Հայ գրչության զարգացումը Վրաստանում

Հայ գրչության զարգացումը Վրաստանում

Վրաստանի ծաղկուն հայ մշակույթը: Ներկայիս Վրաստանի տարածքում հայկական հուշարձանների, խաչքարերի, այստեղ ընդօրինակված ձեռագրերի թիվը վիթխարի է: Մեր հարևան երկրում հայ մշակույթի զարգացման բազմադարյա հարուստ պատմությունը հանգում է 19-20-րդ դդ. մայրաքաղաք Թիֆլիսում հայ կերպարվեստի, գրականության, թատրոնի, գիտական և կրթական կենտրոնի ստեղծմանը: Պատմության քամահրանքով այստեղ է հաստատվում ու ծաղկում նոր ժամանակների արևելահայ մտավոր-ստեղծագործ գրեթե ամբողջ ներուժը:


Հայ գրչությունը Վրաց երկրում: Միջնադարյան վրացահայ գաղթօջախի մշակութային պատմության մեջ իրենց յուրահատուկ տեղն ունեն նաև հայ ձեռագիր մատյանները՝ ստեղծված հիմնականում հայ եկեղեցիներին կից գրչատներում: Այդպիսի կենտրոններ էին արևելյան Վրաստանում հաստատված (բացառելով Ջավախքը) Թիֆլիսը, Գորին, Թելեթը, Մուխաթը, Կիկեթը... Շարունակելով հայ միջնադարյան վանքերին հատուկ մշակութային, գրչական ավանդույթները՝ 10-11-րդ դարերից սկսած՝ Թիֆլիսյան հայ եկեղեցիներին կից գործող գրչատներում գրվել, կազմվել, նորոգվել են ձեռագիր մատյաններ: Իսկ ամենավաղ նկարազարդված ձեռագրերը հայտնի են 14-րդ դարից: Ամենամեծ ձեռագրային ժառանգությունը հասել է Թիֆլիսից, կամ ինչպես գրքերի հիշատակարաններում հաճախ կարդում ենք՝ Տփխիսից, որտեղ որոշակի հայ մանրանկարչական դպրոց չի ձևավորվել: Մինչ 13-14-րդ դդ. թիֆլիսյան ձեռագրերի մեծ մասը կիլիկյան ծագում ունեն, իսկ բուն թիֆլիսահայ միջավայրում կազմված մատյանները թվագրվում են 17-րդ դարից հետո եկող ժամանակաշրջանին:


Մանուել նաղաշը Տփխիսում: Աչքի ընկնող մանրանկարիչ-ծաղկողներից են Մանուելը՝ «հանճարեղ և ձեռնահմուտ քահանայ», Սարգիս վարդապետը՝ «զսրբակրաւն փիլիսոփայն», Վլասիլոս Շամախեցին: 15-րդ դարում Թիֆլիսում, Կիկեթում, Հաղբատում ստեղծագործած Մանուել մանրանկարչից հայտնի ձեռագրերի մեջ յուրահատուկ է 1293 թ. Սկևռայում, այնուհետև 1444 թ. Թիֆլիսի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցում նկարազարդված ձեռագիրը, որտեղ Մանուել ծաղկողը կիլիկյան այս ձեռագրի ազատ թողած էջերին պատկերել է Տերունական շարք, ավելացրել լուսանցազարդեր: Հետաքրքրական է Ավետման տեսարանը, որտեղ Մարիամը, պայմանական պատկերված շինության ներսում ծալապատիկ նստած, իլիկ է մանում: Իսկ Ծնունդը պատկերող սյուժետային տեսարանի ներքևում Մանուելը տեղավորել է նաև իր և ձեռագրի պատվիրատուի ծնկաչոք աղոթող դիմապատկերները: Մանուելի ոճը հարթապատկերային է, ճարտարապետական մոտիվները բացակայում են կամ շատ պայմանական են նշված, առհասարակ միջավայրը անտեսված է, կերպարները հայտնվում են մագաղաթի ֆոնին՝ թողնելով մանրանկարի անավարտության տպավորություն: Նաղաշ Մանուելի ոճային ու պատկերագրական նմանությունները նրան կապում են Վան-Վասպուրականի մանրանկարչական դպրոցի հետ:


Ըստ Մաթևոս Ուռհայեցու՝ հայասեր Դավիթ Շինարար թագավորը Գորի քաղաքում հիմնում է հայկական եկեղեցի: Այդ շրջանում Գորին վերածվել էր վաճառաշահ, տարանցիկ կենտրոնի, ուր հաստատված մեծաթիվ հայ բնակչության առևտրական և արհեստավորական խավերը նշանակալի դեր են ունեցել հայ մշակույթը զարգացնելու, կրոնական կյանքը պահպանելու գործում: Մինչև 20-րդ դարի սկիզբը Գորիում գործել է ութ հայկական եկեղեցի: Այստեղ և շրջակա հայկական վանքերում և եկեղեցիներում նույնպես գրվել և ծաղկվել են մեծաթիվ հայկական ձեռագիր մատյաններ:


Ուշ շրջան և նոր մշակութային կապեր: 17-րդ դարում ինչպես բազմաթիվ այլ հայկական գաղթօջախներում, նույնպես և Վրաստանում աշխուժանում և նոր թափ է ստանում գրչության արվեստը: Վրացահայ գրչության և հատկապես՝ մշակույթի կենտրոն Թիֆլիսում հայ ձեռագրարվեստի զարգացումը մեծապես կապված է այստեղ գաղթած նորջուղայեցի վարպետների անվան հետ: Հայ տարաբախտ մանրանկարիչները շատ հաճախ ճամփորդում էին երկրից երկիր, իրենց թափառական կյանքի կանգառներում ստեղծում ձեռագիր մատյաններ, կատարում տեղացի հայ մեկենասների պատվերները կամ աշխատում տեղի հայ եկեղեցու գրչատանը: Այսպիսի ճակատագիր են ունեցել նաև Թիֆլիսում հաստատված նորջուղայեցի տաղանդավոր ծաղկողներ Մկրտիչը, Աղամալ Ջուղայեցին: «Նեղութեամբ պանդխտեցայ, եկի հասայ ի քաղաքն Դպխիս»..՝ Թիֆլիսում հաստատվելու մասին հիշատակում է Մկրտիչը, իսկ Աղամալի թողած հիշատակարաններից տեղեկանում ենք, որ գրիչը հաստատվել է «ի դուռն Մօղնոյ սուրբ Գէորգեայ զօրաւարին եւ Կամակատար սուրբ Աստվածածնին...»: Պարսկաստանից գաղթած հայ ծաղկողների արվեստում դեռևս թարմ է Նոր Ջուղայի մանրանկարչության ազդեցությունը, որը և փոխանցվում է վերջիններիս աշակերտներին:

 

Անի ԵՆՈՔՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×