Վանական վարդապետի կամ Խորանաշատի դպրոցը

Վանական վարդապետի կամ Խորանաշատի դպրոցը

Սրանից մեկ տարի հետո՝ 1224 թ., Ջաջուռ Խաղբակյանի դստեր և Կուկ Սևադյաց իշխանի կնոջ՝ Վանենու պատվերով գրվում ու նկարազարդվում է մագաղաթյա երկաթագիր մի Ավետարան, որը վանքի անունով կոչվում է «Խորանաշատի Ավետարան»: Հայտնի չէ ձեռագրի գրիչն ու ծաղկողը: Ձեռագիրն ունի չորս ավետարանիչների պատկերներ, ութ խորաններ, կիսախորաններ, զանազան լուսանցազարդեր, որ պարզ ու ներդաշնակ ծաղկազարդել է տաղանդավոր, բայց մասնագիտական հմտություն չունեցող նկարիչը:


Ծաղկողն օգտագործել է ոսկի և բազմազան գույներ: Ձեռագրի հետագա ճակատագրի մասին տեղեկությունները նրա գերեվարումների և փրկագնումների մասին են: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Վանական վարդապետը, 1229 թ. Ջալալեդդինի արշավանքներից խուսափելով, ապաստանում է Լորուտ գյուղի մերձակա մի քարայրում, այստեղ էլ շարունակում է ուսուցանել: Մոնղոլներն իմանում են Վանականի տեղը, 1236 թ. պաշարում են քարայրը, ուսուցչապետին և աշակերտներին, որոնց մեջ էր նաև Կիրակոս Գանձակեցին, գերեվարում են՝ իրենց հետ տանելով ողջ գույքը՝ շուրջառներ, արծաթյա խաչեր, անոթներ և երկու արծաթակազմ Ավետարան, որոնցից մեկը այս գեղեցիկ մագաղաթյա մատյանն է: Որոշ ժամանակ անց մեծ փրկագնով Գագ բերդի բնակիչները ազատում են Վանական վարդապետին, իսկ Կիրակոսը, որ մոնղոլների բանակում թարգմանիչ էր ու գրագիր, փախչում է ու ապաստանում Նոր Գետիկի վանքում: Վանականը նորոգում է Խորանաշատը, վերականգնում դպրոցը և նորից սկսում ուսուցանել: Մոնղոլների կողմից գերված երկրորդ ձեռագրի ճակատագիրը ցայսօր անհայտ է, իսկ «Խորանաշատի Ավետարանը» 1238 թ. Տփխիսում մոնղոլները հանում են աճուրդի: Բարեբախտաբար, այստեղ է լինում նաև Վանական վարդապետը, որը մեծ փրկագնով ձեռք է բերում մատ-յանը և վերադարձնում Խորանաշատ: Նրա ձեռքով է գրված Ավետարանի հետագայի հիշատակարանը:


1517 թ. Ավետարանը տարվում է Տաթև, որտեղ Ալեքսանոս աբեղան Ղասումի խնդրանքով փոխում է արծաթյա կազմը, նոր կաշվե կազմ է դնում՝ մետաղյա անկյունազարդերով և Ա փեղկին՝ մետաղյա մի խաչ: Մատյանն այս կազմով էլ հասել է մեզ: 16-րդ դարում նորից գերվում է ձեռագիրը և փրկագնվում մելիք Հովասափի կողմից ու ընծայվում Վանի Սբ. Վարդան Զորավար եկեղեցուն: 1915 թվականին բանասեր Ս. Տեր-Ավետիսյանը Վանում տեսնում է Ավետարանը և նահանգապետ Դիտմենի միջնորդությամբ ուղարկում Սբ. Էջմիածին: Վանենին «Խորանաշատի Ավետարանից» ութ տարի հետո՝ 1232 թ., Գետիկա վանքում Ստեփանոսից ստանում է նոր ու շքեղ ձեռագիր և իր հոր հիշատակին նվիրում Հավապտուկ վանքին: Այս ձեռագրի հետագա ճակատագիրը հայտնի չէ:


Խորանաշատի վարդապետարանի գործունեության բեղուն շրջանն ավարտվում է Վանականի մահով: Րաբունապետի մահից հետո դպրոցը գլխավորում են Գրիգորիս և Պողոս վարդապետները, որոնք չեն կարողանում նույն բարձրության վրա պահել դպրոցը, և աստիճանաբար խամրում է երեսուն տարի գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեություն ծավալած վարդապետարանի փառքը: Չնայած դրան՝ հետագայի գրիչները, նկատի ունենալով վարդապետարանի երբեմնի հռչակը, հիշատակարաններում վանքն անվանում են «բարձրահամբաւ», «մեծայարկ գումբեթաձև», «հռչակաւոր սուրբ ուխտն Խորանաշատ»:


Վանական վարդապետի ամենից բեղմնավոր սանն ու վարդապետարանի առաջին շրջանավարտներից էր Վարդան Արևելցին, որ ժամանակակիցների կողմից մեծարվել է «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան պատվել է «Մեծն Վարդան» անունով։


Մխիթար Գոշի մոտ կրթություն ստանալուց հետո Վարդանը գալիս է Խորանաշատ և աշակերտում Վանական վարդապետին, նրանից ստանում վարդապետական աստիճան և 1235 թ. զբաղվում գիտական, մանկավարժական, եկեղեցական ու քաղաքական բեղմնավոր գործունեությամբ: Նա բացում է դպրոցներ, սկզբում՝ Կայենո բերդի Սբ. Անդրեաս վանքում, ապա՝ Խոր վիրապում, որտեղ շարունակում է Վանական վարդապետի դպրոցի ավանդները:


Վարդան Արևելցու թողած մատենագիտական հարուստ ժառանգությունը՝ պատմական, մեկնողական, քերականական բնույթի երկեր, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր, շարականներ, թարգմանություններ, նրան դասում են մեր մատենագիրներից լավագույնների շարքը: Վարդան Արևելցին հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից էր, հիմնադիրը մի ամբողջ մեկնաբանական դպրոցի: Վարդանը ճանաչված էր միջնադարյան Հայաստանում ու Կիլիկիայում և ակտիվորեն մասնակցում էր դավանաբանական խնդիրներին: Վարդանը 1267 թ. խմբագրում ու լրացնում է «Տոնապատճառ» ծիսական ժողովածուն: Իսկ նրա «Հաւաքումն պատմութեան» երկը կարևոր աղբյուր է ժամանակաշրջանի՝ Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար:

 


(շարունակելի)

Սկիզբը՝ թիվ 14-ում
Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ
Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող,
բանասիրական գիտությունների թեկնածու

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2022-02-07
×