Կազմերի զարդարվեստը

Կազմերի զարդարվեստը

Կազմերը ևս ձեռագրերի նման դառը ճակատագրից փրկված մասունքներ են: Բարբարոս ցեղերը հայոց մատյաններն առևանգելիս, տեղափոխելիս մասնատում էին կազմերը, վերաձուլում և օգտագործում այլ նպատակներով: Հնում գրքերը պահպանվում էին փաթեթներով, որոնք ծածկվում էին գործվածքով կամ կաշվով ու դրվում փայտյա, մետաղյա կամ փղոսկրյա տուփերի մեջ: Կազմի ծագումը, զարգացումը կապված է մագաղաթի գործածության հետ: Մագաղաթից առաջ գործածվող պապիրուսը դյուրաբեկ էր, ուստի միայն մի երեսի վրա գրված փաթույթներ էին պատրաստում: Մագաղաթի գյուտով առաջ են գալիս գրքի ձևն ու կազմը: Մեծ դժվարությամբ ձեռք բերված ձեռագիրը պետք է ապահովվեր կազմով, իսկ փաթույթը մնում է արքայական հրովարտակների կամ կոնդակների համար: Միջին դարերից մեզ հասած գրքերը կազմված են. կազմի համար օգտագործում են տարբեր մետաղներ` ոսկի, արծաթ: 10-րդ դարից կազմարարությունը դառնում է առանձին մի արհեստ: Հնագույն հայ կազմարարը Գևորգ կրոնավորն է: Մաշտոցի անվան Մատենադարանի 5547 թվահամարն ունեցող ձեռագրում, որն ընդօրինակվել է 10-րդ դարում, Գևորգը գրել է. «Աղաչեմ յիշել յետին կրոնաւորս զԳէորգ` զկազմիչ գրոցս»:



Մեծ արժեք ունեն ազնիվ նյութերից շինված կազմերը՝ փղոսկրից, ոսկուց, արծաթից, քանդակներով, պատկերներով կամ կիտվածանկարներով ծածկված, երբեմն էլ ընդելուզված մարգարիտներով կամ թանկարժեք քարերով: Եղել են արծաթե կազմերի պատրաստման 3 խոշոր կենտրոններ` Մեծ Հայք, Կիլիկիա, գաղթօջախներ: Մեծ Հայքում ու Արևելյան Հայաստանում հայտնի են Վանը, Աղթամարը, Լիմը, Մուշը, Կարինը, Տաթևը, Գլաձորը, Էջմիածինը, Կիլիկիայում` Հռոմկլան, Ակները, Սկևռան ու Սիսը: 13-րդ դարի կազմարարներից հայտնի է Առաքել Հնազանդենցը, որից մեզ են հասել 1260-1278 թթ. կազմված 5 փառակազմ ձեռագրեր: Կազմարար կոչվել են գրիք կազմող, կապող ու կաշվով կազմող վարպետները, իսկ արծաթե ու ոսկե կազմերը պատրաստվում էին ոսկերիչների կողմից ու հանձնվում կազմարարներին, որոնք մետաղե զարդարուն տուփն ամրացնում էին գրքի վրա: Կազմի հիմնական նյութը կաշին էր: Կազմարարներն ամուր թելերով իրար էին միացնում գրքի պրակները:


Կազմերի համար պատրաստվում էր 3-4 մմ ունեցող տախտակ, որի վրա սոսնձվում էին զանազան գործվածքներ, ապա քաշվում էր թրջված կաշին, որը կիսաթաց վիճակում հղկվում ու կոփվում էր: Կազմի տակ, որպես աստառ, փակցվում էր գործվածքի մի կտոր: 11-րդ դարից սկսած՝ Հայաստանում պատրաստվում էին նաև կազմեր արծաթից ու ոսկուց, դրանք անվանում էին կրկնակազմեր, քանի որ ամրացվում էին ձեռագրերի, իսկ հետագայում նաև տպագիր գրքի բուն կազմին: Արծաթյա կազմը ոսկեջրվում էր, վրան ամրացվում էին թանկարժեք կամ հասարակ ակներ:


Ավելի ուշ դարերում կազմի վրա ամրացվում էին կրոնավորների պատկերներ, խաչելության ձուլածո տեսարանը: Կազմը ձեռագրի կամ տպագիր գրքի ստեղծման ավարտուն, վերջնական փուլն է: Իրենց ուրույն առանձնահատկություններով կազմարարական ու ոսկերչական դպրոցներ են կազմավորվել ինչպես պատմական Հայաստանի զանազան շրջաններում` Կիլիկիայում, Վասպուրականում, Մուշում, Կարինում, Սեբաստիայում, Էջմիածնում, Սյունիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գաղթօջախներում` Լեհաստանում, Ղրիմում, Նոր Ջուղայում: Էջմիածնի Գանձատան 153 թվահամարի արծաթակազմը պատրաստված է դրվագման եղանակով: Ա փեղկին շրջանակի մեջ բարձրաքանդակ պատկերված է գահին նստած թագակիր սուրբ Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին: Աստվածամոր ոտքերի տակ՝ շրջանակի ներսում, կա քառաշարք երկաթագիր արձանագրություն: Շրջանակից դուրս պատկերված են ավետարանիչները՝ իրենց խորհրդանիշերի հետ միասին: Մյուս փեղկին Քրիստոսի հարության տեսարանն է. Տերը շրջապատված է ամպերով ու արևի ճաճանչներով, իսկ ներքևում՝ գերեզմանի մոտ, պատկերված են յուղաբեր 2 կանայք:

 

Քրիստինե Բաղդասարյան

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×