Հայ գրչության վերջին նավահանգիստը. Կոստանդնուպոլիս

Հայ գրչության վերջին նավահանգիստը. Կոստանդնուպոլիս

Հայկական ներկայությունը: Կ.Պոլիսը դարեր շարունակ եղել է արևմտահայության հոգևոր, մշակութային կենտրոնը: Բյուզանդիայի մայրաքաղաքում հայերը բնակություն են հաստատել դեռևս վաղ միջնադարում: Ժամանակի ընթացքում հայերի թիվը ոչ միայն ստվարացել է, այլև նրանք սկսել են կարևոր դեր կատարել Բյուզանդիայի կյանքում: Իրավիճակը փոխվել է 1453 թ. Կ.Պոլիսի թուրքական գրավումից հետո: Հետագա դարերում այստեղ ստեղծվում է հայկական նոր համայնք, որ մեծապես տարբերվում էր նախորդից:

 

1461 թ. հիմնադրվել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը, որ կոչված էր ոչ միայն հոգևոր սնունդ տալու, այլև զբաղվելու արևմտահայության գրեթե բոլոր խնդիրներով:
Հայերը ներգրավված են եղել երկրի տարբեր բնագավառներում և նույնիսկ զբաղեցրել ամենաբարձր պաշտոններ: Հայտնի են հայազգի պալատական վեզիրներ, արքունի ճարտարապետներ (Պալյան ընտանիքը), բժիշկներ (Ամիդովլաթ Ամասիացի), պալատական նկարիչներ (Մանասների ընտանիքը) և այլք:


Կ.Պոլիսը ավելի շատ, քան ժամանակի այլ քաղաքներ, իրենից ներկայացնում էր արևելյան կենցաղավարությունը, նրբագեղությունը ու արևմտյան նորարությունները համադրող յուրահատուկ հարթակ: Այստեղ էին խաչվում, հակադրվում և համադրվում տարբեր մշակույթներ, և արդյունքում ստեղծվում էր աշխարհի մայրաքաղաքներից մեկի գեղարվեստական նկարագիրը: Հայ Գաբրիել Ծաղկարարը քաղաքի մասին այսպես է հիշատակում. «Կայսերագահ եւ ծովահայեաց քաղաքն Կոստանդնուպօլիս»:


Կ.Պոլսի հայ մանրանկարչական ոճը: Քաղաքի ոճական էկլեկտիզմի ոգով էր ներշնչված այստեղ զարգացող հայ արվեստը և, իհարկե, մանրանկարչությունը: Գրքի հանդեպ դարավոր պաշտամունքային ուժով՝ հայը շարունակում էր գրել, ծաղկել ու կազմել մատյաններ ամենուր, որտեղ մի փոքր անգամ այդ հնարավորությունը տրվում էր: Հայաշատ Կ.Պոլսը հայ ձեռագրարվեստի վերջին հանգրվաններից է, որտեղ մինչև 19-րդ դարը տպագրությանը զուգահեռ դեռևս մատյաններ էին գրվում:


Մանրանկարչության կոստանդնուպոլսյան ոճը սնվում էր Անատոլիայի, Ղրիմի, Կիլիկիայի հայ մանրանկարչական դպրոցներից, ինչպես նաև նոր ձևաբանական լուծումներ փնտրում ժամանակի եվրոպական նկարչությունից, որ լայն տարածում էր ստացել թուրքական մայրաքաղաքում: Չմոռանանք նաև այն փաստը, որ այստեղ ձեռագրեր նկարազարդող վարպետների մեծ մասը մայրաքաղաք էր տեղափոխվել Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ իրենց հետ բերելով տեղական գեղարվեստական առանձնահատկությունները: Եթե Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի ձևավորման վրա մեծապես ազդել է Վասպուրականի հայ մանրանկարչությունը, ապա կոստանդնուպոլսյան ոճի ստեղծման հարցում զգալի է եղել կիլիկյան հայ մանրանկարչության ավանդները, ինչպես, օրինակ, ամբողջ էջով պատկերվող տերունական շարքերին զուգահեռ տեքստն ուղեկցող տարբեր դրվագների պատկերագրությունը, կիլիկյան գլխազարդերի, խորանների և լուսանցազարդերի հետևողականությունը:


