XVII դարի ավարտ: Վտանգված է Հայաստանի ապագան: Ազգի լուսավոր զավակները փրկության ուղիներ են որոնում: Նույն այդ ժամանակաշրջանում արյան ծովի ու պատերազմի մեջ է նաև Եվրոպան. 1669 թ. թուրքերը պաշարում են Վիեննան: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ Հովհաննես Թութունջին և Շահմուրադ Բաղիշեցին առաջադրում են թուրքական տիրապետության տակ գտնվող բոլոր քրիստոնյա ժողովուրդների համատեղ ապստամբության և հարևան պետությունների դաշնակցության միջոցով Օսմանյան կայսրության փլատակների վրա Հայաստանի և Արևելյան Հռոմեական կայսրության վերականգնման գաղափարը, որի կենսագործունեության համար գլխավոր դերը վերապահում են Ֆրանսիային: Նրանք միանում են Լյուդովիկոս XIV-ի նախաձեռնած հակաթուրքական կոալիցիային: Էջմիածնում և Անգեղակոթում հոգևոր և աշխարհիկ իշխանությունները կայացնում են հայտնի պատմական որոշումը՝ Իսրայել Օրին մեկնում է քրիստոնյա Եվրոպա:
Երիտասարդ վանական Մխիթար Սեբաստացուն, որ պատանի տարիքից նվիրված էր ազգի կրթալուսավորչական գործին, Հայաստանի փրկությունը ներկայանում է հրաշքի տեսքով. տեսիլքում Տիրամայրը նրան պատգամում է մի կողմ թողնել մինչ այդ եղած ազգային կառույցները, ստեղծել նորը: Աստվածամոր տեսիլքի լույսը հետո պետք է դառնար ուղենիշ, որը նրան հասցնելու էր հեռավոր Վենետիկ:
ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԽԻԹԱՐ ԱՆՈՒՆ
Ծնվել էր 1676 թ. պատմական Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել էր Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին Մխիթարն անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով մեկնում է Հալեպ, երեք տարի անց ձեռնադրվում քահանա: Երազում էր ստեղծել մի հոգևոր հաստատություն, որը պետականությունից զրկված մեր ժողովրդին կկապեր եվրոպական լուսավորությանը և կխթաներ ազգի առաջընթացին, եվրոպացիներին հաղորդակից կդարձներ մեր բազմահազարամյա քաղաքակրթությանը: Նա իր շուրջն է համախմբում ժամանակի կրթյալ երիտասարդներին: 1701 թ. սեպտեմբերի 8-ին Մխիթարն ու իր շուրջ համախմբված երիտասարդները հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը: Օսմանյան հետապնդումներից խուսափելու համար միաբանության 12 անդամները Մխիթարի գլխավորությամբ հեռանում են Մորեա թերակղզի: Տևական ժամանակ դեգերելով Էգեյան կղզիներում՝ 1715 թ. նրանք ափ են իջնում Վենետիկ: Երկու տարի անց Հռոմի Պապ Կղեմես XI-ը հաստատում է միաբանության կանոնադրությունը, իսկ Հռոմի Սենատի որոշմամբ Մխիթարին մշտական բնակության իրավունքով շնորհվում է Սուրբ Ղազար կղզին, ուր նա և իր միաբանները հաստատվում են 1717 թ. սեպտեմբերի 8-ին՝ միաբանության հիմնադրման տարեդարձի օրը: Հռոմի Պապի ու Սենատի այս որոշումն ընդունվում էր պատմաքաղաքական դժվարին շրջանում. 1714 թ. թուրքերը պատերազմ էին հայտարարել վենետիկցիներին, իսկ Սենատը նոր որոշում էր ընդունել՝ արգելել որևէ նոր կրոնական կառույցի հիմնումը: Բայց Մխիթարյան միաբանությունը հիմնվում է: Եվ կղզին, որ 10-12-րդ դարերում եղել էր բորոտների արգելոց ու տևական ժամանակ լքյալ ու անմարդաբնակ էր, դառնում է ծաղկուն մենաստան, գիտամշակութային հզոր կենտրոն: «Օտարները Հայոց կղզի կոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ և միշտ Հայաստան, ամեն ինչ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար» (Մխիթար Սեբաստացի):
