Սկիզբը՝ այստեղ:
... Մատենադարանի Միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման գիտական խմբի ղեկավար, պատմագիտության և բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի համար Գանձասարի Մատենադարանի ստեղծումը շատ ավելին է, քան զուտ մշակութային իրադարձություն:
- Արցախի Հանրապետության ծնունդով ծնվեց նաև Արցախի հոգևոր փառքի վերականգնման գաղափարը: Ամենուր հայերի քաղաքակրթական կնիքը կա՝ խաչքարերի, վանքերի, ձեռագրային հուշարձանների տեսքով: Եվ երբ մենք ասում ենք, որ միջնադարում Հայաստանը ձեռագրերի աշխարհ էր, այս ձեռնարկով աշխարհին ի ցույց դրեցինք այդ փաստը: Լիահույս եմ, որ Գանձասարի օրինակը կոգևորի նաև մեր մյուս տարածաշրջաններին՝ նրանք կգտնեն իրենց գավառների դպրոցների ձեռագրերը, կստեղծեն դրանց պատճեները և Մատենադարանի հիմքի վրա կհիմնեն իրենց ձեռագրային հուշարձանների թանգարանները:
-Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Մատենադարանի Ձեռագրերի կրկնօրինակման և մակետավորման բաժնի դերը՝ ի դեմս ղեկավար Լիլիթ Ամիրջանյանի: Մեր պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ստեղծագործող նկարիչը տրվում է կրկնօրինակման արվեստին՝ դրան զուգահեռ ստեղծելով արդի հայկական մանրանկարչություն՝ նոր ընկալումներով և մեկնաբանությամբ,-ասում է միջնադարագետ, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը և որպես ապացույց վկայակոչում Լիլիթ Ամիրջանյանի ալբոմը՝ «Հայկական մանրանկարչություն. Աստվածաշնչյան պատկերազարդումներ. XX-XXI դդ.» (2007 թ., Երևան):
- Գանձասարում Մատենադարան հիմնելու ծրագիրը ծնվել էր վաղուց՝ դեռևս 2009 թվականին, երբ մեր բաժինը նոր էր ստեղծվել: Գաղափարը տվողը և ոգեշնչողը մեր տնօրեն Հրաչյա Թամրազյանն էր: Ընդօրինակեցինք Վասպուրականի, Սյունիքի, Գլաձորի, Էջմիածնի, Կիլիկիայի, Արցախի, Ղրիմի, Երուսաղեմի և այլ դպրոցների ձեռագրերի մանրանկարներ՝ սկսած 10-րդ դարից մինչև 18-րդ դար: Մենք աշխատում էինք օրնիբուն, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնեինք պարոն Թամրազյանի պահանջած գործը,- հիշում է Լիլիթ Ամիրջանյանը: Նրա շնորհիվ է, որ 21-րդ դարում վերակենդանանում է հայ միջնադարյան մանրանկարչությունը, ձեռագրային մշակույթը: «Գանձասար-Մատենադարան» գիտամշակութային կենտրոնը այսուհետև աշխարհին պատմելու է, որ երրորդ հազարամյակում էլ հայ ժողովուրդը կանգնած է կենդանի՝ Հնի ու Նորի ճանապարհին: Եվ պատմական երկար ճանապարհ կտրել-անցնելուց հետո էլ խոսք ունի ասելու աշխարհին...
