Երևանի 2750-ամյակի առթիվ ԽՍՀՄ կապի նախարարությունը թողարկեց քաղաքի տեսարժան վայրերի պատկերներով դրոշմանիշներ և ծրարներ: Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները: «Հայ մշակույթն ուսումնասիրողների ակումբ»-ի նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթօրյակներ Արին-Բերդում: Տնկվեց շուրջ 600 եղևնի:
Հոկտեմբերի 7-ին բացվեց հոբելյանական ցուցահանդես« որտեղ իրենց 400 աշխատանքներն էին ներկայացրել 120 ինքնուս վարպետներ: Քաղաքի հոբելյանին մասնակցեց նաև կոնսերվատորիան: Բացվեց ցուցահանդես: «2750» մակագրությամբ հուշանվերներ՝ Արին-Բերդի, Մատենադարանի պատկերներով սափորներ, ափսեներ և այլ իրեր թողարկեց հախճապակու գործարանը: Հետաքրքիր ցուցահանդեսներով հանդես եկավ նաև մայրաքաղաքի պատմության թանգարանը: Երևանի քաղսովետի գործկոմի որոշմամբ՝ Նոր Արեշ թաղամասի չորս փողոցներ միացվեցին մեկ լայն պողոտայի մեջ, որը կոչվեց Էրեբունի: Այս տարածքում բնակություն էին հաստատել մեծ թվով հայրենադարձներ:
Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը թողարկեց 2750-րդ խառատային հաստոցը: Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հոբելյանական մակագրություններով այս հաստոցն ուղարկվեց Վիետնամի հանրապետություն: Երևանի 2750-ամյա հոբելյանին նվիրված հետաքրքիր ցուցահանդեսով հանդես եկավ նաև պետական համալսարանը: Թ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» չորսհատորյակը իսկական նվեր էր քաղաքի պատմությունն ուսումնասիրողներին: Գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովում, որը բացվեց ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի խոսքով, պատմաբաններ, գրականագետներ, հնագետներ և այլք հանդես եկան Երևանի մասին հետաքրքիր զեկուցումներով:
Քաղաքի հոբելյանին իրենց նվերն էին պատրաստել նաև ավտոգործարանի աշխատավորները: Նրանց թողարկած «Երազ-762» երկու ավտոմեքենաները ներկայացվեցին հանրապետական մարզադաշտում հոբելյանական տոնահանդեսի ժամանակ: Հոկտեմբերին «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց «Երևանյան քնար» հատընտիր ժողովածուն, որն ամփոփում էր սովետահայ բանաստեղծների՝ Երևանին նվիրված ստեղծագործությունները: Ժողովածուն բացվում էր Ե. Չարենցի «Երևան» բանաստեղծությամբ: Հոբելյանական համերգաշար սկսեց Հայֆիլհարմոնիան. Գոհար Գասպարյանը կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Կազմակերպվեց գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, ընթերցվեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից: Տոնական համերգային ծրագրով հանդես եկավ նաև պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ կատարելով հայ հեղինակների ստեղծագործությունները: Նվագախումբը և երգչախմբերը տոնակատարության օրերին կատարեցին Է. Հովհաննիսյանի «Էրեբունի» կանտատը: Այս շքեղ երգն առաջին անգամ Հաղթանակի զբոսայգում կատարեց 2750 հոգուց բաղկացած երգչախումբը՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: Հանրապետության հրապարակին հարող պուրակում սկսեցին ցայտել 2750 շատրվաններ՝ Երևանի շոգից զովացնելով բնակիչներին ու հյուրերին:
Սերունդների հիշողության մեջ երկար մնաց հատկապես ծաղկի տոնը, որը կազմակերպվել էր Արին-Բերդի լանջին: Այս յուրահատուկ աշնանային տոնին ներկայացված էր շուրջ երեք հազար ծաղիկ: Գեղեցկացել ու շենացել էր քաղաքը, զարդարվել կանաչ այգիներով, սառնորակ ցայտաղբյուրներով: Հոբելյանական տոնակատարությանը մասնակցելու համար տարբեր վայրերից Երևան էին ժամանել բազմաթիվ հյուրեր և նշանավոր հայորդիներ: Միջոցառումներ էին կազմակերպվում նաև տարբեր երկրներում ու քաղաքներում: Մոսկվայում կազմակերպվեց մամուլի կոնֆերանս, համալսարանում՝ ցերեկույթ և համերգ: «Ուրարտու պետության առեղծվածը» թեմայով «Գիտելիք» ընկերությունում դասախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս, Էրմիտաժի տնօրեն՝ Բ. Պիոտրովսկին: Քաղաքի իշխանությունների որոշմամբ նորակառույց կինոթատրոնը՝ Դիմիտրովյան խճուղու վրա, կոչվեց «Երևան» և այլն:
Այսօր գուցե պարզունակ թվան մեր թվարկած միջոցառումներից շատերը, բայց դրանք հիմնականում նպատակ են ունեցել մի կողմից բարեկարգել և զարգացնել քաղաքը, մյուս կողմից՝ դաստիարակել իր բնօրրանը սիրող արժանի քաղաքացիներ:
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոր պատմության» բաժնի վարիչ
Սկզբնաղբյուր «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