Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք»

Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք»

Ամեն անգամ, երբ հայտնվում ենք որևէ խնդրահարույց իրավիճակում, սկսում ենք արդարացնել ինքներս մեզ՝ գործած արարքի համար համապատասխան արդարացումներ գտնելով: Իրականում, այո՛, անչափ հեշտ է գտնել արդարացումներ մեր թեկուզ և սխալական արարքների հարցում: Սակայն ինքներս մեզ երբևէ չենք հարցնում, թե մեր մոտեցումն այս հարցին որքանով է հաճելի Աստծուն: 

 

 

Աստված մեզ տեսնում է այնպիսին, ինչպիսին մենք իրականում ենք, և կարիք չունի մեր ներկայացման և ինքնաարդարացման: Ուստի՝ կարիք չկա նաև հորինել արդարացումներ, երբ գիտենք, որ սխալ վարվեցինք որևէ մեկի հանդեպ, որևէ հարցում: Սուրբ Գրքում այս մասին ասված է. «Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ 1:8-9): 

 

 

Այսկերպ մենք ավելի ենք խորացնում մեր մեղքը և հեռանում ենք Աստծո լույսից, որի ուղղությամբ, սակայն, կոչված էինք քայլելու իբրև քրիստոնյաներ: Առավել ճիշտ և աստվածահաճո չէ՞ արդյոք ընտրել մեկ այլ ճանապարհ, որ հաճելի է Աստծուն: Դա մեղքերի գիտակցման, զղջման և ապաշխարության ճանապարհն է, որն ի զորու է մեզ առաջնորդել դեպի իրական լույսը և դուրս բերել մեզ մեր մեղքերի ճահճից: Քանի որ Աստվածաշնչում նաև ասված է. «Եթե ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, և Նրա խոսքը մեր մեջ չէ» (Ա Հովհ 1:10): Խորհենք նաև այն մասին, որ մեր արարքով ապացուցում ենք, որ Աստված, Նրա խոսքը մեր մեջ չեն: Փորձենք լինել արժանի մեզ շնորհվածին, պատասխանատու՝ մեր մեղքի համար և արդար՝ մեղքը խոստովանելու հարցում: Փորձենք ապրել այնպես, որ քայլենք դեպի Աստծո լույսը և ոչ թե հեռանանք՝ մեղքերի մեջ ընկնելով: 

  • 2021-07-06
×