Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցասրահներից մեկում պատկերված են Պատմական Հայաստանի վերաբերյալ քարտեզներ, որոնք օտար այցելուներին պատմում են ոչ միայն մեր երբեմնի աշխարհակալ արքաների, այլև հոգևոր փառքի մասին՝ ներկայացնելով միջնադարյան զարգացած գրչատների և դրանց սուրբ պատերի ներսում ծնունդ առած ձեռագրերի մասին՝ Անի, Վան-Վասպուրական, Տարոն-Տուրուբերան, Բարձր Հայք, Կիլիկիա... Այս շարքում իր ուրույն տեղն ունի Արցախ աշխարհը, որն այսօր դարձել է մեր ժողովրդի հոգևոր վերածննդի խորհրդանիշը և մեր նոր երազների հանգրվանը: Միջնադարյան հայկական հոգևոր կենտրոնների շարքում իր անկրկնելի դերն ու նշանակությունն է ունեցել Գանձասարը:
Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Գանձասարը եղել է առաջնորդարան, ինչպես նաև Խաչենի մելիքների տոհմական տապանատունը: Հասան–Ջալալյան տոհմի իշխանի շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը: Վանքը եղել է գիտության հզոր դարբնոց, որտեղ կրթվել են ժամանակի նշանավոր հոգևոր գործիչները՝ իրենց նպաստը բերելով Խաչենի և հարակից շրջանների մտավոր ու մշակութային կյանքի զարգացմանը: Այնտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, որոնց մի մասն ապրում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ մնացյալը սփռված են աշխահով մեկ:
Գանձասարի կաթողիկոսության վերացումից երկու դար անց կազմավորվեց Արցախի Հանրապետությունը: Եվ 2015-ի նոյեմբերի 21-ին Ստեփանակերտում բացվեց «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որը գործում է Մատենադարանի ենթակայության ներքո: Ներկայացված են տարբեր դպրոցներին պատկանող 100 ձեռագրերի կրկնօրինակներ՝ 200 մանրանկարներով: Եվ Մատենադարանի լուսահոգի տնօրեն Հրաչյա Թամրազյանի այս նվիրական ծրագրի իրականացման գործում մեծ և անուրանալի ներդրում ունի Ձեռագրերի կրկնօրինակման և մակետավորման բաժնի վարիչ, մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանը: Ձեռագրերի և մանրանկարների ընտրության հարցում իրենց ավանդն են բերել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը և ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը: Եվ այս տարի Գանձասարը տոնելու է իր 777-ամյակը՝ հոգևոր փառքը վերագտած:
Մատենադարանի վաստակաշատ գիտնականները Գանձասարում այս հոգևոր կենտրոնի բացումը համարում են մեր ազգային կյանքի լուսավոր իրադարձություններից մեկը՝ մեր ամբողջ պատմության ընթացքում, որն ունի ազգային ռազմավարական նշանակություն: Նրանցից մեկը գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանն է.