Վենետիկյան միջավայրում հայերի մասին ամենահին հիշատակությունները վերաբերում են 6-7-րդ դարերին և հասնում մինչև Կիլիկյան թագավորության ժամանակաշրջան: Սուրբ Ղազարում հիմնված միաբանությունը ոչ միայն դառնում է հայոց քաղաքակրթության մշտական ներկայացուցչությունը Եվրոպայի սրտում, այլև ազգայինը ներդաշնակորեն միաձուլում համամարդկայինին: Օտարներն այն կոչում են Հայոց կղզի, որն անցնող դարերի ընթացքում դարձավ Վենետիկի պատմամշակութային ժառանգության անբաժան մասը: Մխիթարյան միաբանությունը նոր էջ է բացում Հայոց պատմության և հայագիտության համար: Անվանի պատմաբան Լեոյի բնորոշմամբ՝ 18-րդ դարը հայ ժողովրդի համար դարձավ Մխիթարյանների դար:
Մխիթարյան միաբանների հրատարակած բազմահազար գրքերն ու աշխատություններն այսօր էլ մեծագույն արժեք ունեն՝ սկսած Աստվածաշնչից մինչև միջնադարյան հայ մատենագիրների ու եվրոպացի փիլիսոփաների երկեր, բնագիտական, պատմա-աշխարհագրական աշխատություններից մինչև շերամապահության մասին գրքեր... Ամենամեծ գործերից մեկը, սակայն, Մ. Չամչյանի «Պատմություն Հայոց»-ն է, որը լույս է տեսել 1784-1786 թթ. Վենետիկում:
Պատմա-աշխարհագրական աշխատություններից հիշատակման է արժանի 1802-1808 թթ. Ղուկաս Ինճիճյանի ու Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորս մասանց աշխարհի» աշխատությունը՝ բաղկացած 11 հատորից, որտեղ նկարագրվում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը... Հրատարակվում են նաև Ղևոնդ Ալիշանի հայտնի աշխատությունները՝ «Քաղաքական աշխարհագրություն», «Սիսուան», «Այրարատ» և «Սիսական»... Տպագրվել են աշխարհագրական քարտեզներ՝ Իգնատիոս Խաչատրյանի և Եղիա Էնտազյանի փորագրությամբ:
Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններից չենք կարող չնշել Մխիթար Սեբաստացու ,Բառագիրք Հայկազեան լեզուի» գործը, որը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը: 1836-37 թթ. Գ. Ավգերյանը, Մ. Ավգերյանը և Խ. Սյուրմելյանը հրատարակում են ,Նոր բառագիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը, որը ցայսօր չի կորցրել իր գիտական արժեքը և արդիականությունը:
Մխիթարյան միաբանների հրատարակած աշխատությունների միջոցով ոչ միայն մեր ժողովուրդն է ճանաչում իր պատմությունը, այլև օտարն է գտնում ինքն իրեն: Դրա հազարավոր վկայություններից մեկը Մխիթարյան հայրերի պատրաստած՝ աշխարհում առաջին ճապոներեն-գերմաներեն բառարանն է, որը լույս է տեսել 1865 թ.:
Մխիթարյան միաբանների հրատարակած պարբերականները նույնքան հռչակավոր էին, որքան աշխատություններն ու գրքերը: Նրանց լույս ընծայած հանդեսները հայ հասարակական միտքը հասցրեցին գիտական բարձր նշաձողի՝ «Տարեգրություն», «Եղանակ Բյուզանդյան», «Դիտակ Բյուզանդյան»... Ոչ մի հանդես, սակայն, հայ հասարակական-մշակութային կյանքում չկատարեց այն դերը, ինչ «Բազմավէպ»-ը: Հայագիտական, բանասիրական, գրական այս հանդեսը սկսեց լույս տեսնել 1843 թ.՝ եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր, պատմաբան և թարգմանիչ Գաբրիել Այվազովսկու խմբագրությամբ:
«Բազմավէպ»-ին աշխատակցում էին ինչպես հայ գիտության և մշակույթի երևելիներ, այլև օտարազգի խոշոր գիտնականներ ու հայագետներ: 1887-ից հրատարակվել է նաև «Հանդես ամսօրյա» ամսագիրը: Սրանք հայ մամուլի պատմության երիցագույն հանդեսներն են, որոնք լույս են տեսնում մինչ օրս և ամբողջ Եվրոպայի տարածքում անընդմեջ հրատարակված 5 ամենահին պարբերականներից են:
-Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրած գործիքներից, քան հայ ֆիդայիների զենքերից. սուլթան Համիդի այս խոստովանությունը լավագույն և ճշմարիտ բնորոշումն է հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանների կատարած դերի...
«Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետուն, որքան Մխիթարի տունը» (Արշակ Չոպանյան):
Մխիթարյան միաբանության տարեգրությունը վկայում է, որ հայկական Սուրբ Ղազար կղզի են այցելել ու հիացել ժամանակի լուսավոր անհատականությունները, գիտության հսկաները՝ Հ. Պետերման, Հ. Հյուբշման, Վ. Լանգլուա, Ն. Մառ, Ֆ. Ֆեյդիտ, կոմպոզիտորներ՝ Ռ. Վագներ, Ջ. Ռոսինի, Գ. Դոնիցետտի, Ջ. Վերդի, Ի. Ստրավինսկի, ինչպես նաև եվրոպական երկրների միապետներ ու առաջնորդներ: Սուրբ Ղազար կղզու նշանավոր ձիթենիների տակ Ջորջ Բայրոնը գրեց «Մանֆրենդ»-ը ու ավարտեց «Չայլդ-Հարոլդ»-ը: Մխիթարյան միաբանության գրավոր հիշատակություններում նշանավոր տեղ է հատկացված Նապոլեոն Բոնապարտի այցելությանը: Ռազմաճակատներում ամենուր հաղթանակներ տանող կայսրը անձամբ եկավ ու խոնարհվեց Մխիթարյան հայրերի գիտական մտքի առաջ և միաբանությանը շնորհեց ակադեմիայի կարգավիճակ: Եվ սա այն դեպքում, երբ Նապոլեոնի նվաճողական քաղաքականության արդյունքում Իտալիայում փակվել էին դպրոցներ ու համալսարաններ: Մինչդեռ Մխիթարյան միաբանությունը նոր թափով շարունակեց իր գործունեությունը: Ժամանակի հեռվից կարող ենք փաստել, որ այս հարցում մեծ է եղել հայ ժողովրդի զավակների՝ Ֆրանսիայի բանակում և ազգային կյանքում կատարած դերը:
Մխիթարյան միաբանությունն այսօր հայ և համաշխարհային մշակույթի ու պատմության սրբազան շտեմարան է, ուր պահպանվում են ոչ միայն պատմական տարբեր ժամանակների 4000-ից ավելի հայկական ձեռագիր մատյաններ, այլև արվեստի եզակի գլուխգործոցներ՝ իտալական Վերածննդի վարպետների կտավներից մինչև Հովհաննես Այվազովսկի, Վարդան Մախոխյան, Գևորգ Բաշինջաղյան, Էդգար Շահին, Մարտիրոս Սարյան, Ժան Սեմ, Գառզու...
Անցել է երեք դար: Մխիթարյան միաբանություն այցելող ամեն հայ խոնարհվում է Մխիթար Սեբաստացու շիրիմին: Մխիթարյան միաբանն այսօր էլ իր հոգում վառ է պահում աստվածային սիրո կրակն ու սերունդներին հղում Մխիթար աբբահոր պատգամը. ՙԱմեն ինչ Հայրենիքի համար, հայ ժողովրդի համար»: Եվ դեռ բազում դարեր Սուրբ Ղազար կղզում ճառագելու է հայոց քաղաքակրթության ջահը՝ տիեզերական ներդաշնակության մեջ պահելով հոգևորն ու աշխարհիկը, ազգայինն ու համամարդկայինը...
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