Հայ արքայական մենաշնորհը
Հայկական որդան կարմիրն աշխարհին հայտնի է նաև «արարատյան որդան» անունով: Աշխարհում մի քանի տեղերում այս որդի տեսակներից կարմիրի երանգերով ներկեր ստացել: Հայտնի են արարատյանի բազմաթիվ ցեղակիցներ, որոնցից միայն երկուսն են օգտագործվում ներկանյութի ստացման համար` մեքսիկականն ու լեհականը: Մասնագետներն ասում են, որ հայկականն իր որակով մի քանի անգամ ավելի բարձր է մյուսներից: Այն լույսի, քամու ու ժամանակի նկատմամբ շատ ավելի դիմացկուն է, նրանից հնարավոր է ստանալ ամենատարբեր երանգներ` տաք դեղինից մինչև կարմրամանուշակագույնը: Վերջինս հայտնի է եղել ծիրանագույն կամ ծիրանի անունով: Հնում գիտնականները նշում էին, որ ծիրանին կարողանում են ստանալ միայն հայկական ներկատներում և միայն արարատյան որդան կարմիրից: Հենց այդ պատճառով էլ այդ գույնը համարվում էր հայկական արքայական ընտանիքների մենաշնորհը: Ծիրանին վկայում էր արժանապատվության մասին: Ոչ ոք արքայից բացի իրավունք չուներ կարմիր կամ ծիրանագույն հագուստ ու կոշիկներ կրել, եթե արքայի հատուկ թույլտվությունը չէր ստացել: Ծիրանի է կոչվել նաև արքայական հանդիսավոր թիկնոցը: Իսկ բյուզանդական արքունիքում ծիրանու երանգներով էին որոշվում պալատականների տարիքն ու դասը:
Ամենահին ներկը
ՀՀ ԳԱ Կենդանաբանության ու հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնորա Մկրտչյանը, ով շուրջ 45 տարի զբաղվում է որդան կարմիրի ուսումնասիրությամբ, պատմում է, որ որդան կարմիրի ամենահին գործածողները Նոյի զավակներն են եղել, ովքեր տիրապետել են այդ նյութը ստանալու գաղտնիքներին: Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ իր զգալի տեղն ուներ այս ներկը` արևելքում չափազանց մեծ էր նրա պահանջարկը: Դրա մասին դրվատանքի շատ խոսքեր են թողել արաբ պատմիչները: Նրանք որդան կարմիրը կոչում էին «ղըրմըզ»` որդից ստացած ներկ: Հայկական գրավոր աղբյուրներում որդան կարմիրի մասին առաջին անգամ հանդիպում ենք Ղազար Փարպեցու մոտ՝ V դարում:
Տնտեսապես շահավետ
Ուսումնասիրողները գրում են, որ չնայած իր հռչակին, արդեն XIII դարում որդան կարմիրի արտահանումը Հայաստանից սկսում է նվազել: Արքայական դինաստիաների կործանումն էլ ավելի է նպաստում ներկի գաղտնիքի անհետացմանը: XVI դարում արտահանումը գրեթե վերանում է, քանի որ Եվրոպա էր մուտք գործել իր ցեղակից մեքսիկական որդանից ստացվող ներկը:
Նոր աշխարհից բերվող այդ ներկը երկար ժամանակ եղել է իսպանական արքաների գաղտնիքը: Եվ քանի որ տնտեսապես այն ավելի շահավետ էր, բազմաթիվ երկրներ նախընտրում էին իրենցից գնել: Եթե արարատյանը տարեկան մեկ անգամ է սերունդ տալիս, ապա մեքսիկականը` 5: Եթե արարատյանն ապրում է բույսերի արմատներին, ապա մեքսիկականն ապրում է հատուկ կակտուսների վրա ու նրա հավաքումն ավելի դյուրին է: Կարճ ասած` մեքսիկականն ավելի առատ «արտադրանք» է տալիս: Եվ չնայած այս ամենին` որակով այն զիջում է հայկականին:
Հենց այդ հանգամանքն էլ XIX դարում ռուսական կայսրությունում հետաքրքրություն է առաջացնում որդան կարմիրի շուրջ: Արքայական գիտությունների ակադեմիայից գիտնականներ են գործուղվում Հայաստան` որդի ուսումնասիորությամբ զբաղվելու: Այդ ուսումնասիրություններից հետո հայկական որդան կարմիրը ստանում է իր նոր` գիտական անունը՝ ի պատիվ իր ուսումնասիրող Ջ. Համելի` Porphyrophora hamelii Brandt: Ռուսական հետաքրքրության հաջորդ ալիքը բարձրանում է 1929-ին: Նոր խումբ է գործուղվում Հայաստան: Այս անգամ նպատակն ավելի շոշափելի էր թվում. կառավարությունը որոշել էր բնական կարմիրի ստացման համար օգտագործել հայկական որդան կարմիրը: Հայրենական Մեծ պատերազմը խանգարում է այդ գործընթացին: Միայն 1971-ին նորից անդրադառնում են այս հարցին, և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հրամանով ԳԱ Կենդանաբանության ինստիտուտում ստեղծվում է արարատյան որդան կարմիրի գիտահետազոտական լաբորատորիա, որը զբաղվում է այս միջատի ուսումնասիրությամբ:
Որդան կարմիրն արդեն գրանցված է Կարմիր գրքում, արգելվում է այս միջատին արտադրական և այլ նպատակներով օգտագործել: Դրա փոխարեն թույլատրելի է նրանց բազմացումը արհեստական պայմաններում: Արդեն հայտնի է, որ թե´ մեքսիկական և թե´ լեհական որդերի կարմիր գույնը պաշտպանական միջոց է, այն նախ զգուշացնում, ապա նաև տհաճ համ է պարգևում իրեն ուտող կենդանիներին: Իսկ արարատյանի կարմիր գույնը դեռ հայտնի չէ, թե ինչ նշանակություն ունի, այն բնավ թունավոր ու վնասակար չէ, ինչպես հավաստում են գիտնականները:
Նոյեմի ԱՆԴՐԵԱՍՅԱՆ