Տեառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Ղուկաս ավետարանիչը նշում է, որ երբ ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու` ըստ մովսիսական օրենքի: Այստեղ էր Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Մանուկ Հիսուսին և այստեղից էլ՝ «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական այս գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:
Որոշ տեսակետների համաձայն այս տոնի արմատները և կրակ վառելու սովորույթն ավելի հին են և գալիս են նախաքրիստոնեական շրջանից` կապված կրակի պաշտամունքի հետ: Իսկ քրիստոնեական ընկալումով Տեառնընդառաջի կրակը խորհրդանշում է Ճշմարիտ Լույսը, և եկեղեցին արգելում է հեթանոսական իմաստով կրակավառությունը: Քրիստոսն է աշխարհի լույսը, և այդ խորհրդով ենք մոմեր վառում, տուն տանում: Ճանաչելով Կենդանի Արեգակին և Լույսին` մենք մեր ընծայումն ուղղում ենք Քրիստոսին, ոչ թե հեթանոսական կրակին:
Տեառնընդառաջն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակվում է նշվել մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով: Սակայն հայ իրականության մեջ Տեառնընդառաջի տոնակատարության՝ գոյություն ունեցած ազգային պատկերացումներից, սովորույթներից, ավանդություններից ոչ բոլորն են պահպանվել այսօր:
Տոնը հայոց կենցաղում հայտնի էր տարբեր անվանումներով` «Տօռոնջ-տօռոնջ» (Ղազախ), «Տառինջ-տառինջ» (Հին Ջուղա), «դըրընդեզ» (Վաղարշապատ) և այլն: Սակայն առավել տարածված էր «Տրընդեզ» անվանաձևը, որը պահպանվել է մինչ օրս:
Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, երբ կատարվում է նախատոնակ:
Խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում (սովորաբար՝ երդիկների վրա), փողոցներում, դաշտերում և այգիներում: Հիմնականում առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին: Ղազախի գյուղերում, օրինակ, դեզը վառվում էր միայն եկեղեցու մոտ: Հին Ջուղայում փշե դեզը եկեղեցու գավթում պարտավոր էին պատրաստել նույն տարում պսակված երիտասարդները: Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը նշում է, որ Գանձակի գավառում նորապսակները ցրտենի ծառի ճյուղեր էին բերում և եկեղեցու բակում դարսում (քանի որ հավատում էին, որ Քրիստոսին ծնված ժամանակ այդ ծառի ճյուղերով են փաթաթել): Եթե երիտասարդներից մեկը զլանում էր այդ պարտականությունը կատարել, քահանան նրանից տուգանք էր վերցնում: Երբ քահանան, կատարելով կարգը, իր մոմով առաջինը վառում էր դեզը, վառում էին նաև շարքի կանգնած նորապսակները, և այլևս ոչ ոք: Այլ վայրերում ևս դեզը վառելու իրավունքը քահանայից հետո դարձյալ նորապսակներինն էր:
Ամուսինները երեք անգամ պտտվում էին խարույկի շուրջ, երեքական անգամ թռչում դռնատունջի վրայից, երեխաներն էլ, մի հավ գրկած, կանգնում էին խարույկի շուրջ, որպեսզի մեծ պասին հավերը հաճախ ձու ածեն:
Բանահավաք Քաջբերունին նշում է, որ դեզի վրայով ցատկելը նրա համար էր, որպեսզի ազատվեին ամեն տեսակ «չլավից»` ոչ լավից, վատից: Մի քանի օրվա ծննդաբերած կնոջը նույնպես թռցնում են կրակի վրայով, որպեսզի քառասունքից ազատվի: Չարից ազատվելու համար կրակով այրում էին իրենց շորի որևէ մասը (Դարալագյազի գաղթական ժողովուրդ):
Բանահավաք Բենսենը նշում է, որ Բուլանըխ կամ Հարք գավառում երեխաները, իրենց «տրնդեզի» երկար ավելները բռնած, երգում էին.
