Դիմանկարի փոխարեն

Դիմանկարի փոխարեն

- Ո՞վ է Կոմիտասը:

Ճիշտ է, որ «ամեն համեմատություն կաղում է»:
Բայց կան համեմատություններ էլ, որ ուղղակի աղերսվում են:
Կոմիտասին շատերի հետ են համեմատել՝ Կոմիտաս Առաջինի և Նարեկացու, Սայաթ-Նովայի և Աբովյանի, Թորամանյանի:
Ճշմարտության մեծ պատառ կա այդ բաղդատությունների մեջ, թեպետ չհամընկնող եզրերը նույնպես որոշակի են:
Սակայն ամենից ավելի ճիշտ է, ըստ իս, այն համեմատությունը, որ նոր չէ, բայց տակավին չի գիտակցվել խորապես:
Եվ ժամանակը չի ուշացնում իր օգնությունը, որպեսզի քիչ կրկնելով՝ շատ հասկանանք, որ Կոմիտասի գործն ամենից ավելի հիշեցնում է... Մաշտոցի գործը:


Ժողովուրդ կոչվածը, ինչ խոսք, կույր չէ, բայց նաև ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը մի անձ չէ, որ կանգնի հայելու առջև և տեսնի իր կան ու չկան: Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն գավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել րստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն ծնողականը:Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց՝ ինքը՝ ժողովուրդն էլ, լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագայթումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:


Այսպիսի ծնունդ էր ամենից առաջ Մեսրոպ Մաշտոցը:


Այսպիսի ծնունդ է նաև Կոմիտասը, և նրա պարգևած լույսն էլ, ինչպես Մաշտոցինը, դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:


Մաշտոցը, ինչպես մեր մանուկներն էլ գիտեն, նախ և առաջ գյուտարար էր, ինչպես որ հայտնագործող էր նաև Կոմիտասը. մեկը գտավ մեր լեգվի այբուբենը, մյուսը գտավ մեր «երկրորդ լեզվի»՝ մեր երգի «այբուբենը», որ ամոթ է խառնել հնադարյան հայկական խազերի, հայկական ետնադարյան ձայնանիշերի կամ ժամանակակից նոտաների հետ: Խոսքը, ուրեմն, ձայնանիշերի մասին չէ, այլ մեր երգի այն «այբուբեն»-ի, որի գյուտարարությամբ Կոմիտասը կարող է և ի լուր աշխարհի հայտարարել, որ «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն», «որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կը ծնի ու կը ծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»:


Պատմական իրադարձությունները չեն կրկնվում, բայց իրադրությունները կրկնվում են հաճախ: Հայ ժողովրդի բախտը 19-րդ դարում շատ բանով էր հիշեցնում 4-րդ դարը:


Ամենից առաջ երկփեղկված ազգ և բնաջնջվելու վտանգի ահագնություն:
Անհրաժեշտ էր մի գյուտ, որ նույնքան պարզ լիներ, որքան հանճարեղ:
Պատմական անհրաժեշտությունը չի կարոդ չկատարվել: Եթե նոր զենք է հարկավոր՝ անպայման ստեղծվում է: Մաշտոցի զենքը չէր անպետքացել, բայց նոր ճակատամարտում նոր զենք էլ էր անհրաժեշտ:
Պիտի ծնվեր մի նոր, մի յուրօրինակ Մաշտոց: Եվ նա ծնվեց: Եվ նա արեց իր գյուտը' նույնպես «նորոգ ու սքանչելի»:
Կոմիտասն էր:


Մաշտոցից առաջ էլ կար հայոց լեզու իր հնչյունական համակարգով ու քերականությամբ: Բայց այդ համակարգը տարաբաժանելու ու վերամիավորելու, այդ քերականության օրենքները ճանաչելու և սահմանելու համար հարկավոր էր մի հանճար:
Այս վերապահմամբ էլ՝ Մաշտոցն էր, որ հայոց լեզու տվեց:
Կոմիտասից առաջ էլ կար երգ ու նվագ, հայն ուներ իր երգային համակարգն ու երաժշտական «քերականությունը»: Բայց այդ համակարգը տարբերելու և վերահամադրելու, այդ «քերականությունը» ուսումնասիրելու և օրինավորելու համար հարկավոր էր մի հանճար:


Այս վերապահմամբ էլ՝ Կոմիտասն էր, որ հայերին հայոց երգ ու նվագ տվեց...
Եվ ինչպես Մաշտոցը՝ Կոմիտասն էլ «հերթական» մեծություն չէ մեր մշակույթի պատմության մեջ և այդ պատմության մատյանում չի զբաղեցնում մի դրվագ միայն: Նա միայն երգահան չէր, թեկուզ և դարագլխային՝ մի ամբողջ դպրոցի հիմնադիր: «Նա ինքն էր ամբողջ մի կոնսերվատորիա»: Եվ միաժամանակ՝ մեծ գիտնական, մեկը այն երջանիկ ու դժբախտ հայտնագործողներից, որոնց հավաքական անունը Կոլումբոս է: Նաև հայ երգի լավագույն կատարողը՝ նույնպես սկզբնավորող և ոչ շարունակող: Իսկ խմբավա՞րը, նվազո՞ղը, նվագավա՞րը: Իսկ ուսուցիչ-մանկավա՞րժը, բանասե՞րը, բանաստե՞ղծը...
Նայելով ահա այս բարձունքից՝ Կոմիտասին չի կարելի համեմատել իր մեծ ժամանակակիցներից ու նախորդներից և ոչ մեկի հետ: Ըստ իր գործի ու դրա հետևանքների՝ նրան հայր կարող էր դառնալ միմիայն Մեսրոպ Մաշտոցը...


