Նորահայտ «Ուրբաթագրքի» փրկության պատմությունը

Նորահայտ «Ուրբաթագրքի» փրկության պատմությունը

ՀՀ Արարատի մարզի Վեդու տարածաշրջանում վիմագրագիտական, ազգագրական գիտարշավի ժամանակ 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղերից մեկում տեսանք մի նորահայտ «Ուրբաթագիրք», որի փրկության պատմությունն էլ կփորձենք ստորև ներկայացնել:

 

 «Ուրբաթագիրք»-ը «տան սրբի» կարգավիճակում է: Այսինքն, համարվում է, որ ձեռագրում կամ նրա մոտ սուրբ կամ նույնիսկ մի քանի սրբեր կարող են ապրել: Հետագա՝ ավելի ուշ շրջանում, սրբազան բովանդակությամբ գրքեր հաճախ փոխանցվում էին սերնդեսերունդ, իսկ «գերեվարվելու» դեպքում նույնիսկ մի քանի գյուղերով գումար էին հավաքում՝ այն «փրկագնելու» համար, որը պայմանավորված էր, թերևս, այդ ձեռագրերի «տան սուրբ» Ավետարան լինելու հանգամանքով:

 

Ձեռագիրն ընդօրինակվել է 1708 թ.՝ Վասպուրականի Աղբակ գավառի Սոհրատեր գյուղի Սուրբ Էջմիածին վանքում: Այդ ամենը պարզ է դառնում հիշատակարանից: «/123բ/ Փառք ամենազօր տէրութեանն՝ Հօր և Որդւոյ և Հոգոյն սրբոյ, որ ետ մեզ ի կարողութիւն և ի նուաստ տկարութեանս մերոյ, յետ սակաւ բարութեանս անչնչին և յանտգիտութեանս վերստին գծագրեցինք սուրբ տետրակս, որ այժմ ասի ուրբաթագիրք: Ձեռամբս մեղսամած, անարժան Դանիէլ  երիցու ի յերկիրն Հաղբակ՝ ի գիւղն Սօհրատէր...»:  Հիշատակարանից տեղեկանում ենք, որ գրիչը Դանիել երեցն է, իսկ պատվիրատուն Ջայնաղ անունով մի կին՝ իր ամուսին Կարապետ աղայի հետ: Հիշատակարանում Աստծուց ողորմություն է խնդրվում նաև իրենց որդիների՝ Իրոյի, Սաֆարի ու նրա կնոջ՝  Շահգուլի համար:

 

Պետք է նշել, որ  ձեռագիրը հազարավոր այլ մատյանների պես ենթարկվել է Մեծ եղեռնի արհավիրքներին: 1915 թ. արյունոտ օրերին Արևմտյան Հայաստանում պահվող «Ուրբաթագիրք»-ը գերեվարել է մի քուրդ շեյխ, ապա այն գցել է թոնիրը: Ինչպես պատմում է մեզ ձեռագրի ներկայիս տերը.  «Ձեռագիրը դուրս է թռչում թոնրից: Մի ասորի կին ասում է, որ գիրքը զորավոր է և չի այրվի, ապա խնդրում է, որ այն իրեն նվիրեն: Քուրդ շեյխը կատարում է նրա ցանկությունը»:

 

