. դեկտեմբերի 1-ի գաղտնագիր հրամանը, որում մասնավորապես ասվում է. «Հակառակ անոր որ ծանօթ անձնաւորութեանց (հայերու) կղերական դասակարգին գոյութիւնը ջնջելու համար ամէնէն աւելի աշխատիլ պետք է, կիմանանք որ այդպիսիներ Սուրիոյ եւ Երուսաղէմի պէս կասկածելի տեղեր կը ղրկուին: Ասանկ թոյլտուութիւն մը աններելի յանցանք է: Այդ կարգի խռովարարներուն աքսորավայրը անէութիւնն է: Կը յանձնարարեմ որ ըստ այնմ գործողութիւններ կատարէք»:


Իրենց հոտի հետ խոշտանգվել ու նահատակվել են Կարինի հոգևոր առաջնորդ Սմբատ եպս. Սահատեթյանը, Բաղեշի առաջնորդ Սուրեն ծ. վրդ. Գալեմյանը, Բրուսայի առաջնորդ Պարգև ծ. վրդ. Դանիելյանը, Տրապիզոնի առաջնորդ Գևորգ ծ. վրդ. Թուրեյանը, Վանի Կտուց անապատի վանահոր տեղապահ Եղիազար ծ. վրդ. Պետրոսյանը, Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Վարդան ծ. վրդ. Հակոբյանը և բազմաթիվ այլ հոգևորականներ: Երիտթուրքական կառավարությունը ձգտել է մեկուսացնել նաև հայ ժողովրդի շահերը Բարձր դռան առջև ներկայացնող և պաշտպանող ազգային-եկեղեցական կառույցն ու նրա ղեկավարին: 1916 թ. հուլիսի 28-ի՝ Օսմանյան կայսրության Արդարադատության և դավանանքների նախարարության կողմից ներկայացված և սուլթանական բարձր հրամանով վավերացված որոշման համաձայն՝ միավորվեցին Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները, ինչպես նաև Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունները: Այդ որոշման համաձայն՝ Կ. Պոլսի պատրիարքության փոխարեն նախատեսվում էր կայսրության մայրաքաղաքում ունենալ Էջմիածնի Մայր Աթոռից անկախ և Երուսաղեմի նստավայրով կաթողիկոս-պատրիարքի ներկայացուցիչ առաջնորդական տեղապահ՝ այդպիսով, փաստորեն, վերացնելով մայրաքաղաքում իր հոտի շահերը ներկայացնող և նրանց պաշտպանությունն իրականացնող կառույցի գոյությունը: Այս որոշմանը հաջորդել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավեն արք. Եղիայանի աքսորը Բաղդադ, ապա` Մոսուլ: Թուրքական իշխանությունները նույնկերպ են վարվել նաև Սսի կաթողիկոսի հետ. Սահակ Բ Խապայանն աքսորվել է Բաբ (Հալեպի մոտ), ապա` Երուսաղեմ:


Հայկական հոգևոր-մշակութային հաստատությունները թուրքական իրագործողների համար դիտվել են որպես հարմար միջոց` ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար: Մասնավորապես, վանքերն օգտագործվել են որպես զինվորական և ոստիկանական հենակետեր՝ հարակից հայկական բնակավայրերի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու համար: Վանքը կամ եկեղեցին վերածվել է նաև հավաքատեղիի` մի կողմից մասսայական սպանություն իրականացնելու կամ ողջակիզելու նպատակով, մյուս կողմից` բանտի հայ տարագրյալներին և հատկապես կանանց այնտեղ արգելափակելու համար: Հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների հանդեպ թուրքական կողմի քաղաքականությունն ու կոնկրետ գործողությունները իրենց մեջ ներառում էին հստակ ուրվագծվող ծիսական տարրեր, որոնց նպատակն է եղել պղծել սրբավայրը: Դա ուղեկցվել է կոնկրետ խորհրդանշական գործողություններով. խաչի հանում, մահմեդական հոգևորականի կողմից եկեղեցու վերաօծումը մզկիթի, խաչի ու զանգի տապալումը և սպանությունների, բռնաբարությունների խորհրդանշական գործողություններ հատկապես եկեղեցու բեմի վրա, որը կոչված էր էլ ավելի նսեմացնելու ոճրագործների կողմից զոհ ընկալվող էթնիկ հանրության դավանական զգացմունքները: Նույն կերպ սպանության գործողությունը եկեղեցու ներսում կամ մարդկանց ողջակիզումը կոչված էր խորագույն անարգանք հասցնել տվյալ էթնիկ հանրության հոգևոր զգացմունքներին ու ավանդույթներին:


1919 թ. Փարիզի վեհաժողովում հայկական պատվիրակության ներկայացրած պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան կայսրությունում ամբողջությամբ կամ մասամբ կործանվել են հայկական 83 առաջնորդարաններ, 1860 եկեղեցիներ ու մատուռներ, 229 վանքեր, 26 բարձրագույն վարժարաններ, 1439 դպրոցներ, 42 որբանոցներ:
Հայկական մշակութային ժառանգության կանխամտածված և հետևողական ոչնչացումը Հայոց ցեղասպանության մշակված ծրագրի մաս է կազմել և նպատակ է ունեցել վերացնելու հայկական քրիստոնեական մշակույթին ու քաղաքակրթությանն առնչվող ցանկացած հետք հայերի պատմական հայրենիքում:


Նկարում Տեկորի Ս. Երրորդություն վանքն է


Պատրաստեց Սեդա ՊԱՐՍԱՄՅԱՆԸ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

 

  • 2022-02-08
×