Ձեռագրերում արցախցու ազատատենչ ոգին է
- Հիրավի, հրաշալի ձեռնարկ է իրականացվել,-ասում է Գանձասարի Մատենադարանի ստեղծման նվիրական գործում իր ավանդը ունեցած, Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը և ընդգծում, որ այնպիսի մշակութային կենտրոն, ինչպիսին եղել է Գանձասարը, չէր կարելի մոռացության մատնել: Եվ ես այս գործին մասնակցել եմ մեծագույն սիրով: Շատ կարևոր էր, որ Գանձասարը վերածնվի ու վերագտնի իր երբեմնի հոգևոր փառքը:
- Արցախցիների ազատատենչ ոգու արտահայտությունը հենց Արցախի դպրոցի ձեռագրային հուշարձաններն են: Եվ Գանձասար այցելող յուրաքանչյուր օտարերկրացի իր համար հայտնաբերելու է մի ճշմարտություն ՝ Արցախը մի ուրույն աշխարհ է, որն իր պատմությամբ ոչ մի առնչություն չունի իսլամական միջավայրի հետ և պետք է լինի անկախ,- համոզված է Աիդա Չարխչյանը:
Սերունդները կանգնած են հերթի
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Ձեռագրերի կրկնօրինակման և մակետավորման բաժնի երիտասարդ աշխատակիցները սիրով ու խոնարհումով են մասնակցել Գանձասարի համար նախատեսված ձեռագրերի մակետների պատրաստման և մանրանկարների կրկնօրինակման գործին՝ Գայանե Մակյան, Հայդուկ Սմբաստյան, Արթուր Հովհաննես Հովհաննեսյան...: Այս ծրագրի շուրջ համախմբվել են նաև տաղանդավոր երիտասարդներ՝ մանրանկարչության և սրբանկարչության խմբակներից, ովքեր չլինելով Մատենադարանի աշխատակիցներ՝ նվիրվել են այս ազգանվեր գործին: Բոլորն էլ իրենց վստահված գործին մոտեցել են սրբազան պարտքի զգացումով:
- Իմ մեծ ուսուցչի՝ Լիլիթ Ամիրջանյանի աննկարագրելի ահռելի ստեղծագործական ժառանգությունը ես չէ, որ պետք է գնահատեմ: Սակայն բավական է մի հայացք գցել նրա ՝ թեկուզև մի նկարին և անմիջապես կարելի է հասկանալ, որ նրա գոյությունը մի փոքրիկ, բայց զորեղ ճրագ է՝ վերևից կանթեղված այս խավարի մեջ... Եթե գեղանկարչությունը և, ընդհանրապես, նկարչությունը ինքնաարտահայտման միջոց է, ապա մանրանկարչությունը ինքնամաքրման ճանապարհ է. այսինքն՝ գեղանկարիչը իր ասելիքը, իր պատկերացումներն ու տեսլականը մեզ է փոխանցում իր ստեղծագործության միջոցով, իսկ մանրանկարիչն այս ամենի հետ անցնում է ինքնամաքրման միջով, որ իր ստեղծագործությունները դիտող մարդը ևս ինքնամաքրվի, ազդվի, քննի իր կյանքը և ներաշխարհը: Հենց սրանում է Լիլիթ Ամիրջանյանի բացառիկության գաղտիքը: Եվ մենք իսկապես երջանիկ ազգ ենք, որ ունենք Լիլիթին, ինչպես երաշտի ժամանակ ընծայված աղբյուր,-ասում է Արթուր Հովհաննեսյանը:
Լիլիթ Ամիրջանյան մանրանկարչուհին կրթում է սերունդներ՝ իր կյանքում փառք չտենչալով և հանուն վաղվա հոգևոր Հայաստանի ցանելով գալիքի սերմերը: Միջնադարյան վարպետներին բնորոշ նույն տքնությամբ և խոնարհությամբ նա 21-րդ դարում վերակենդանացնում է հայկական մանրանկարչության ավանդույթները: Լիլիթ Ամիրջանյանի՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող 100-ից ավելի սաները աշխարհին պատմում են, որ մանրանկարչությունը ամենևին էլ մեռած մշակույթ չէ, ինչպես Եվրոպայում: Եվ պատահական չէ, որ այն վերածնվում է հենց առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում: Իսկ Հովհաննես Սարկավագը XI-XII –րդ դդ. հեռավորությունից մեզ պատգամում է.
«Ելնելով մոտ ժամանակներից և ներկայից, անցյալը նույնպես ուսումնասիրելով, մենք ըմբռնում ենք ապագան»:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