Եվ այս ամենը... փաստ է, և այն էլ՝ անժխտելի: Փաստ, որ ունի մեկ բանի կարիք՝ խորապես գիտակցվել բոլորի կողմից:
Եվ այստեղ մենք պարտավոր ենք ասել ավելին, քան ասվեց:


... Կոմիտասը ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել նաև խորհրդանիշ:
Մեր ժողովրդի համար այդպիսի խորհրդանիշները ընդամենը մի քանի հատ են՝ Մասիս, էջմիածին, Մաշտոց և (իզուր այլ անուն մի փնտրեք)... Կոմիտաս:


Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասել, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում Մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում, Կոմիտասի գործը իր հետևանքներով ավելին է անում, քան մինչև իսկ... Մաշտոցի գործը:
«Ինչո՞ւ»-ին պիտի պատասխանել երկու «որովհետև»-ով. որովհետև բոլոր հայերը չեն, ղժբախտաբար, որ այժմ կարողանում են օգտվել Մեսրոպյան այբուբենից... որովհետև հայերեն կարդացողներին էլ բաժանում է մեր հին ու նոր ուղղագրությունը՝ մի իրավիճակ, որ պիտի դառնա օրակարգի հարց, ինչպես Մայր Հայրենիքի, այնպես էլ Սփյուռքի պատասխանատու մարմինների համար՝ մեկ համազգային ուղղագրություն ստեղծելու անհետաձգելի մտահոգությամբ...


Իսկ Կոմիտասի «այբուբենն» ու «ուղղագրությունը», որ կարդացվում է ավելի ականջով, քան աչքով, որ հասկացվում է ավելի հոգով, քան գիտելիքներով, շարունակում է մնալ համագգային և համընդհանուր՝ որտեղ էլ որ ապրի հայը, ինչ կուսակցության ու դավանանքի էլ պատկանի...


էջմիածի ՞նը:
Բայց էջմիածնի կողքին էլ, ցավոք սրտի, դրված է մեկ այլ «ուղղագրություն»՝ Անթիլիասը, այլևս չխոսելով կրոնական այլ համայնքների մասին:
Իսկ Կոմիտասի գործը դարձյալ համընդհանուր է բոլորի համար և ամենքի աչքին...


Մասի՞սը:
Բայց սրա էլ «անունը կա ամանում չկա», մինչդեռ Կոմիտասի անունը բոլորիս շրթներին է և ինքն էլ «ամանված» բոլորիս հոգիներում...
Կա, անշուշտ, այս բոլոր սրբազան խորհրդանիշներից վեր մեկ այլ խորհրդանիշ էլ՝ խորհրդանիշների խորհրդանիշը, որ կոչվում է Մայր Հայրենիք և իր մեջ «ամանում» մնացած խորհրդանիշնեըը: Եվ Կոմիտաս-Մաշտոց-էջմիածին-Մասիս խորհրդանիշների հարաբերակցությունն էլ այլ բանի համար չի քննվում, եթե ոչ Մայր Հայրենիքին, նրա այսօրին ու գալիքին ծառայելու նպատակով և նպատակադրմանը: Եվ գաղտնիք չէ, որ մինչևիսկ Մայր Հայրենիքի գաղափարը այժմ և առայժմ համընդհանուր ու միասնական չէ արտասահմանյան հայության համար: Եվ այս հարցում էլ դարձյալ և միայն Կոմիտասի գործն է, որ ճանաչվում է բոլորի կողմից, ընդունվում ամենքից:


Այլ խոսքով Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի «վիզա»՝ ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից:
Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր:


Արժե ավելացնել նաև. որ նոր չի այս առաքելությունը: Մոտ 60 տարի առաջ, դիմելով Կոմիտասին, ականավոր գրող Տ. Կամսարականն ասել է. «Անցյալ գիշեր... երգելով ու բարբառելով... Հայաստան ուխտագնացության տարաք զմեզ, կամ լավ ևս է ըսել քիչ մը Հայաստան բերիք Եգիպտոսի հայերուս, մենք կկարծեինք, թե հայ կրոնավորը, որ էջմիածնեն կուգա, մյուռոն միայն կբերե, Դուք Մասիսն ու Արագածը փոխադրեցիք հոս պահ մը. ով րսավ, թե լեռները չեն քաւեր»...


Այս, որ ճշմարիտ է, ասված վաթսուն տարի առաջ, վաթսունապատիկ ավելի ճշմարիտ է այսօր, որովհետև Կոմիտասն այսօր վաթսունապատիկ ավելի է «լեռներ քալեցնում», «քիչ մը Հայաստան» է տանում ամենուրեք, որտեղ Հայաստան չկա. բայց կա հայ, իսկ բուն Հայաստանում էլ եկավ սիրեցնել մեգ, ինչ որ մերն էր, բացավ մեր վարագուրված աչքերը մեր սեփական արժանիքներուն առջև, վերաղարձուց մեգի դեպի մեր հայրենի բնագավառն ու օջախը, մեր անդն ու անդաստանը՝ բառին առարկայական թե այլաբանական իմաստով»:


Ուստի և պարտավոր ենք միաբան խորհելու և միահամուռ ասելու, որ այսօր ոչ ոք ու ոչինչ այնքան Հայաստան չի «արտածում» արտասահման և ոչ ոք ոչինչ այնքան հայաստանասիրություն չի «ներմուծում» Հայաստան, որքան Կոմիտասն իր կամրջով:


Ահա թե ով է Կոմիտասը...

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
1969 թ., Երևան

  • 2022-02-08
×