Հակառակ ժամանակի տագնապներին ու անկումներին, որին ենթարկվում էր պոլսահայությունը՝ այստեղ մանրանկարչական դպրոցի ծաղկման ժամանակը հենց 16-17-րդ դարերն էին: Համախմբված քաղաքի վեց հայ եկեղեցիների շուրջ, գրիչներն ու մանրանկարիչները կրկնօրինակում ու բազմացնում էին հայ ձեռագրեր, որոնց մեջ առավել պահանջարկ էին վայելում նկարազարդ Աստվածաշունչ մատյանները: Պատահական չէ, որ մեզ հասած ձեռագիր Մատյանների մեծ մասը ստեղծվել է այս ժամանակշրջանի հայ գաղթօջախներում: Կ.Պոլսի հայ գաղթօջախի անվանի նկարիչներից են Մարկոս Պատկերահանը, նրա որդին՝ Գաբրիելը, Մաղաքիան, Հակոբ Ակնեցին, Մաթևոս Չափարցին, Եղիա Համթեցին, Դանիելը, Թովմասը: Վերջինս հայտնի է մի յուրահատուկ հայատառ թուրքերեն ձեռագրով, որի նկարազարդումները պրիմիտիզմի հասնող պարզություն և հարթայնություն ունեն:


Շնորհալի հայ նկարիչները, պահպանելով անցյալից ավանդված ձևերը, միաժամանակ ցուցաբերել են ստեղծագործական մոտեցում՝ ընդլայնելով նկարաշարը, ներմուծելով փոփոխություներ և նոր տարրեր հորինվածքների կառուցման մեջ: Նոր գեղարվեստական շունչը արձագանքն էր եվրոպական նկարչական հովերի, որ հասնում էին արևելքի խոշոր կայսրություններ՝ Օսմանյան, Պարսկական: Իսկ Պոլսի հայ վարպետները, միջավայրի պահանջներին ենթարկվելով, հայ մանրանկարչությունը հարստացնում են իտալական, հոլանդական նկարչական կոմպոզիցիաներով՝ թերևս թերանալով մարդկային անատոմիայի, դիմանկարչության վերարտադրման տեսանկյունից:


Ընդհանուր առմամբ Կ.Պոլսի հայ մանրանկարչական ոճին հիմնականում բնորոշ է երկնքի ոսկյա ֆոնը, ճարտարապետական հետնապլանը՝ մզկիթատիպ գմբեթներով, ոչ թե նկարված, այլ սև պարզ գծերով դիմապատկերումը, դեմքի անորոշ արտահայտությունը, կարճ հասակը…. Պոլսահայ ծաղկողները անմասն չեն մնացել նաև բյուզանդական մանրանկարչության հզոր ազդեցությունից, որ արտահայտվել է մեկ էջում հորիզոնական բաժանումներով մի քանի թեմատիկ նկարների հաջորդական պատկերման մեջ: Այս միտումը նկատվում է Հակոբ Ակնեցու, Մարկոս Պատկերահանի, Մաղաքիայի արվեստում:


Կրոնական և աշխարհիկ գրականությունից զատ կոստանդնուպոլսյան դպրոցում մեծ տարածում է գտնում նաև հայ ձեռագրարվեստի մի յուրահատուկ ճյուղ՝ թղթե գալարատիպ հմայիլները: Այս չարխափան, պաշտպանիչ ձեռագրերը 17-18-րդ դարերում մեծ ժողովրդականություն էին վայելում, որոնցում գրված կամ տպագրված են աղոթքներ ու մաղթանքներ՝ բժշկության, պահպանության, երեխա ունենալու և այլ նպատակներով։ Հմայիլներում գործածվում են մեզ հայտնի շատ աղոթքներ՝ Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքները, «Կիպրիանոս» ժողովածուից հայտնի պահպանիչ աղոթքներ և այլն։ Հմայիլները հետաքրքրական են նաև արվեստագիտական տեսանկյունից, քանի որ առատ նկարազարդված են և լրացնում են ժամանակի կոստանդնուպոլսյան մանրանկարչական ոճի դիմագիծը։

 


Անի ԵՆՈՔՅԱՆ 
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×