Հավերժական ներկը` որդան կարմիրը

Հավերժական ներկը` որդան կարմիրը

«Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որ ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել» (Ալ. Ֆակ, 983 թ, միջնադարյան արաբ հեղինակ):


Հարյուրավոր տարիներ հայ թագավորների մենաշնորհն է եղել «արևելքի հրաշք» անվամբ որդան կարմիր միջատից ստացվող ներկն ու բուժական թանկարժեք միջոցների ստեղծումը: Այն կիրառվում էր թե՛ արվեստներում ու արհեստներում, թե՛ բժշկության մեջ: Ազնվազարմ տիկնայք իրենց գեղեցկությունն ու երտասարդությունը պահպանելու համար օգտագործում էին որդան կարմիրից պատրաստված յուղեր:
Որդան կարմիրից ստացած ներկը օգտագործվում էր ոչ միայն բուրդ կամ այլ գործվածքներ ներկելու համար, այլ նաև մանրանկարչության, որմնանկարչության մեջ: Մեզ հասած հազարավոր ձեռագրերն ու որմնանկարները որդան կարմիրի բացառիկ որակի և նշանակության ապացույցն են: Դրանցից են, օրինակ, Քոբայրի վանքում պահպանված որմնանկարները, որոնք դարերի ընթացքում չեն կորցրել իրենց հմայքը արևի, անձրևի, քամու ազդեցությունից:


Հայկական գորգերն աշխարհին հայտնի էին ոչ միայն իրենց գործվածքի բարձր որակով, այլև ներկանյութերով: Ամենահայտնին որդան կարմիրն էր: Ալթայի երկրամասից հայտնաբերված, 4500 տարեկան համարվող Պազիրիկի գորգը, որն ամբողջական պահպանված ամենահին գորգն է աշխարհում, նույնպես գեղազարդված է որդան կարմիրով: Դեռ Ք. ա. 714-ին Ասորեստանի Սարգոն II թագավորը բարձր էր գնահատում Մուսասիրի Խալդիի տաճարից վերցված ավարի կարմիր գործվածքները:


Որդան կարմիրի գործածությունը կիրառական արվեստով չի սահմանափակվել: Այն նաև կաթողիկոսական ու արքայական կնիքների ներկն էր, որը վերջին անգամ պատրաստել է Սահակ եպիսկոպոսը (Ծաղկարար) և գործածել է Հովհաննես կաթողիկոսը (1831-1842 թթ): Սահակ եպիսկոպոսը պատմականորեն վերջին անձնավորությունն էր, որ XIX դարում փորձեց վերականգնել որդան կարմիրի բաղադրատոմսն ու ներկանյութ ստանալ: Նրա թողած ձեռագրերը հիմա չափազանց արժեքավոր են հնագույն գաղտնիքի վերականգնման գործում:


Մեծ է եղել բժշկության մեջ որդան կարմիրի ունեցած դերը. «Այն լայն կիրառություն ուներ նաև բժշկության մեջ. հայտնի էր որպես հակաբորբոքիչ ու ջերմիջեցնող միջոց»: Դրանից ստանում էին նաև մաշկի բուժման ու թարմացման հրաշալի միջոցներ, որոնց մասին ժամանակակից կոսմետոլոգիան կարող է միայն երազել:


Դեռ Հին Կտակարանում այս ներկն անգամ համեմատություններում էին օգտագործում: Եսայու մարգարեությունների մեջ ասվում է. «Եկէք խօսենք իրար հետ, - ասում է, Տերը. - եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ» (Եսայի Ա 18):


Աստվածաշնչի մեկ այլ հատվածում` «Ելք» գլխում, Աստված պատվիրում է Մովսեսին. «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի և կրկնակի կարմիրր կտավից տասշերտանի վարագույրով խորան կը պատրաստես» (Ելք ԻԶ 1): Թե՛ ծիրանի, թե՛ կրկնակի կարմիր գույները ստանում էին միայն որդան կարմիրից:


***
Քիմիկոսներին որդան կարմիրից ստացած նյութը ծանոթ է «կարմին» անունով: Սննդամթերքի տարայի վրա այն գրառվում է որպես E 120 (i): Արհեստական կարմինը գրվում է E 120 (ii): Արհեստական ճանապարհով կարմին ստացվել է XIX դարի վերջին: Այն ժամանակ թվում էր, որ դա լրիվ կբացառի բնական կարմինի արտադրությունը, քանի որ այդ եղանակը մի քանի անգամ ավելի հեշտ ու էժան էր: Սակայն հետագայում պարզվեց, որ արհեստական կարմինն իր հատկանիշներով զգալիորեն զիջում է բնականին. լուսակայուն չէ, դիմացկուն չէ և վնասակար է մարդու առողջությանը, ինչը թույլ չի տալիս այն նույն կերպ գործածել սննդամթերքի ու կոսմետիկայի մեջ, ինչպես բնականը: Սննդի արտադրության մեջ դա կարմիր ներկանյութն է, որ շատ է օգտագործվում յոգուրտների, ժելեների ու այլ կարմիր սննդամթերքների մեջ: Ի դեպ, 2007-ին Թուրքիայում երեք տարի տևած աղմկահարույց դատավարություններից մեկի ժամանակ Coca Cola ընկերությունը ստիպված եղավ բացահայտել իր ըմպելիքի գույնի գաղտնիքը. այն ստացվում է որդան կարմիրից: Այս ինֆորմացիան աշխարհում միանշանակ չընդունվեց: Ինտերնետային բազմաթիվ ֆորումներում մինչև հիմա մարդիկ դժգոհությամբ են ընդունում այն փաստը, որ իրենց հրամցվում է ինչ-որ որդից «ճզմված» հեղուկ: Շատերը դժգոհում են, որ դա հատկապես ալերգիկների համար կարող է կյանքի ու մահվան խնդիր դառնալ:


***
Արմեն Սահակյանը, որը առաջին մասնագիտությամբ բժիշկ է, արդեն երկար տարիներ զբաղվում է հին ձեռագրերի` տարբեր բժշկարանների ու դեղատոմսերի ուսումնասիրությամբ: Համեմատելով մի շարք ձեռագրեր, բազմաթիվ փորձեր կատարելով` ժամանակակից գիտության օգնությամբ նա կարողացել է ստանալ որդան կարմիր ներկի մի քանի տարբերակներ: «Իհարկե, պետք են հարյուրավոր տարիներ, որ համոզվենք, թե սա հենց այն նույն որդան կարմիրն է, որ դարերի խորքից հասել է մեզ, որ այն նույնքան դիմացկուն է, որքան հնում պատրաստվածը: Սակայն մեր ստացած նյութերը բազմաթիվ փորձարկումների են ենթարկվել Բեռլինի, Վաշինգտոնի, Հռոմի մի շարք հայտնի գիտահետազոտական լաբորատորիաներում: Արդյունքներն ավելի քան համոզիչ են և մեզ նոր լիցք են տալիս ուսումնասիրությունները շարունակելու: Դեռ շատ ժամանակ է պահանջվելու, մինչև վերջնական արդյունքի հասնենք: Մենք դեռ աշխատում ենք այս ուղղությամբ: Շուտով նոր մասնաշենքում հատուկ մեր բաժնի համար նախատեսված լաբորատորիան կունենանք, որը հնարավորություն կտա գիտափորձերն ավելի արդյունավետ դարձնել», - ասում է Արմեն Սահակյանը:


Շատերն են փորձել վերականգնել որդան կարմիրի բաղադրությունը, սակայն դրա համար միայն ձեռագրեը կարդալու հմտությունը քիչ է. պետք է իմանալ, թե այս կամ այն տերմինն ինչ է նշանակել, ժամանակային ինչ միավորներ են կիրառվել:


Բացի դրանից՝ հնարավոր է, որ ձեռագրերում էլ ինչ-որ բան կիսատ թողած լինեն, որպեսզի հնարավոր չլինի կեղծել կամ գողանալ գաղտնիքը, քանի որ վարպետներն անգամ իրենց սիրելի աշակերտներին ամենավերջին գաղտնիքը չէին հայտնում: Չպետք է մոռանալ նաև, որ որդան կարմիրի «լաբորատորիաներ» ունենալու մենաշնորհը արքայական ընտանիքներինն էր. միայն արքունիքում կարող էին ստեղծել այս ներկանյութը:
Գաղտնիքը պահելու «պահանջն» այսօր էլ արդիական է: Ցավալի է, բայց փաստ, եթե բաղադրությունը տպագրվի ու հասանելի լինի շատերին՝ բազմաթիվ արկածախնդիր անձինք անգիտորեն միայն կփչացնեն ամեն ինչ: Ինչպես դեղագործությունն ընդհանրապես, որդան կարմիրից ու այլ նյութերից բուժանյութեր ստանալու գործը նույնպես մեծ զգուշավորություն է պահանջում. փոքրիկ թերացումն անգամ կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Այս գործով պետք է զբաղվեն գիտակները ու մասնագետները:
(շարունակելի)

 

 

Նոյեմի ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×