-Մաշտոցյան Մատենադարանի Արցախի մասնաճյուղի կամ Գանձասարի Մատենադարանի հաստատումը մշակութային շատ կարևոր իրադարձություն է: Քաղաքական ներկա իրադրության մեջ այս հաստատությունը լավագույն ձևով ներկայացնում է այն ակնառու իրողությունը, որ թե՛ ամբողջ միջնադարի ընթացքում և թե՛ նոր ժամանակներում՝ ընդհուպ մինչև խորհրդա-ադրբեջանական բռնատիրության սկզբնավորումը, Արցախը եղել է համահայկական գրական-գիտական կյանքի կենտրոնում, այսինքն՝ հայկական գիտության, գրականության, ուսումնական կյանքի և ամենալայն առումով մշակույթի անկապտելի մասն էր, ուստի և թե՛ ստեղծել, և թե՛ գործածել է նույնպիսի ձեռագիր մատյաններ և տպագիր գրականություն ու մամուլ, ինչպիսիք եղել են ամբողջ Հայաստանում և հայկական իրականության մեջ,- համոզված է գիտնականը:
Մեծ գործերի ետևում միշտ կանգնած են խոնարհ ու անխոնջ նվիրյալները: Այդպես է եղել միջնադարում. մեր գրիչների ու ծաղկողների շնորհիվ են ստեղծվել հայկական ձեռագիր մատյանները՝ բացառիկ երևույթ համաշխարհային մշակույթում: Այդպես է և այսօր. մեր ժամանակների նվիրյալների շնորհիվ է, որ պահպանվում և սերունդներին են փոխանցվում մեր մշակույթի դարավոր արժեքները: Նրանցից մեկը ծնունդով և արմատներով արցախցի Լիլիթ Ամիրջանյանն է, ով Մատենադարանում աշխատում է տասնամյակներ շարունակ: Մանրանկարչուհու շնորհիվ է, որ ընդամենը 7 տարիների ընթացքում կրկնօրինակվեցին և երկրորդ կյանք ստացան 100 ձեռագրերի մակետներ և 200 մանրանկարների կրկնօրինակներ:
Նա տասնամյակների ավանդ ու ներդրում ունի հայ միջնադարյան ձեռագրային արվեստի պահպանման, զարգացման և այդ արվեստի հին ավանդույթները սերունդներին փոխանցելու՝ դասավանդելու գործում: Մատենադարանը նրա համար մի սրբավայր է, որտեղ նա ամեն օր աղոթքով է մտնում և բացում դուռը՝ դեպի մեր հոգևոր գանձերը՝ սրբազան գրքերի պատկերազարդման արվեստը: Նրա անհատույց, անմնացորդ նվիրման արդյունքն է, որ այսօր ունենք միջնադարյան հայկական մանրանկարչության՝ ազգային այս մեծ ու կարևոր արժեքի՝ ձեռագրային մանրանկարչության կրկնօրինակման արվեստի դպրոցի (բաժնի) զարգացումը մաշտոցյան Մատենադարանում:
Լիլիթ Ամիրջանյանը առաջին նկարչուհին է՝ կին ծաղկողն ու գրիչը, որ հայ միջնադարյան մանրանկարչության պատմության մեջ և երկդարյա դադարից (19-20-րդ դդ.) հետո՝ 20-21–րդ դդ. ստեղծել է նոր ձեռագիր Ավետարաններ՝ իր հեղինակային ստեղծագործական պատկերազարդումներով և ձեռագիր Ավետարանների ամբողջական տեքստերով:
Նա ստեղծել է 3 պատկերազարդ ձեռագիր Ավետարան ընդամենը 12 տարվա ընթացքում: Այժմ դրանք գտնվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցներում և ցուցադրություններում: Սա մեծ ներդրում է հայ միջնադարյան ձեռագրային արվեստի զարգացման պատմության մեջ: Նրա ստեղծած Ավետարանները կապող օղակ են հին միջնադարյան ձեռագրային արվեստի ու այժմյան՝ նոր սկիզբ առած, ինչպես ականավոր քանդակագործ Ղուկաս Չուբարյանն է իրավացիորեն բնորոշել՝ Երևանյան դպրոցի միջև: Նկարչուհին, հիրավի, կրողն է ժողովրդական մշակույթի, ազգային արժեքների և այդ արժեքների փոխանցողն է ապագա սերունդներին:
Մատենադարանցիների համար մինչև հիմա կարևոր խորհուրդ ունեն Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի հետևյալ խոսքերը.
«Հայոց պետականությունը միշտ խարսխված է եղել մշակույթի և մշակույթը՝ պետականության վրա... Նրանց անքակտելի կապը ներդաշնակություն է ձևավորել հայ մարդու հոգեկերտվածքում՝ մղելով նրան սխրանքի՝ և՛ ռազմի դաշտում, և՛ ստեղծագործելիս...»:
(շարունակելի)
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