Հայտնի է, որ թուրքերին ցեղասպանության ժամանակ օգնական էին հանդիսանում գերմանական և ավստրո-հունգարական սպաները՝ որպես «Քառյակ միության» դաշնակիցներ: Նրանք ռազմական-խորհրդատվական, փորձագիտական գործունեություն էին ծավալում թուրքական բանակում, իսկ հաճախ օգնում էին առավել «արդյունավետ» «ազատվել» հայ բնակչությունից: Այս սպաներից մեկը ձեռագիրը որպես ռազմավար իր հետ տանում է Հունգարիա: «Ուրբաթագիրք»-ը հանգրվանում է Բուդապեշտում մինչև 1945 թ.: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ խորհրդային բանակը գրավում է Բուդապեշտը, մի հայ զինվոր մայրենի լեզվով ձեռագիր է տեսնում թանգարանում, որն էլ բերում է հայրենիք: Սկզբում ձեռագիրը պահվում է Կոտ գյուղում:  Ըստ տեղի բնակիչների՝ այն սկսում է հրաշքներ գործել ու ստանում է «Շեկ Ավետարան» անվանումը (ձեռագիրը անվանումը պայմանավորված է գրքում ապրող սրբի շեկ լինելու հետ): Ուխտի են գալիս հիմնականում շաբաթ, կիրակի օրերին:  «Կազմը մաշված էր, բայց վախենում էին ցույց տալ, որ սովետը (Խորհրդային Միությունն ի նկատի ունի-Հ.Հ.) չվերցնի: Ավետարանից  վախենալով՝  ոչ ոք տնից գողություն չէր անում: Գիրքը կախված էր գոմում: Հետագայում տնվորը գիրքը լավ չի պահում, սուրբը երազում գալիս է ու սպառնում: «Շեկ Ավետարան»-ը տեղափոխում  են  Վեդիի շրջան, և «սրբի խնամակալն» է դառնում մի կին մինչև 1959 թ.: Ներկայիս տերը արդեն 57 տարի է, ինչ խնամում է գիրքը: Փոքրիկ մատուռում  «Ուրբաթագրքի» կողքին դրված է մետաղյա խաչ, որ կոչվում է «Կանաչ, կարմիր Ավետարան»: Մետաղե այդ խաչի թիկունքին դրոշմված է հետևյալ արձանագրությունը. «ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ՆՇԱՆՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊՏԻՆ` ՀՕՐ/ ՀԱՐԱՊԵՏԻ, ՄՕՐՆ` ԱՐՈՒՍԻՆ, ԵՂԲՈՐՆ՝ ՇԻՐԻՄԻՆ, ՈՐ ՈՉ ԴԵՂՁՈՒՆ, ՈՐ Է ՄԱՍՈՒՆՔ ՍՐԲՈ ԲՆԱԴԻՐ Է ԱՌԱՔԵԼՈՍԸՆՍ` ԱԿՈԲ ՏՆԵՂԲՈՐՍ ՍԲԿԱՐԱՊԵՏԻՆ Բ(Մ՛)ԱՍ ԿԵՆԱՍ ՓԱՅՏԻՆ, ԹՎ ՌՃ/ԿԸ. (1158 +551 = 1709 թ.) ԻՆ»:

 

Հիշատակությունից պարզ է դառնում, որ այն գրված է 1709 թ. և փորագրված է Կարապետ վարդապետի հայր Հայրապետի, մոր՝ Արուսի, եղբոր՝ Շիրիմի հիշատակին: Չի բացառվում, որ բնագրում գրիչը թույլ է տվել սխալներ. Մասնավորապես ՇԻՐԻՄ բառի փոխարեն ճիշտ տարբերակը ՇԻՐԻՆ-ն է, ԱՌԱՔԵԼՈՍԸՆՍ, ԿԵՆԱՍ բառերում Ց-ի փոխարեն գրվել է Ս, իսկ ԲԱՍ բառում Մ սկզբնատառի փոխարեն գրվել է Բ. ճիշտը` ՄԱՍ ԿԵՆԱՑ ՓԱՅՏԻՆ: Մետաղե այդ խաչը բավականին հաստ է, որ այն ծառայել է որպես մասնատուփ, մասնավորապես արձանագրության մեջ հիշատակված Սուրբ Հակոբ Տեառնեղբոր, Սուրբ Կարապետի և Քրիստոսի խաչափայտի կամ կենաց փայտի մի մասի համար:

 

Այս բոլոր պատմությունները բերնեբերան փոխանցվել են մինչև մեր օրերը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել «Ուրբաթագրքի» «հալածանքերի, դեգերումների»  և  փրկության պատմությունը:

 

Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×