Հպարտության և խոնարհումի զգացումով

Հպարտության և խոնարհումի զգացումով

Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր…

Վահագն Դավթյան

 

Եվ հայոց տառերը դարձել են գիր ու մագաղաթ: Նրանցով ստեղծվել են մշակույթի հազարավոր անգին գոհարներ, որոնք իրենց հաստատուն տեղն ունեն համաշխարհային քաղաքակրթության մեջ: Այդ անգերազանցելի արժեքներից է միջնադարյան մեծագույն քերթող և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը, որը մեր ժողովուրդը գնահատել է որպես երկրորդ Ավետարան, եղել է ամենաշատ արտագրված ձեռագրերից մեկը: Նարեկացու մատյանը դուրս է եկել Հայկական լեռնաշխարհի սահմաններից: Բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ քրիստոնյա ճապոնացիները իրենց դուստրերին «Նարեկ»-ն էին օժիտ տալիս: Իսկ օտարազգի հայագետները, հայկական մշակութային ժառանգության առջև խոնարհվելով՝ հետևյալ միտքն են արտահայտել. «Եթե հայ ժողովուրդը ուրիշ արժեք ստեղծած չլիներ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը բավական կլիներ, որպեսզի համաշխարհային քաղաքակրթության մեջ մեկընդմիշտ իր արժանի տեղն ամրագրեր»:

Նարեկացուց մոտ ինը հարյուրամյակ անց աշխարհ եկավ Կոմիտասը, ում անմահ երաժշտության առաջ խոնարհվեց ամբողջ Եվրոպան:

…Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կոնսերվացման և վերականգնման բաժնի աշխատակիցներն ամեն օր երկյուղածությամբ իրենց ձեռքն են վերցնում մեր մշակույթի գանձերը, բուժում դարերի ընթացքում նրանց ստացած վերքերն ու հիվանդությունները և փոխանցում գալիք սերունդներին:

 

«Ձեռագրերն իմ երեխաներն են»

 

Սուսաննա Բարսեղյանը Մատենադարանի կոնսերվացման և վերականգնման բաժնում աշխատում է արդեն 22 տարի: Այս երկար տարիների ընթացքում նա նորոգել է բազմաթիվ բարդ ճակատագրեր ունեցած ձեռագրեր՝ սնկային հիվանդություններ ստացած, թրատված, քարանձավներում քարացած… Սակայն նրան երբևէ հանդիպած ամենաբարդ ձեռագիրն աշխարհի ճանապարհներից Հայրենիք վերադարձած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկն է՝ արտագրված 14-րդ դարում: Ձեռագիրը Հայաստանին է հանձնել ռուսաստանցի մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանը: Վերականգնվելուց հետո այն ի պահ է տրվելու Մատենադարանին:

- Ձեռագիրը մեզ է հասել չափազանց վատ վիճակում, - ասում է Սուսաննա Բարսեղյանը: - Թերթերը կպած են իրար և ծայրաստիճան քայքայված են. անգամ հնարավոր չէ ձեռք տալ, քանի որ անմիջապես փոշիանում են: Ես բարդ ձեռագրեր վերականգնելու 21 տարիների փորձ ունեմ, բայց քայքայվածության այս աստիճանի առաջին անգամ եմ հանդիպում: Նորոգումից հետո կատարում եմ հեռավոր խոնավացում, դնում եմ մամլիչի տակ ու հարթեցնում: Վերականգնումը կատարվում է ճապոնական թղթերով՝ տարբեր հաստությունների և տոնավորված՝ ըստ ձեռագրի էջերի գույների: Երբ ավարտեմ աշխատանքը, միջնադարյան ոճով կարելու եմ ամբողջ մամուլները և ամրացնելու եմ ձեռագրի տախտակին: Հետո կվերականգնենք կաշվե կազմը՝ վնասված հատվածը համակցելով հին կաշվի հետ: Կպահպանվեն ու կնորոգվեն դռնակները և կապիչները:

Սուսաննա Բարսեղյանի հրաշագործ ձեռքերի տակ Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը վերակենդանանում է արդեն երեք տարի: Նրա գնահատմամբ դեռ երկու տարի էլ կպահանջվի, որպեսզի մեր մշակույթի այս գանձը լիովին ապաքինվի: Նա յուրաքանչյուր էջի հետ աշխատում է մեծ հոգածությամբ, որպեսզի հանկարծ չկորչի մի փոքրիկ հատված անգամ: Իսկ կողքին արդեն վերականգնված բազմաթիվ էջերն են: Իր թույլտվությամբ շոշոփում եմ դրանցից մեկը. արդյունքն ապշեցնող է:

- Ձեռագրերն, ասես, իմ երեխաները լինեն: Նրանցից յուրաքանչյուրն այնքա՜ն հզոր ներգործություն ունի, որ օրվա ավարտին միշտ մտորում եմ՝ ինչպե՞ս շարունակեմ աշխատանքս իր հետ: Նրանք շնչող էակներ են, և ես չեմ կարող որևէ մեկն առանձնացնել: Ես շատ ձեռագրեր եմ վերականգնել, որոնք միակ պահպանված օրինակն են: Բոլորն էլ շատ մեծ ուժ են տվել ինձ, - ասում է նա:

- Հարգելի Սուսաննա, բազմաթիվ ձեռագրերի հիշատակարաններում պահպանվել են փաստեր, որ երբ հայ մարդը զավակ չի ունեցել, ձեռագիր մատյաններ է որդեգրել, իսկ նրանց կորուստը սգացել է ինչպես մարդու մահը: Դյուրի՞ն է արդյոք նրանցից բաժանվելը վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո:

- Ոչ… Միակ մխիթարությունս այն է, որ նրանք այսուհետ ապահով վիճակում են և ապրելու են բազում դարեր: Նրանց հետ աշխատելիս ասես մտովի անցնում ես պատմության քառուղիներով, թե ինչպես են մեր պապերը եղեռնի ու գաղթի ճանապարհին փրկել այս արժեքները՝ հաճախ ի հաշիվ իրենց երեխաների: Սա մեր ազգի մեծագույն հոգևոր հատկանիշն է:

- Ձեռագիր մատյանների և հնատիպ գրքերի հետ աշխատելիս վերականգնող մասնագետը, ասես, երկխոսության մեջ է մտնում նրանց հետ: Ինչպիսի՞ն են Ձեր զգացումներն այդ պահին:

- Շատ խորը… Ակամա մտածում եմ՝ ինչպե՞ս են մեր նախնիները ստեղծել այս արժեքները: Նրանք քեզ տանում են ուրի՛շ աշխարհ… Ասես աշխարհից դուրս ես գալիս: Հաճախ եմ մտածում՝ ինչպե՞ս է մարդու միտքը պատերազմ ծնում, երբ մշակութային արժեքներ արարել գիտի:

Սուսաննա Բարսեղյանը պատերազմներով և մարտահրավերներով լի այս հազարամյակում մեր ժողովրդի համար մատնանշում է դարերով փորձված ճանապարհը և կրկնում մեր գոյատևման բանաձևը.

- Մեր ծնողների գործը իրենց սերնդի հոգում այս արժեքների սերմանումը պետք է լինի…

 

 

«Նրանց հզորությունը ինձ ուժ է տալիս»

 

Ամիսներ առաջ Եղիշե Չարենցի անվան ԳԱԹ-ից Մատենադարան բերվեցին մեծարժեք ձեռագրեր՝«Կոմիտաս և Աբեղյան. ժողովրդական խաղիկներ»՝ գրված 1903 թվականին: Վերականգնումը մեծ պատասխանատվություն էր պահանջում: Բոլորը մտահոգ էին, թե ո՞վ է զբաղվելու Կոմիտաս վարդապետի ձեռագրերի վերականգնման աշխատանքներով: Եվ մի համարձակ երիտասարդ ստանձնեց այս կարևորագույն գործը:

Արտավազդ Այվազյանի սեղանին Կոմիտաս Վարդապետի ձեռագրերն են և 17-րդ Հայսմավուրք: Նրա համար թանկ է Կոմիտասի ձեռքով գրված ամեն մի տառը: Իսկ իր ղեկավարն ու գործընկերները վստահ են, որ Արտավազդն այս գործը պատվով ավարտին կհասցնի:

- Կոմիտասի ժողովրդական խաղիկներն են… Վարդապետի ձեռագրերը մեզ են հասել բավականին բարդ վիճակում: Գիրը ջրի նկատմամբ շատ զգայուն է, նաև մատիտով գրված տեղեր կան: Նկատելի են Աբեղյանի կատարած խմբագրումները, որոնք փոքրիկ թղթերով փակցված են էջերին: Նույնիսկ խոնավեցման հնարավորություն չունենք: Աշխատում եմ չոր եղանակով՝ ռետինով կատարելով տեղային մաքրում: Ձեռագրերի թերթերը մաշված են, և յուրաքանչյուր էջ իր աշխատանքն է պահանջում:

Կոմիտասի ձեռագրերը մեզ են հասել պրակներով, ինչը բարդացնում է մեր գործը: Զգուշորեն անջատում եմ պրակները, որից հետո սկսվում է վերականգնման փուլը: Աշխատում եմ ճապոնական թղթերով՝ տոնավորելով ըստ թերթերի գույների: Հետո կատարում եմ խոնավացում և դնում մամլիչի տակ: Այս աշխատանքները երկար ժամանակ են պահանջում, որոնք կտևեն մոտ մեկ տարի, - ասում է զրուցակիցս:

Արտավազդ Այվազյանը ժպտադեմ ու պայծառ անձնավորություն է: Սակայն Կոմիտասի ձեռագրերի վերականգնման աշխատանքների մասին խոսելիս դառնում էր սևեռուն ու մտազբաղ.

- Ինձ համար մեծ պատիվ է Կոմիտասի ձեռագրերի հետ աշխատելը, - ասում է: - Շարունակ մտածում եմ՝ ինչպե՞ս անել, որ իմ կատարած աշխատանքը հաջող լինի: Կոմիտասը փրկեց մեր մշակույթը, և ես իրավունք չունեմ վնասելու նրա ձեռքով գրված թղթի թեկուզ մի չնչին հատված:

Արտավազդն այն երիտասարդ մասնագետներից է, որին բազմիցս վստահվել է մեծադիր ձեռագրեր վերականգնելու պատասխանատու գործը, որոնք Մատենադարան են բերվել բարդ վիճակում: Կոմիտաս վարդապետի ձեռագրերը նորոգելուն զուգահեռ նա աշխատում է նաև 17-րդ դարի Հայսմավուրքի վրա: Գրիչը եղել է Տիրատուրը: Երկսյուն բոլորագիր է և ունի 419 էջ:

- Երբ ձեռագիրը եկավ Մատենադարան, բացակայում էր կապտալը, չուներ կազմ: Գիրը ջրի հանդեպ շատ զգայուն էր, և աննշան վրիպումը կարող էր վնասել ձեռագիրը: Նորից որոշեցի աշխատել չոր եղանակով: Մեծ կորուստներ կան նաև եզրազարդերի հետ կապված: Երևի ընկել է թշնամու ձեռքը, և պոկել են մանրանկարները, - ասում է նա և թերթում ձեռագրի էջերը: Մանրանկարները բարբարոսաբար քերված են: Սակայն այդ վիճակում անգամ նրանք մատնում են իրենց բարձրարժեքությունը՝ խորհրդանշելով քաղաքակրթության հաղթանակը խավարի նկատմամբ:

- Երբեմն, աշխատելով ձեռագրերի հետ (մանավանդ, երբ անցել են Ցեղասպանության արհավիրքով), զգում եմ նրանց փրկողների՝ կյանքի ու մահվան պայքարը. մարդիկ, ովքեր թողնելով ամեն ինչ՝ փրկել են մոտ 20 կգ կշռող այս կոթողները: Եվ ես մեծագույն պարտավորվածություն եմ զգում երկրորդ կյանք տալ մեր գանձերին: Այդ աշխատանքների ընթացքում է, որ վերագնահատում ես քո երկիրը, քո մշակույթը, - ընդգծում է:

Նա իր աշխատասենյակի անձեռնմխելի պահարանից հանում է 13-րդ դարի Ավետարան՝ արդեն վերականգնված վիճակում: Լուսանկարներից երևում է, որ մասնավոր հավաքածուից եկած այս արժեքավոր ձեռագիրը գտնվել է ոչնչացման եզրին: Այսօր այդ ձեռագիրն ապրում է Մատենադարանում:

- Ժամանակի ընթացքում ձեռագրերը դառնում են հարազատ ընկերներ: Եվ երբ ավարտում եմ վերականգնման աշխատանքը, դժվարությամբ եմ բաժանվում նրանցից: Մտովի անընդհատ ձեռագրերի հետ եմ: Նրանց հզորությունն ինձ ուժ է տալիս, - ասում է Արտավազդը:

Մատենադարանում և աշխարհի տարբեր անկյուններում ապրում են հազարավոր հայկական ձեռագրեր, որոնք սպասում են նոր կյանք ստանալու իրենց հերթին: Եվ մատենադարանցիների հոգատար ձեռքերի շնորհիվ նրանց հզոր ուժը զգալու են դեռ բազում սերունդներ…

 

 

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×