Տէրնդէզ` դարմանը կես,
Առնեմ զչուան, ելնամ ի դէզ....
Եվ վառելով ավելը` դնում տանիքների վրա:
Եթե տանը հիվանդ կար, նրան հանում էին տանիք՝ «սուրբ դեզի» մոտ, որպեսզի շուտ ապաքինվի:
Դեզերն առանց բացառության պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա: Դեզի վրայով ցատկելուց հետո երիտասարդի բարեկամները բերում էին խոնչան` հարսի համար տեսակ-տեսակ ուտելիքները (Հին Ջուղա): Այնուհետև դեզից վերցնում էին կիսաայրված փայտ և տանելով տուն` մի ապահով տեղ դնում (Ղազախ): Խարույկից նաև մի կրակ տանում էին տուն և վառում երեկոյի մոմը, որպեսզի «բախտը տան վրա լինի»: Որոշ վայրերում մոխիրը պահում, սուրբ Սարգսի փոխինձի հետ խառնում և երբ կարկուտ էր գալիս, դեպի երկինք էին փչում, որպեսզի կարկուտը դադարի, կամ էլ շաղ էին տալիս բաղերի վրա, որպեսզի չկարկտահարվեն: Ինչպես նշում է ազգագրագետ Ե. Լալայանը՝ Գանձակի գավառում մոխիրը ջրի մեջ լուծում և խմեցնում էին ծննդկանին, որ հեշտությամբ ազատվի, հիվանդին՝ որ առողջանա, լցնում էին հավաբնում, որ հավերը հաճախ ձու ածեն: Համշենցի հայերը մոխիրը եկեղեցուց իրենց տուն էին տանում, որ ցավացող տեղը քսեն: Որոշ վայրերում խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը «բարաքյաթով» լինի: Կանայք ջրում լուծված մոխիրը նաև լցնում էին կճուճների մեջ, որպեսզի դրանք առատ լինեն:
Նշենք, որ երեկոյան ժամերգությունից հետո ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից պատրաստում էին ավանդական խեծաղը (աղանձը), որը նշանված աղջկա ծնողները նվիրում էին փեսացուին, միաժամանակ, չմոռանալով նաև վերջինիս նվերները (սովորաբար՝ գոտի, գդակ, թաշկինակ և այլն): Հարսնացուի ու փեսացուի անուններով հաճախ խնամիներն աղանձափոխանակություն էին կատարում:
Ազգագրագետ Սամվել Մկրտչյանը նշում է, որ բազմազան էին նաև տոնին կատարվող գուշակությունները: Դեզի ծուխը որ կողմ որ թեքվեր, այդ ուղղությամբ էլ համայնքի բանիմաց ավագները ճշտում էին տվյալ տարվա ընթացքում սպասվելիք հաջողության ճանապարհը: Ջավախքում ասում էին, որ եթե «ծուխը հարավ կամ արևելք է գնում, բերքը լավ է լինելու, իսկ եթե հյուսիս կամ արևմուտք՝ վատ»: Երեկոյան նաև հրացաններ էին արձակում, և արձակման ձայնից որ կողմ որ փախչում էին շները, այդտեղից հողի առատություն էր սպասվում (Դարալագեազ):
Հնում հավատում էին, որ տոնի երեկոյան ծնված երեխան շատ չար և կրակոտ պետք է լինի, քանի որ «կրակի հետ էր ծնվում»:
Այսպիսով, հայոց կենցաղում Տրընդեզի ավանդական ծիսահամալիրի մաս էին կազմում տոնածիսական ուտեստը, նորապսակների ազգականների փոխայցելություններն ու նվիրատվությունները և ծիսական խարույկի հետ կապված արարողությունները, գուշակությունները, որոնց միջոցով ակնկալվում էր սպասվող բերքի առատություն, անձնական երջանկություն և բոլոր տեսակի հիվանդություններից ձերբազատում:
Պատրաստեց Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